Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Կոսովոյում երկարատեւ դադարից հետո կրկին տեղի ունեցած ազգամիջյան բախումները կանխելու գործողություններին առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանի խաղաղապահների դասակը:

Նման խոշոր ազգամիջյան բախում չէր եղել 1999 թվականից ի վեր, երբ ՆԱՏՕ-ն օդային պատերազմում Կոսովոյից դուրս էր մղել հարավսլավական ուժերը: Սերբերի եւ ալբանացիների բախման արդյունքում առնվազն 22 մարդ է սպանվել, կան բազմաթիվ վիրավորներ:

Բախումներ են տեղի ունեցել նաեւ Կոսովոյի՝ Սերբիային սահմանամերձ այն շրջանում, որտեղ «Արեւելք» բրիգադի կազմում ծառայում են մեկ ամիս առաջ այստեղ ժամանած հայ խաղաղապահները: 34 հայ զինվորականներից ոչ ոք չի վիրավորվել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Արեւելք» բրիգադի խոսնակ, մայոր Քրիս Քոլը, բրիգադը երեկ եւ այսօր «վճռական միջոցների է դիմել»՝ կանխելու սերբ-ալբանական բախումները:

Հայ խաղաղապահների համար սա առաջին մարտական գործողությունն էր: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես են իրենց դրսեւորել հայ զինվորները, Քոլը ասաց, թե չի ցանկանում առանձնացնել որեւէ ազգության խաղաղապահներին:

«Բազմազգ ուժերից կազմված բրիգադը հրաշալի է կատարել իր գործը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Քոլը: - «Գործել են բարձր պրոֆեսիոնալ մակարդակով՝ շատ ծանր բախումները կանխելու համար»:

Միաժամանակ Երեւանում Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Կոսովոյի այն շրջանում, ուր ծառայում են հայ խաղաղապահները եղել են «հուզումներ», սակայն սպանվածներ կամ լուրջ վիրավորներ չեն եղել:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG