Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը պնդում է, որ 2001 թվականին Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածություններ եղել են


Հայաստանի արտգործնախարարությունը, ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի՝ ադրբեջանական հեռուստատեսությամբ արած հայտարարության, թե քանի որ Քի Ուեսթի պայմանավորվածությունների մասին ստորագրված փաստաթուղթ չկա, ուրեմն որեւէ պայմանավորվածություն չկա, այսօր հայտարարել է, թե Գուլիեւը այդ պնդմամբ փաստորեն ընդունել է, որ «պայմանավորվածությունների վերաբերյալ կա գրավոր փաստաթուղթ»:

Ադրբեջանի արտգոծնախարարը նշված հարցազրույցում ասել էր, թե ինքը դա պնդել էր անցած շաբաթ Բրատիսլավայում «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» խորհրդաժողովի ժամանակ Հայաստանի արտգոծնախարար Վարդան Օսկանյանի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Գուլիեւի խոսքերից պետք չէ ենթադրել, որ պայմանավորվածություններ չկան:

«Ընդհակառակը», - ասաց Գասպարյանը, - «Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը վերջապես ընդունեց, որ Փարիզի եւ Քի Ուեսթի բանակցությունների պայմանավորվածությունների վերաբերյալ կա գրավոր փաստաթուղթ, թեեւ այն դեռեւս ստորագրված չէ»:

«Եթե այն [փաստաթուղթը] ստորագրված լիներ, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եւ մենք այլ բնույթի հարցերի շուրջ կպայմանավորվեինք», - շարունակեց Համլետ Գասպարյանը: - «Այնուամենայնիվ, քանի որ Ադրբեջանն ընդունում է վերոհիշյալ պայմանավորվածությունների փաստը, հույս ունենք, որ առաջիկայում բանակցությունները կշարունակվեն հենց այդ կետից»:

Ըստ տարբեր աղբյուրների, 2001 թվականին Քի Ուեսթում համաձայնեցված տեքստը մոտ 20 էջանոց փաստաթուղթ է, որը պետք է ստորագրվեր նույն ամռանը Ժնեւում կայանալիք՝ սակայն այդպես էլ չկայացած համաժողովում:

ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրական գործընթացների ավարտից հետո ջանում է աշխուժացնել բանակցային գործընթացը: Հակամարտող կողմերը, սակայն, մեծ ոգեւորություն չեն ցուցաբերում: Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների նախաձեռնությամբ մարտի 29-ին Չեխիայի մայրաքաղաքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ համանախագահների մասնակցությամբ:

Արտգործնախարարության խոսնակի փոխանցմամբ, Պրահայի հանդիպման հստակ օրակարգ առայժմ չկա: Գասպարյանը ասաց սոսկ, թե ենթադրվում է, որ հանդիպումը անցկացվում է «որոշ հստակեցումներ» անելու նպատակով:

Նույն հեռուստատեսային հարցազրույցում Գուլիեւը ասել էր, թե Հայաստանի նախագահը պիտի մասնակցեր Բրատիսլավայի խորհրդաժողովին, սակայն, երբ պարզվել է, որ Սլովակիայի մայրաքաղաք է գալու նաեւ Իլհամ Ալիեւը, Քոչարյանը հրաժարվել է մասնակցությունից՝ «խուսափելով» Իլհան Ալիեւի հետ հանդիպումից:

Հայաստանի նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը հերքեց Գուլիեւի պնդումները՝ ասելով, որ նախագահի արտասահմանյան այցելությունների աշխատանքային գրաֆիկում Բրատիսլավան ի սկզբանե չկար:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահի նախկին բանագնաց, ներկայումս պաշտոնաթող արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, մինչդեռ, այսօր «Ազատություն» ռադոիկայանի հետ հարցազրույցում ասել է, որ Չեխիայի մայրաքաղաքում մարտի վերջին կայանալիք հանդիպումը Գուլիեւի եւ Օսկանյանի միջեւ կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի ամենամոտ ապագայում երկու երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ:

Կազիմիրովի կարծիքով, նախագահների հանդիպումներից էլ արդյունք կարելի է ակնկալել միայն այն դեպքում, եթե նրանք տպավորություն չստեղծեն, թե հակամարտությունը կարգավորվելու է մոտ ապագայում, այլ պարզապես արձանագրեն հակամարտության լուծման ճանապարհին ուժ կիրառելուց հրաժարվելու իրենց վճռականությունը, ինչը հնարավորություն կտա «մեկ առ մեկ քանդել խնդրի առանցքը կազմող բազմաթիվ հանգույցները»:


Հրաչ Մելքումյան, Երեւան եւ Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG