Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 20-ը մարտի)

«Այսօր ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հրապարակային հանդիպումներում հաճախ են ուժային կառույցների ներկայացուցիչներին ուղղված կոչեր հնչեցնում՝ նրանց հորդորելով ժողովրդական հուզումների դեպքում չպաշտպանել Քոչարյանի վարչակազմին: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, վերջին շրջանում իրավապահ համակարգում փոփոխություններ ձեռնարկելով, ուզում է ցույց տալ, որ այդ կառույցները գտնվում են իր լիակատար հսկողության ներքո», - զուգահեռում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ոստիկանության ղեկավար կազմի հետ նախագահի ուրբաթ օրվա հանդիպման մասին հաղորդագրություն տարածելն էլ տեսնելով լրացուցիչ ցուցադրում, որ ուժային համակարգի հետ աշխատանքը շարունակում է մնալ Քոչարյանի ամենօրյա աշխատանքի օրակարգում:

1995-ին ազգային անվտանգության կառույցը ղեկավարած Սերժ Սարգսյանը, որը եւ բացահայտել էր «Վահան Հովհաննիսյան+30» գործը, ուրբաթ օրը «Այբ-ֆե»-ում հրապարակված հարցազրույցում ասել է. -«Ով փորձի անօրինական ճանապարհով իշխանություն փոխել, օրենքի ամբողջ ծավալով ստանալու է... Ովքեր ասում են՝ սատկացնելու ենք, ովքեր ասում են՝ ջարդելու ենք, ուրեմն՝ ժամանակը կգա եւ կտեսնենք, թե ով ում է սատկացնելու»: Մեջբերելով սա՝ «Առավոտ» թերթի մեկնաբանը համադրել է. - «Ինչպես կասեր Քոչարյանը՝ «անցել ենք այդ ժամանակներով» ու աչքի առաջ ունենք, որ այդ «սատկացնելը» թերեւս նշանակում է հետո ԱԺ փոխնախագահի պաշտոն տալ կամ երկրի ղեկավարությանը մերձ որեւէ այլ տեղ»: Այստեղ բերելով եւ լրատվամիջոցներում Վահան Հովհաննիսյանի ընդգծածը, թե իշխանությունը բռնի գործողություններով տապալել Հայաստանում հնարավոր չէ, դրա փորձն անգամ ցանկալի չէ՝ մեկնաբանը ավելացնում է. - «Այս հայտարարությունների հեղինակը մի մարդ է, որը 1995-ին մեղադրվում էր զինված հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ, իսկ հետո դատապարտվեց հեղաշրջման կոչեր անելու համար: Եվ իրադրության փոփոխության հիմքով ազատ արձակվելուց հետո էլ... հայտարարեց, թե շատ էլ լա'վ են արել: Ստացվում է՝ իրենց կարելի էր փորձել բռնությամբ տապալել իշխանությունը, իսկ այս պարագայում՝ «ցանկալի չէ»:

Գլխավոր դատախազի փոփոխությանն առնչվող հարցին պատասխանելով՝ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը ակնարկել էր. - «Այն, ինչ որ դուք մտածում եք, այո, դա էլ կա»: «Եվ այսպես, ինչ ենք մենք մտածում», - անդրադառնում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Աղվան Հովսեփյանին նշանակելու հաջորդ օրը մեր թերթում հրապարակում եղավ այն մասին, որ այս նշանակումը պայմանավորված է ներքաղաքական իրավիճակով: Այսինքն, իրավիճակի էլ ավելի սրման պարագայում իրավապահ մարմինները ռեպրեսիաներ են սկսելու, իսկ նախկին դատախազը կարող էր եւ նման իրավիճակում գործելու համապատասխան «կամք» չդրսեւորել»: Մեկնաբանը նախագահի ուրբաթ օրվա ճեպազրույցի մի դրվագից էլ խտացնում է. - «Պետական այրերի համեստության մասին Քոչարյանը խոսեց նաեւ անցած շաբաթ համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Եվ փորձը ցույց է տալիս, որ դրա մասին Քոչարյանը ստիպված է լինելու շատ հաճախ խոսել»:

«Բիրդան աղաներ» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ը առաջին էջին ներկայացնում է «Տրիումֆ» սրճարանի «մաուզերիստ», քաղաքաշինության նախարար Արամյանի 24-ամյա որդուն պատկանող թանկարժեք ջիփը, որն արդեն մեկ շաբաթ՝ հայտնի միջադեպից հետո, կայանված է ոստիկանության բաժանմունքի մոտ: «Դժվար է ենթադրել, որ այս մեքենան 24-ամյա նախարարայազնը վաստակել է սեփական քրտինքով: Ավելի հավանական է, որ սա նրա հայրիկի նվերն է, կամ էլ՝ հայրիկի «ընկերներից» մեկի: Այս մեքենան մեզ եւս մեկ անգամ ստիպում է խորհել, թե ինչ է նշանակում օրինաց երկիր, որովհետեւ հենց այդ երկրի ջատագովն է քաղաքաշինության նախարար Արա Արամյանը», - մակագրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայաստանյան պաշտոնյան ծեփված է ասես ինչ-որ հատուկ կեղտից», - որակում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Հայրենասիրական թեմաներով ճամարտակել սիրող այդ գողը իրականում մեր պետականության գլխավոր խնդիրն է: Վերջին տասնամյակի ընթացքում պաշտոնյաները ազգային գաղափարը նյութականացրել են ամենաուղղակի իմաստով՝ յուրացնելով եւ դրսից, սփյուռքից եկող օգնությունները: Այդ թվում՝ եւ «Լինսի» հիմնադրամով հատկացված... Երբեմն թվում է», - ամփոփում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը, - «որ չլինեին Թուրքիան եւ Ադրբեջանը, մեր չինովնիկները դրանք կհնարեին, որպեսզի մեր այսօրվա վիճակի համար մեղքը իրենցից հեռացնեին»:

«Ինչ-որ համակարգող շտաբի ստեղծումից հետո արմատականների հայտարարությունները էլ ավելի ամպագոռգոռ են դարձել: Այս պահին ինչպե՞ս եք գնահատում նրանց շանսերը» հարցին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում պատասխանել է. - «Շտաբի ստեղծումը եւ այդ կարգի հայտարարությունների մեծ մասը հիմնականում քարոզչական հնարքներ են: Եթե իրական գործողությունների հնարավորություն լիներ, այդ մասին օրումեջ չէր հայտարարվի: ուցե եւ կհաջողեն որոշ հանրահավաքներ կազմակերպել եւ իրենց կողմը գրավել բնակչության որոշակի զանգված, բայց չեմ կարծում, թե դա իրական հիմք կդառնա իշխանափոխության համար»: «Իշխանությունների դեմ իր քարոզչությունն ընդդիմությունը իրականացնում է՝ հիմնականում մատնանշելով երկրի նախագահին կամ պաշտպանության նախարարին: Կոալիցիայի նկատմամբ նրանք ավելի հանդուրժող են, անգամ ակնարկում են, որ ձեզ հետ պրոբլեմ չունեն, ուզում են միայն նախագահին պաշտոնանկ անել: Կոալիցիայի որոշ պասիվությունն իր հերթին տպավորություն է ստեղծում, թե կոալիցիան ինչ-որ տեղ կուլ է տալիս այս խայծը»: Լրագրողի այս հարցադրմանը Սամվել Նիկոյանը արձագանքում է. - «Դա ընդդիմության կողմից փորձված, բայց նույնքան էլ անարդյունավետ տակտիկական քայլ է: Քանզի իշխանության համակարգը չի անձնավորվում երկրի նախագահով կամ պաշտպանության նախարարով: Իրականում իշխանության գլուխ է քաղաքական թիմը եւ այդ թիմը պառակտել չի հաջողվի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG