Մատչելիության հղումներ

Երեւանում կանցկացվի միջազգային երիտասարդական կինոփառատոն


«Մաքսլիբերտի»-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչներից Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ամբիոնի վարիչ, կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը ասաց, որ կինոփառատոնի դռները բաց են բոլոր ցանկացողների համար: Ընդունվում են ինչպես կինոժապավենի, այնպես էլ տեսաժապավենի վրա նկարահանված կինոնկարների երիտասարդ հեղինակների հայտերը:

«Մեր ինստիտուտի կինոյի բաժնում, որտեղ պատրաստվում են ռեժիսորներ, օպերատորներ,նկարիչներ, սցենարիստներ, կինոքննադատներ, տեխնիկական բազան բավական հագեցված է, եւ ուսանողները ֆիլմեր են նկարահանում», - ասաց նա՝ ավելացնելով, որ կինոյի մասնագետներ են պատրաստվում նաեւ հայաստանյան այլ բուհերում, եւ վաղուց արդեն հասունացել էր երիտասարդական կինոփառատոն անցկացնելու անհրաժեշտությունը:

Վաթինյանի փոխանցմամբ, փառատոնի մասնակցության հայտեր են ստացվել նաեւ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կինոինստիտուտներում սովորող երիտասարդներից:

Ստացված բոլոր հայտերը կենթարկվեն հեղինակավոր ժյուրիի քննությանը, եւ դրանցից միայն լավագույնները կցուցադրվեն փառատոնի շրջանակներում:

«Ժանրերի իմաստով սահմանափակում չկա», - ասաց Վաթինյանը: - «Կան գեղարվեստական ֆիլմեր, վավերագրական ֆիլմեր, երաժշտական հոլովակներ: Կարող ենք ցուցադրել անգամ գովազդային հոլովակներ՝ եթե դրանք նկարահանված լինեն գեղարվեստական բարձր որակով»:

Ռուդոլֆ Վաթինյանը առայժմ չասաց, թե կոնկրետ ովքեր են փառատոնի հովանավորները:


Արմինե Գեղամյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG