Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Տաշած քարերը երբեք գետնին չեն մնում» վերնագրի տակ է «Ազգ» թերթը անդրադառնում կառավարության երեկվա կադրային փոփոխություններին՝ հերթական անգամ մատնանշելով. - «Գործադիր իշխանությունում եւ նրա շուրջ գտնվող մարմիններում դիրքեր ունեցող մարդիկ, որպես յուրօրինակ ակումբի անդամներ, միշտ պահպանում են իրենց անդամատոմսերը։ Նրանք կարող են տեղափոխվել, մեկը մյուսին այս կամ այն դիրքում փոխարինել, սակայն բնավ չեն կորցնում պաշտոն ստանալու իրենց «ակումբային» անձեռնմխելի իրավունքը»:

«Հայկական ժամանակ» թերթի մատուցմամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Սահրադյանի նշանակումը կրթության եւ գիտության փոխնախարար վերջին շրջանում տեղի ունեցած ամենակարեւոր քաղաքական իրադարձություններից է. - «Հատկապես այս փուլում Սահրադյանին պաշտոն տալը շատ կարեւոր է Ռոբերտ Քոչարյանի համար: Առջեւում քաղաքական ցնցումներ են, եւ Քոչարյանն ուզում է ցույց տալ, որ իրեն ապօրինի ծառայություններ մատուցած մարդկանց շռայլ վարձատրել գիտե»:

«Հայկական ժամանակ»-ը հատուկ անդրադարձել է նաեւ Գագիկ Մարտիրոսյանի ազատմանը Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ առանձնացնելով. - «Մարտիրոսյանի ազատումը մեծ հաշվով անսպասելի է, այս պատճառով էլ որոշակի բացատրությունների կարիք է զգում: Որքան էլ տարօրինակ հնչի, վարչապետի այս որոշման մեջ կարող են քաղաքական կամ մերձքաղաքական դրդապատճառներ լինել»: Երեկ կառավարությունում կայացած խորհրդակցությունում Գագիկ Մարտիրոսյանը մի քանի նախադասություն է հնչեցրել, որոնք, թերեւս, «հարիր չեն արդի հայ պաշտոնյային». - «Մարտիրոյանը նշել է, որ հանրապետության շատ համայնքապետեր պատահական մարդիկ են, նրանց հետ հնարավոր չէ աշխատել, եւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին քննադատության է ենթարկել այդպիսի գյուղապետերին պաշտոնանկ անելու նախաձեռնություն չցուցաբերելու համար... Նախօրեին», - համադրում է «Հայկական ժամանակ»-ը, - «Ազգային ժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ ըստ էության դիմելով «Օրինաց երկրին» եւ ՀՅԴ-ին՝ Մարտիրոսյանն ասել էր. «Մի ասեք, որ ջուրը ձրի պետք է լինի, ջրի սակագինը չպետք է բարձրանա: Մի շշկռացրեք ժողովրդին, ժողովուրդն առանց այն էլ շշկռված է»:

«Վարչապետը հարցերը կտրուկ է դնում», «Վարչապետը զայրացավ», - երեկվա խորհրդակցության մթնոլորտից շեշտադրում են «Հայոց աշխարհ»-ը եւ «Ազգ»-ը:

«Արթուր Բաղդասարյանը գիտի ինչպես մսխել բյուջեն: Հիմա էլ գնում է Իտալիա», - իշխանության մյուս թեւի կյանքից արձանագրում է «Ազգ»-ը՝ ընդհանրացնելով. - «Բաղդասարյանը հետեւողականորեն շարունակում է իր նախորդի՝ Արմեն Խաչատրյանի ավանդույթները՝ արտասահմանյան տեւական շրջագայությունները։ Հայրենական հարկատուներն իրավունք ունեն տեղեկանալու, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվում բյուջեի գումարները, եւ ինչ արդյունքներ են տալիս ԱԺ նախագահի նման այցերը Հայաստանի Հանրապետությանը։ Չէ՞ որ արտասահմանյան ուղեւորությունները բավականաչափ մեծ գումարներ արժեն մեր երկրի փոքր բյուջեի համար։ Անհանդուրժելի է հատկապես, երբ Բաղդասարյանն իր հետ շրջագայության է տանում հսկայական պատվիրակություն»։

«Նախաձեռնություն» խորագրի տակ «Հայոց աշխարհ» թերթում կարեւորված է. - «Հայաստանի առաջադիմական կուսակցությունը երեկ տարածել է բավականաչափ ուշագրավ մի հայտարարություն, որով փաստորեն կոչ է անում մարդկանց արմատականների զանգվածային դրսեւորումների դեպքում համախմբվել եւ մայրաքաղաքի փողոցներ դուրս գալ ի պաշտպանություն երկրի ներքին կայունության»: Իսկ ի՞նչ են նման դեպքում պատրաստվում անել կառավարող կոալիցիայի կուսակցությունները: Հանրապետականներից Գագիկ Մինասյանը «Հայոց աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Կառավարող կոալիցիայի հիմնական խնդիրը ժողովրդի մեջ աշխատանք տանելն է եւ աննպաստ զարգացումները կանխելը՝ մինչեւ սաղմնավորումը: Կան իրական ծրագրեր, որոնք արդեն մշակված են, մի մասը դրված է գործողության մեջ, եւ հասարակության յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր ընտանիք կզգա դրա պտուղները... Դե, իսկ եթե ընդդիմության կողմից փորձ արվի լարել իրավիճակը, խոչընդոտել պետական կառույցների աշխատանքը, ապա չեմ բացառում, որ կոալիցիայի կուսակցությունները միասնաբար հանդես գան ընտրողներին ուղղված կոչով՝ այդպիսով լիցքաթափելով իրավիճակը», - նախանշում է Գագիկ Մինասյանը: «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը հավաստիացնում է. - «Անցանկալի զարգացումների դեպքում մեր կուսակցությունը միանգամայն ունակ է կոչով դիմել իր ընտրողներին, որ չենթարկվեն որեւէ տեսակի սադրանքների»: Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, իր հերթին, արձագանքում է. - «Այդպիսի զարգացման դեպքում կոալիցիայի կուսակցությունները միանգամայն կարող են հանդես գալ համապատասխան քաղաքական հայտարարությամբ, որը, սակայն, ուղղված պիտի լինի ողջ ժողովրդին, ոչ թե միայն մեր ընտրողներին»:

«Մենք չենք կարող աջակցել «իշխանափոխություն՝ հանուն իշխանափոխության» սկզբունքին։ Ժողովրդի մի մասին մյուսի դեմ հանելն անընդունելի է», - երեկ նման դիրքորոշում է արտահայտել ՀԿԿ (Հայաստանի կոմունիստական կուսակցություն) առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ «Առավոտ» թերթի հարցազրույցում այսօր ՀԿԿ կենտկոմի անդամներ Խորեն Սարգսյանն ու Նորիկ Պետրոսյանը հակադրվում են իրենց զգուշավոր ղեկավարին: «ՀԿԿ մեծամասնությունը պահանջել է, որ մենք պետք է մասնակցենք իշխանափոխության միտինգներին», - ասում է Խորեն Սարգսյանը։ - «ՀԿԿ-ն ողջունում է ընդդիմության քայլերը, միանում է ընդդիմության շարժմանը, մասնակցելու է միտինգներին, եւ իշխանափոխությունը լինելու է։ Իսկ Ռուբեն Թովմասյանի դիրքորոշումը կպարզենք՝ մեզ մոտ երկու կարծիք լինել չի կարող»։ Նորիկ Պետրոսյանն էլ ընդգծում է. - «Տարօրինակ է, որ ժողովրդին վախեցնում են «հեղափոխություն» բառով։ Դա չի նշանակում անպայման զինված ապստամբություն։ Այսօր ժողովրդի զինվածությունն իր կամքն ու ստորագրությունն է։ Ինչքանո՞վ նա կկանգնի փողոցում եւ կասի՝ քեզ չեմ ուզում, ինչքանո՞վ չի կաշառվի։ Սա է խնդիրը»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG