Մատչելիության հղումներ

Ուժային կառույցները էլ ավելի են ուժեղացվելու


Ուրբաթ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ շարունակվելու են ուժային կառույցների ուժեղացմանն ուղղված քայլերը: Երեւանի Կենտրոն համայնքապետարան այցելելուց առաջ, որտեղ նախագահը նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին, նա արդեն նախագահական նստավայրում խորհրդակցություն էր անցկացրել ոստիկանության ղեկավար կազմի հետ:

Նախագահի մամլո ծառայության ժլատ հաղորդագրությունը փոխանցում է սոսկ, որ քննարկվել են «համակարգի գործունեության հետ կապված հարցեր»: Արդեն Կենտրոնի համայնքապետարանում Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ քայլեր են ձեռնարկվում ուժային կառույցները ուժեղացնելու նպատակով:

«Կլինեն նաեւ որոշակի կադրային լուծումներ դատախազությունում, բացի գլխավոր դատախազից», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Այո, ուժեղացնում ենք այդ մարմինները, ուժեղացնում ենք բոլոր առումներով»:

Նախագահը պարզաբանեց, որ դա արվում է ե'ւ կարգուկանոն հաստատելու, ե'ւ կոռուպցիայի դեմ պայքարը ակտիվացնելու տեսանկյունից:

Կրկնելով գլխավոր դատախազության կոլեգիայի անդամներին Աղվան Հովսեփյանին ներկայացնելիս երեկ ասածը, թե դատախազության հեղինակությունը պետական համակարգում որոշակի անկում է ապրել, նախագահը ասաց, որ այն պետք է վերականգնել:

«Դա պետք է վերականգնել, եւ վերականգնել մարդկանցով, որոնք իրենց կամային նաեւ հատկություններով ի վիճակի են դա անել», - ասաց նա՝ ծիծաղով ավելացնելով. - «Այն, ինչ դուք մտածում եք, այո, դա էլ կա: Եթե դա է ձեզ հետաքրքրում: Եվ տեսնելու եք ինչ աստիճանի կա»:

Դրանով նախագահը փաստորեն ընդունեց, որ ուժային կառույցների ուժեղացումը, դրանցում կատավող կադրային փոփոխությունները նաեւ կապված են արմատական ընդդիմության ակտիվացման հետ:

Պատասխանելով հարցին, թե գուցե «կա» նաեւ այն, ինչ մտածում է ընդդիմությունը, թե այդ մարմինների ուժեղացումը իշխանության հոգեվարքի նշաններ են, նախագահը ասաց. - «Դրանք որակում եմ գարնանային սրացումների արտահայտություն»:

Ասելով՝ թե ասվածից ավելի չի կարող ասել, նախագահը, այդուհանդերձ, շարունակեց. - «Քաղաքական դաշտում բոմժի հոգեբանությունը երկրի համար ուղղակի վտանգավոր է»:

«Կենցաղի հետ կառավարությունը առնչություն չպետք է ունենա», - Կենտրոնի թաղապետարանում ասաց Քոչարյանը: - «Եթե որեւէ տեղ կենցաղային խնդիր կա, մարդիկ չպետք մտածեն նախագահի մասին, վարչապետի կամ կառավարության մասին»:

Նախագահի խոսքերով, այդպիսի երկրում երբեք կայունություն չի լինի: Կյանքի որակի բարելավման ճանապարհին պետք է բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու պատասխանատվությունը: Մարդիկ պետք է իմանան, թե ում դիմեն իրենց կյանքի որակի խնդիրներով: Իսկ դա, Քոչարյանի խոսքերով, տեղական մարմինների գործն է, քանի որ դրանք ժողովրդին ավելի մոտ են:

«Մեկ-մեկ գիտեք ասում են, դեռ համայնքները կայացած չեն», - ասաց նախագահը: - «Եթե լիազորություն չտաս, չի էլ կայանալու երբեք»:

Ուստի եկել է լիազորություններ փոխանցելու պահը: Հաջորդ շաբաթ արդեն նախագահի նստավայրում կանցկացվի եւս մեկ խորհրդակցություն՝ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ գտնելու լուծումներ, որոնք հնարավորություն կտան ավելի լիարժեք իրականացնել այս գործընթացը:

Անդրադառնալով բուն Կենտրոն համայնքում հողօգտագործման եւ հողահատկացումների առումով օրինախախտումներին, նախագահ Քոչարյանը ասաց, որ քաղաքապետարանի պարտականությունն է դեռեւս շինարարության ընթացքում վերահսկել:

«Եթե կան ակնհայտ խախտումներ, ուղղակի պետք է դնել եւ քանդել: Եվ այդ կամքը ունենալ՝ մտնել դատարան, թույլտվությունը ստանալ եւ քանդել», - քաղաքապետարանի անելիքը ուրվագծեց նախագահը: - «Ես կարծում եմ, որ քաղաքապետարանը եւ քաղաքապետը այդ վճռականությունը ունի ե'ւ քաղաքական տեսանկյունից, ե'ւ անձնական: Ես այստեղ որեւէ պրոբլեմ չեմ տեսնում»:

Արծարծվեց նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը ընտրովի դարձնելու հարցը: Նախագահի կողմից Երեւանի քաղաքապետին նշանակելը ամրագրված է Սահմանադրության մեջ: Նախագահը, այդուհանդերձ, այսօր հնչեցրեց նաեւ այլ պատճառ. - «Մեկ երրորդն է հանրապետության Երեւան քաղաքը, եւ այստեղ եթե քաղաքապետը ընտրովի է եւ ստեղծվի մի իրավիճակ, երբ քաղաքապետը ներկայացնում է, օրինակ, ընդդիմությունը, եւ նախագահը կամ կառավարությունը այլ կոնֆիգուրացիա ունի քաղաքական առումով, բավական մեծ կոնֆլիկտի ներուժ կպարունակի այս իրավիճակը»:

«Նման իրավիճակ եթե ստեղծվի հատկապես հաշվի առնելով մեր քաղաքական դաշտի ռադիկալության գործոնը, մենք կարող ենք շատ մեծ խնդիր ստեղծել երկրի համար», - եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG