Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի անդամներին ներկայացրեց երեկ իր հրամանագրով գլխավոր դատախազի պաշտոնում վերանշանակված Աղվան Հովսեփյանին:

Արդեն նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանին պաշտոնից ազատելու պատճառների վերաբերյալ նախագահի երեկվա հրամանագրում ոչինչ ասված չէր: Ռոբերտ Քոչարյանը հարցին այսօր էլ չի անդրադարձել:

Վերանշանակ դատախազի ներկայացման արարողությունը փակ էր լրատվամիջոցների համար: Նախագահ Քոչարյանը, ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Աղվան Հովսեփյանին բնութագրել է որպես «արհեստավարժ, ամուր եւ սկզբունքային»: «Ահա այսպիսին եմ ես ճանաչում Աղվան Հովսեփյանին 1981 թվականից», - ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ Աղվան Հովսեփյանը երկար տարիներ աշխատել է նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Նախագահը ասել է նաեւ, թե 1999 թվականին հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից Աղվան Հովսեփյանը ազատվել էր ոչ թե աշխատանքում թերություններ ունենալու պատճառով, այլ զուտ` քաղաքական իրավիճակից ելնելով:

1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անմիջապես հետո Հայաստանի Զինված ուժերի հրամանատարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ երկրի նախագահից պահանջելով ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարների եւ գլխավոր դատախազի հրաժարականները: Նույնաբովանդակ հայտարարություններով հանդես էր եկել նաեւ խորհրդարանական մեծամասնությունը:

«Կարծում եմ, սա նաեւ արդարության վերականգնում է», - այսօր նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Պարզ չէ, այդուհանդերձ, թե ինչու ավելի վաղ չի «վերականգնվել արդարությունը»: Գուցե ժամանակ էր պետք, որպեսզի բորբոքված քաղաքական կրքերը հանդարտվեին, կամ դատական բոլոր ատյաններում ավարտվեր «Հոկտեմբերի 27»-ի գործի քննությունը:

Շրջանակելով դատախազության անելիքները՝ Քոչարյանը ասել է. - «Այլ իրավապահ մարմինների համեմատությամբ դատախազությունն իր տեղի եւ արժեվորման տեսանկյունից որոշակի առումով անկում է ապրել»: Նախագահի խոսքերով, առաջնահերթ պահանջը լինելու է, որ «դատախազությունն իր ակտիվ գործունեությամբ պետական համակարգում զբաղեցնի այն տեղը, որ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված է»:

Քոչարյանը շեշտել է, որ նոր դատախազից ու ամբողջ համակարգից ավելի ակտիվ ու վճռական աշխատանք ակնկալում՝ մասնավորապես նկատի ունենալով կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության դերակատարությունը:

Նման գնահատականներն ու ակնկալիքները, թերեւս, ենթադրում են, որ երկրի նախագահը դժգոհ է եղել համակարգի աշխատանքից, թեեւ նախկին դատախազ Արամ Թամազյանի հասցեին կոնկրետ քննադատություն չի հնչել:

Արամ Թամազյանը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց, որ այս պահին իրեն որեւէ այլ աշխատանք կամ պաշտոն չի առաջարկվել: Նա հույս հայտնեց, որ ոչ հեռու ապագայում նորից կզբաղվի ակտիվ իրավաբանությամբ, իսկ առայժմ՝ «զբաղվելու է ընթերցանությամբ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG