Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Այբ-Ֆե» թերթն այսօր ներկայացնում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ իր թղթակցի այսպիսի մի երկխոսություն. «Արդարություն» դաշինքը հայտարարել է, որ ապրիլ ամսին իրականացնելու է իշխանափոխություն: Եթե սկսվի գործընթացը խաղաղ հանրահավաքներով, հնարավո՞ր է, որ բանակը խառնվի կամ, կամ բերվի մարտական վիճակի» հարցին Սարգսյանը պատասխանել է. - «Ես իմ լիազորությունների ամբողջ թափով օժանդակելու եմ հասարակական կարգի պատշպանությանը: Ի՞նչ է նշանակում, թե ասել են՝ իշխանափոխություն է լինելու: Այսինքն՝ ինչպե՞ս է լինելու իշխանափոխությունը: Օրինակա՞ն ճանապարհով: Օրինական ճանապարհով՝ խնդրեմ»: Իսկ օրինական ճանապարհով իշխանություն վերցնելու ձեւը, ըստ նախարարի, ընտրություններն են: «Բայց ընտրությունները տեսնում ենք մեր երկրում ինչպես են ընթանում», - ասում է թղթակիցը՝ ստանալով հետեւյալ պատասխանը. - «Այո, տեսնում ենք, որ գնալով բարելավվում են, որ ուրիշ երկրների համեմատ լավ են լինում: Իսկ ով փորձի անօրինական ճանապարհով իշխանություն փոխել, օրենքի ամբողջ ծավալով ստանալու է: Եվ ուզում եմ զգուշացնել բոլոր այն դուրսպրծուկներին, ովքեր անձնական վիրավորանքներ են հասցնում, ովքեր ասում են՝ սատկացնելու ենք, ովքեր ասում են՝ ջարդելու ենք. ուրեմն ժամանակը կգա եւ կտեսնենք, թե ով ում է սատկացնելու»:

«Ոստիկանության եւ դատախազության համակարգում վերջին օրերին ծավալված կադրային փոփոխությունները իշխանությունների մշակած ծրագրի անբաժանելի մասն են», - մեկնաբանվում է «Հայկական ժամանակ» թերթում: - «Անզեն աչքով երեւաց, որ ժողովուրդը զայրացած է, իսկ զայրացած ժողովրդից վախենում է անգամ Ռոբերտ Քոչարյանը: Առաջիկա միտինգների առաջն առնելու համար ներքին զորքերի ուժերը, անշուշտ, անբավարար կլինեն, իսկ ոստիկանության հին, իրենց տեղում արմատացած կադրերը, որոնք տվյալ համայնքի բնակչության հետ քիչ թե շատ մարդկային հարաբերություններ են ստեղծել՝ այդ նույն մարդկանց նկատմամբ բռնություն կիրառել չեն կարողանա»: Ըստ «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների, առաջիկայում վարչախումբը պատրաստվում է «37 թիվ սարքել», եւ Արամ Թամազյանին Աղվան Հովսեփյանով փոխարինելը նաեւ դրանով է պայմանավորված. - «Ասում են՝ առաջիկա գործողությունների ծրագիրը (քրեական գործեր, կալանքներ) գլխավոր դատախազի հետ քննարկելիս «բարձր» իշխանությունը կասկած ու վարանում է նկատել Թամազյանի դեմքին, ուստի որոշել է նրան փոխարինել ավելի վստահելի անձով»:

«Իրավունք» թերթի արձանագրմամբ, մայրաքաղաքում արդեն իսկ կենտրոնացված է բավականին մեծաքանակ զինուժ, որը «նախատեսված է զանգվածային հուզումները ճնշելու համար»: «Իրավապահ ոլորտում այդպիսի կտրուկ շարժումները ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը ձգտում է ունենալ անվերապահորեն իրեն նվիրված վերնախավ, որը լուրջ դրդապատճառներ ունի մինչեւ վերջ պայքարելու ընդդեմ իշխանափոխության», - գրում է թերթը՝ ընթացքն առայժմ ամփոփելով. - «Մթնոլորտը Հայաստանում ավելի ու ավելի է շիկանում, եւ առաջիկա շաբաթներին չեն բացառվում ցանկացած, այդ թվում եւ անակնկալ շրջադարձեր... Նախագահն ունի բավականին սահմանափակ հուսալի հենարաններ՝ ի դեմս Դաշնակցության եւ ուժային վերնախավի մի մասի»:

«Ինչքան փորձեն վերահսկելի պահել վիճակը, ավելի հզորանալու է մեր ժողովրդի պայքարը», - «Իրավունք»-ի հարցազրույցում բանաձեւում է այսօր պաշտպանության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանը: - «Փորձելու են ճնշել ընդդիմության ակտիվիստներին՝ ճգնաժամը հաղթահարելու նպատակով, եւ դա վերածվելու է բումերանգի»: Վաղարշակ Հարությունյանը համոզված է, որ իշխանափոխությունը կլինի անցնցում, ուժային կառույցներում էլ մարդիկ հոգնել են քաղաքական հետապնդումների գործիք լինելուց:

«Հայոց աշխարհ» թերթը ներկայացնում է ներքաղաքական դաշտում հնարավոր զարգացումների վերաբերյալ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի գնահատականները, ըստ որի «իշխանությունն ունի հսկայական ռեսուրսներ, որոնք չեն օգտագործվում, ընդհակառակը՝ արվում են քայլեր, որոնք ոչնչով չեն նպաստում իրավիճակի փոփոխությանը»: «Կառավարող կոալիցիայի վարքագիծը հեռու է ցանկալի լինելուց», - ընդգծում է Գառնիկ Իսագուլյանը: - «Այս ընթացքում նրանք ընդդիմության գործողություններին համարժեք ոչ մի պատասխան չտվեցին: Պատահական չէ, որ ընդդիմությունը շեշտադրում է կոնկրետ երկու անձի՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ իր անհանդուրժողությունը՝ իշխող էլիտայի մնացած մասին հասկացնելով, որ մի կողմ կանգնած մնալու պայմաններում իրենք չեն տուժի, իսկ վերակողմնորոշվելու դեպքում նույնիսկ ինչ-որ բաներ կշահեն»: «Այսօր իրավիճակը թեպետ անհուսալի չէ, բայց մտահոգիչ է: Ուստի առաջին պլան պետք է բերվեն կադրային առումով լուրջ պրոֆեսիոնալներ՝ ապահովելով նախագահի կարգադրությունների կատարման վերահսկումը», - շեշտված է «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում: - «Ամենայն ուշադրությամբ պետք է հետեւել պաշտոնյաների եւ նրանց շրջապատի պահվածքին: Եթե նախարարի որդին կամ բարեկամը կրակում է կազինոյում ու սրճարանում, պիտի անմիջապես ձերբակալվի: Իսկ եթե հովանավորը դրանից հետո հրաժարական չի տալիս, ապա պետք է ազատվի աշխատանքից, որ կուսակցության անդամ ուզում է լինի»:

«Երկիր» թերթի առաջին էջին այսօր դժգոհությունն է, որ ժամանակին Հայաստանի պետական այրերը անհրաժեշտ բողոք չարտահայտեցին, երբ Հայաստանում Իսրայելի դեսպանը հայտարարեց, որ 1915 թվականի «դեպքերը» չի կարելի համարել ցեղասպանություն: Եվ արդյունքում այսօր էլ Բեծ Բրիտանիայի դեսպանն է կասկածի ենթարկում Հայոց ցեղասպանության իրողությունը: «Հայաստանի բարձրաստիճան պետական այրերը, այդ թվում՝ արտգործնախարարը, դարձյալ լռում են: Ո՞վ է լինելու ցեղասպանության փաստը Հայաստանում կասկածի տակ առնող հաջորդ օտարերկրացին, որ ապրելով այս երկրում՝ չի հարգում մեզ», - խնդիր է ձեւակերպել «Երկիր»-ը:

«Մարտի 29-ին Չեխիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ներկայությամբ խորհրդակցություններ տեղի կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ։ Պրահայում հավանաբար Ադրբեջանը վերջնականապես կհրաժարվի փարիզ-քիուեսթյան սկզբունքներից», - կանխանշում է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանը՝ այս առումով դրական առանձնացնելով, որ Մինսկի խմբի ջանքերը, առաջարկությունները հերթական անգամ Երեւանը չի մերժում: Սահմանվում է նաեւ, որ բանակցությունները զրոյից սկսելու դեպքում ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին, որպես լիիրավ, երրորդ կողմ, դառնում է անխուսափելի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG