Մատչելիության հղումներ

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ով ընդգրկված էր վարչապետի հանձնարարականով այս ամիս մարզեր այցելած կառավարության անդամների գրեթե բոլոր խմբերում, գոհ է դրանց արդյունքներից:

Գյուղացիների հետ հանդիպումները, նախարարի խոսքերով, իրեն շատ բան տվեցին: «Գոնե ինձ համար այդ այցերը շատ ու շատ դրական նշանակություն են ունեցել», - երեքշաբթի օրը լրագրողներին ասաց Լոքյանը: - «Ես ուղղակիորեն եմ հարաբերվել գյուղացու հետ, լսել եմ իր պրոբլեմը եւ ասեմ, որ բարձրացված պրոբլեմներից մի քանիսի ուղղակի լուծումը ես ունեմ: Եվ ինձ որոշակի ոչ մեծ ժամանակ է պետք, որպեսզի այդ լուծումները բոլորի համար տեսանելի լինեն»:

Մարզերի բնակիչների հետ հիմնականում ոչ դյուրին հանդիպումների ընթացքում հնչած դժգոհությունները Լոքյանը բնական է համարում: «Շատ նորմալ է, որ գյուղացին պիտի իշխանություն հայհոյի, շատ նորմալ է, որ գյուղացին պիտի պահանջի», - ասաց նա: - «Բա որ գյուղացին չպահանջեր, մենք այսքան արագ տրակտորի հարց կլուծեի՞նք, լիզինգի հարց կլուծեի՞նք: Չէինք լուծի»:

Նախարարը անդրադարձավ գյուղացիներին հուզող բոլոր խնդիրներին, նկարագրեց դրանց լուծման հնարավորությունները: Նրա տեղեկացմամբ, ներկրվել է հակակարկտային ժամանակակից տեխնիկա, պարարտանյութերի ու թունաքիմիկատների ներկրումը առաջիկայում լիցենզավորվելու է, ներկրվելու են միայն լավագույն սերմերը եւ այլն:

Դավիթ Լոքյանը հավաստիացրեց, որ պետությունը ամենայն կերպ աջակցելու է գյուղատնտեսության զարգացմանը:

«Մեր երկրում ամենաբարձրագույն իշխանությունը հետեւողականորեն փորձում է գյուղատնտեսության ոլորտին լուրջ աջակցություն, լուրջ օժանդակություն ցուցաբերել», - վստահեցրեց նախարարը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG