Մատչելիության հղումներ

«Վարդերի հեղափոխությունը Հայաստանում չի կրկնվի»


«Հայաստանի ընդդիմությունը, ոգեւորված հարեւան Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի պաշտոնանկմամբ, ենթադրում է, որ այդ օրինակը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում», - գրում է «Էկոնոմիստ» բրիտանական հեղինակավոր շաբաթական հանդեսի հետազոտական խումբը՝ եզրակացնելով սակայն. - «Վարդերի երկրորդ հեղափոխություն չի լինի»:

Ըստ բրիտանացի վերլուծաբանների, Ռոբերտ Քոչարյանը գուցեեւ ժողովրդականություն չի վայելում Հայաստանում, բայց քաղաքական դաշտի նկատմամբ նրա վերահսկողությունը, որն ամրապնդվում է նրան սատարող Հանրապետական կուսակցության էական ներկայությամբ տեղական մարմիններում, շատ ավելի ուժեղ է, քան Շեւարդնաձեինը»:

«Եթե նույնիսկ իշխող կոալիցիայի ներսում տարաձայնություններ ծագեն զգայուն հարցերում՝ ասենք, Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրում, ինչը ստիպի կոալիցիայի կրտսեր գործընկերներից մեկին՝ «Օրինաց երկիր»-ին կամ Դաշնակցությանը, դուրս գալ կոալիցիայից, Հանրապետականը միեւնույն է բավարար ազդեցություն կպահպանի խորհրդարանում եւ տեղական մարմիններում իշխանությունը պահելու համար», - կարծում են «Էկոնոմիստ»-ի մասնագետները:

Նրանց գնահատմամբ, ի տարբերություն Վրաստանի, որտեղ երկու առաջատար ընդդիմադիր ուժերը միավորեցին իրենց ջանքերը հանուն Շեւարդնաձեին տապալելու, Հայաստանի ընդդիմության ներսում պայքար է ընթանում առաջնորդի դերը ստանձնելու համար եւ տարաձայնություններ կան մարտավարական հարցերում, ինչը թուլացնում է Քոչարյանին իշխանությունից զրկելուն ուղղված ընդդիմության ջանքերը:

Բրիտանացի փորձագետները նաեւ գտնում են, որ Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, չկա անկախ մամուլ: «Ա1+»-ին եթերից զրկելուց հետո Հայաստանի բոլոր լրատվամիջոցները (նկատի են առնվում էլեկտրոնային լրատվամիջոցները) այս կամ այն կերպ կապեր ունեն իշխող ուժերի հետ կամ կենսականորեն շահագրգռված են, որպեսզի ստատուս քվոն պահպանվի: «Էկոնոմիստ»-ի հետազոտող խումբը նաեւ հիմնավորում է՝ թեեւ ոչ կառավարական կազմակերպությունների թիվը Հայաստանում ավելանում է, քաղաքացիական հասարակությունն այդ երկրում այնքան զարգացած չէ, որքան Վրաստանում:

Բրիտանացի վերլուծաբանները եզրակացնում են, որ, ի տարբերություն իր վրացի պաշտոնակցի, Ռոբերտ Քոչարյանը կպահպանի իշխանությունը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG