Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, Հայաստանում առաջիկա զարգացումները կարծես ենթարկվելու են ոչ թե խաղաղ ընթացքի, այլ առճակատման, այսինքն՝ ռազմի տրամաբանությանը, մասնավորապես՝ «առճակատման մթնոլորտի վկանություն են տեղաշարժերը ոստիկանությունում ու դատախազական համակարգում»: «Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա «Արդարության» եւ «Ազգային միաբանության» միջեւ ընթանում են բանակցություններ՝ կտրուկ գործողություններ սկսելու ժամկետները համաձայնեցնելու ուղղությամբ», - նշվում է «Իրավունք»-ում: - «Ճիշտ է, պարզ չէ, թե կոնկրետ ժամկետ հայտարարելուց եւ գործողությունները սկսելուց հետո որն է լինելու հաջորդ քայլը, բայց այս գործընթացում բավականին մեծ դեր ունեն ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների տրամադրություններն ու հաշվարկները, այլեւ այն հանգամանքը, որ կա կտրուկ գործողությունների հանրային պահանջարկ: Այնպես որ՝ շատ մեծ է հավանականությունը, որ ապրիլ ամսվա ինչ-որ մի օրվանից կսկսվի իշխանություն - ընդդիմություն կարծր հակամարտությունը», - բխեցնում է մեկնաբանը: - «Քաղաքական իրադարձությունները Հայաստանում այժմ մտնում են սուր առճակատման անկանխատեսելի փուլ»:

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, այս օրերին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը բանակցություններ է վարում «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ՝ համազգային շարժումը ապրիլին «սկսելու եւ չձգձգելու համար»: Բայց այդ բանակցությունները առայժմ որեւէ արդյունք չեն տալիս. - «Ու արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ «Արդարություն» դաշինքն այս անգամ էլ է միայնակ գործելու»: Իսկ ի՞նչ է ծրագրել «Արդարություն» դաշինքը եւ ի՞նչ է ակնկալում ժողովրդից: Այս առումով ուրվագծվում է. - «Եթե մոտ 100-150 հազար մարդ երկու-երեք շաբաթ չլքի Բաղրամյան պողոտան, իշխանություններին կմնա՝ նշանակել արտահերթ նախագահական ընտրությունների օրն ու հեռանալ: «Արդարություն» դաշինքի օպերատիվ շտաբի պետ Վիկտոր Դալլաքյանը չի կասկածում, որ առնվազն 100 հազար ցուցարար իրենք բերելու են»: Հավաստիացվում է եւ, թե հստակ հաշվարկել են իշխանությունների բոլոր հնարավոր քայլերը, եւ «բոլոր այդ քայլերի դեպքում ունեն իրենց անվրեպ հակաքայլերը»: «Այսպիսով, թե' ընդդիմությունը, թե' իշխանությունը պատրաստվում են կենաց եւ մահու պայքարի: Հայտնի է նաեւ ճակատամարտի վայրը՝ Բաղրամյան պողոտա: Իսկ թե երբ է տեղի ունենալու ճակատամարտը, եւ ինչ միջոցներ են օգտագործվելու այդ մարտի ընթացքում, այս պահին դժվար է ասել», - խտացված է «Հայկական ժամանակ»-ում: Սերժ Սարգսյանի արտահայտությունից էլ, թե՝ «դեռ կտեսնենք՝ ով՝ ում կսատկացնի», այստեղ եզրակացված է. - «Պաշտպանության նախարարը հստակ ասում է, որ բանակը, դուրս գալով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, իր վրա է վերցնելու հասարակական կարգի պաշտպանությունը, անհրաժեշտության դեպքում՝ զբաղվելով սրան-նրան սատկացնելով»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այդ հակասպառնալիքին, Հայկոմկուսի քարտուղար Խորեն Սարգսյանը «Առավոտ» թերթում ասում է. - «Մեր մեծերը մի խոսք ունեն, թե արջը միշտ էլ վախից է գոռում. թեեւ չէի ցանկանա իրեն այդ հզորությունը վերագրել այս համեմատությամբ»: «Սպառնալիքները չեն խոսում իմաստնության կամ իրավիճակը ճիշտ հասկանալու մասին», - իր հերթին արձագանքում է Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը: - «Կարծում եմ, որ որեւէ մեկին չեն վախեցնում նման սպառնալիքները»: Արտաշես Գեղամյանը «Առավոտ»-ում կրկին մատնանշել է. - «Ինձ համար անհասկանալի է մնում, թե ինչու մեր համարձակ պաշտպանության նախարարն այդպես էլ ընթացք չտվեց 2003-ի մայիսին իր հասցեին արված այն հայտարարությանը, որի համաձայն՝ ինքը Հայաստանում կաշառակերության եւ կոռուպցիայի կնքահայրն է... Մինչ օրս էլ նա պատիվ չի պահանջել ու դատի չի տվել նրանց, ովքեր հրապարակեցին, թե Սերժ Սարգսյանը խոշոր գումարներ է տանուլ տվել Մոնտե-Կառլոյի կազինոյում: Իսկ եթե նա չի գտնում այդ հարցերի պատասխանը՝ ավելորդ եմ համարում գռեհիկ ինչ-որ արտահայտությունների հակադարձելը»:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի արձանագրմամբ, «միակ բանը, ինչին ընդդիմությունը կարողացել է հասնել հինգ տարվա ընթացքում այսօր-վաղը իշխանափոխություն իրականացնելու անընդհատ հայտարարություններով, այն է, որ մեր հասարակության որոշակի շերտ հարմարվել է մտքին, թե վաղաժամ հրաժարական լինելու է. ի վերջո, ընդդիմությունը հո անվերջ չի՞ ձախողվելու...»: «Նախագահի հրաժարականի անխուսափելիությունը թերեւս միակ կետն է, ուր Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի եւ Արամ Սարգսյանի դիրքորոշումները համընկնում են», - գրում է մեկնաբանը: - «Բայց երբ գործը հասնում է որոշակիության, պարզվում է՝ այդ երեքի շահագրգռությունները տարբեր են, նրանք տարբեր խնդիրներ են լուծում այս փուլում: Եթե հիմա ընդդիմությունը դուրս գա, այսպես ասած, վերջին ու վճռական մարտի, ապա ցանկացած ելքի դեպքում կշահի միայն Արամ Սարգսյանը. Դեմիրճյանն ու Գեղամյանը ավելի շատ կորցնելու բան ունեն», - համեմատվում է «Գոլոս Արմենիի»-ում:

«Վերջին շաբաթների ընթացքում «Արդարություն» դաշինքի կողմից մարզերում կազմակերպվող ոչ մարդաշատ հանրահավաքների առաջ բերած աննշան լարվածությունը ամենեւին էլ չի համապատասխանում ժողովրդին ոտքի հանելու եւ իշխանափոխություն իրականացնելու մասին նրա առաջնորդների ավելի քան տարօրինակ հայտարարությունների բովանդակությանը», - ձեւակերպում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Հայաստանում սոցիալական «բունտի» նախադրյալները, որ կային 1990-ական թվականներին, ներկայումս ոչ միայն նկատելիորեն թուլացել են, այլեւ լուրջ չեն ընդունվում շատերի կողմից»: Այս ելակետից «Հայոց աշխարհ»-ում վարկած է առաջ մղվում, թե ընդդիմության այս աննախադեպ ակտիվացումը պայմանավորված է ոչ թե երկրի խոր ճգնաժամի մասին հանպատրաստից ասպարեզ նետվող հայտարարություններով, այլ այն նոր միջազգային-քաղաքական կացությամբ, որի մեջ հայտնվել է Հայաստանը վերջին ամիսների ընթացքում: Եվ ազդակը ամենեւին էլ վրացական «վարդերի հեղափոխության» արտահանման մեջ չէ, այլ նրա, որ Եվրամիությունը եւ մանավանդ ԱՄՆ-ը սկսել են հետեւողական ջանքեր գործադրել՝ փոխելու տարածաշրջանում Հայաստանի ունեցած ավանդական «աշխարհաքաղաքական ստատուսը»: Տեսաբանն ակնարկում է, մասնավորապես, թե ընդդիմության գործողությունների գրաֆիկը հարմարեցված է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ, ընդգծված պահպանողական, ամերիկյան վարչակազմում «բազեի» համարում ունեցող Ռիչարդ Արմիթիջի տարածաշրջանային այցին:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG