Մատչելիության հղումներ

Կառավարությունը ձգտում է ներդրումների համար հրապուրիչ դարձնել այլընտրանքային էներգետիկայի ոլորտը


Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի նախագիծը, որը Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո վստահելի պայմաններ պիտի ապահովի Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարների համար:

«Մենք պետք է ստեղծենք համապատասխան իրավական դաշտ, որպեսզի ներդրումներ արվեն այդ բնագավառում», - նիստից հետո լրագրողներին ասաց էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:

Այս օրենքով հիմնական շեշտը դրվելու է հատկապես հիդրոէներգետիկայի եւ քամու էներգիայի օգտագործման բնագավառներում մասնավոր ներդրումների խրախուսման վրա։ Բնական մենաշնորհների կարգավորան հանձնաժողովը անցած ամիս արդեն հաստատել է նոր սակագներ:

«Քամու էներգետիկայի եւ փոքր հիդրոէներգետիկայի վերաբերյալ 12 տարով ընդունվել են նոր սակագներ, որոնք, ըստ մեզ, լուրջ խթան կհանդիսանան ներդրումներ ակնկալելու առումով», - ասաց Գալստյանը:

Հանձնաժողովը մինչեւ 10 մեգավատտ դրվածքային հզորություն ունեցող փոքր ՀԷԿ-երի արտադրած հոսանքի մեկ կիլովատտ/ժամի սակագինը սահմանել է 4,5 ցենտ։ Հաշվի առնելով ավելացված արժեքի հարկը՝ դա մոտավորապես 30 դրամ է։ Պարզվում է, այդուհանդերձ, որ այս սակագինը բավարարում է մասնավոր ներդրողներին։

Հայաստանում այժմ գործում են մոտ 3 տասնյակ փոքր ՀԷԿ-եր, որոնց կեսը, ըստ փոխնախարարի, վերջին տարիներին է կառուցվել։ Այս պահին բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովում փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվություն ստանալու 40 հայտ կա, որոնցից շուրջ 20-ը բավարարվել է։

Եթե մեկ կիլովատտ/ժամը 30 դրամ սակագինը ձեռնտու է հոսանք արտադրողներին, ապա ձեռնտու չէ սպառողներին, քանի որ ընդհանուր ցանցերի վաճառած հոսանքի միջին սակագինը 22,5 դրամ է։ Այդ պատճառով է, հավանաբար, որ փոքր ՀԷԿ-երը ներկայումս հոսանքի վաճառքի խնդիրներ ունեն։ Իսկ ապագայում չի բացառվում, որ դրանք ավելի շահեկան դիրքում հայտնվեն՝ երբ սակագները բարձրանան։

Ինչ վերաբերում է քամու հողմակների արտադրած հոսանքին, ապա դրա մեկ կիլովատտ/ժամի սակագինը բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը սահմանել է 7 ցենտին համարժեք դրամ։ Ավելացված արժեքի հարկով դա մոտավորապես 47 դրամ է, ինչը մեր պայմաններում շատ բարձր սակագին է։ Սակայն, այս ճյուղը զարգացնելու համար, ըստ երեւույթին, այլ ելք չկա։ Նախկինում սահմանված 5 ցենտ (մոտ 33 դրամ) սակագնի դեպքում ոչ մի ներդրող չէր կամեցել ներդրումներ անել, չնայած, Արեգ Գալստյանի խոսքերով, Հայաստանն ունի մոտավորպես 450 մեգավատտ հզորությամբ քամու պոտենցիալ:

Մինչդեռ բարձրացված սակագնի դեպքում արդեն ներդրողներ են հայտնվել են Իրանից։ Սոդքի տարածաշրջանում իրանական մի ընկերություն կառուցում է մոտ 5,5 մեգավատտ դրվածքային հզորությամբ երեք հողմակներից բաղկացած համալիր: Նախագիծը փորձնական է եւ հաջողության դեպքում ընդլայնվելու է:

Արեգ Գալստյանը վստահեցնում է, որ եթե Հայաստանի այլընտրանքային էներգետիկ աղբյուրների ողջ ներուժը օգտագործվի, ապա հնարավոր է կլինի առաջիկա 10-15 տարվա ընթացքում ստանալ մոտ 3,5 միլիարդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա:

Այս ամենը, անշուշտ, լուրջ ներդրումներ է պահանջում: Միայն Մեծամորի ԱԷԿ-ին համարժեք հզորություններ ստեղծելու համար, ինչպես հայտարարել են պատասխանատուները, առաջիկա տասնամյակում առնվազն 1 միլիարդ դոլարի ներդրում է անհրաժեշտ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG