Մատչելիության հղումներ

Հայաստանը փոխում է Վրաստանով անցնող բեռնափոխադրումների ուղին


Աջարիայի շրջափակման հետեւանքով արդեն երրորդ օրն է հնարավոր չէ Բաթումի նավահանգստից բեռներ փոխադրել, մինչդեռ Հայաստան ներկրվող լաստանավային փոխադրումների 95 տոկոսը իրականացվում է հենց Բաթումի նավահանգստի միջոցով: Բեռների որոշակի քանակ անցնում է Փոթիի նավահանգստով:

Ընդ որում, Փոթիի նավահանգիստը ավելի փոքր հնարավորություններ ունի, հատկապես մեծ նավերի եւ հեղուկ վառելիք փոխադրող նավերի բեռնաթափման առումով, քան Բաթումի նավահանգիստը:

«Հայկական երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենը դեռեւս մարտի 15-ին հեռագիր է ուղարկել Ուկրաինայում իր գործընկեր «Ուկրֆերի» ընկերության ղեկավարությանը՝ խնդրելով ժամանակավորապես դադարեցնել Իլյիչովսկ - Բաթում լաստանավային փոխադրումները եւ բեռներն ուղարկել Փոթի:

«Հայաստան ուղարկվելիք 60 վագոն բեռը երեկվանից դուրս է եկել Իլյիչովսկից եւ ակնկալում ենք, որ վաղը կհասնի Փոթիի նավահանգիստ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության խոսնակ Թամար Ղալեչյանը: - «Այս ընթացքում ընդամենը մեկ վագոն բեռ է եղել Բաթումի նավահանգստում, որի կեսից ավելին հաջողվել է դուրս բերել Փոթիի նավահանգիստ: Փորձ է արվում դուրս բերել նաեւ մնացածը»:

Ինչ վերաբերում է Հայաստան - Վրաստան երկաթգծին, ապա, Ղալեչյանի խոսքերով, այս պահի դրությամբ, դրա աշխատանքն անխափան է եւ բեռների կուտակումներ չկան:

Բաթումի նավահանգստում Հայաստան ներկրվելիք բեռով միայն մեկ նավ կա, որը բեռնված է շաքարավազով: Այն կիսով չափ բեռնաթափվել էր դեռեւս մինչեւ շրջափակումը: «Աստղացոլք» ընկերության ղեկավար Սամվել Ալեքսանյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ լուրջ պրոբլեմ է առաջացել, քանի որ «ոչ թողնում են նավը դուրս գա եւ ուղեւորվի դեպի Փոթի եւ ոչ էլ հնարավոր է այդ բեռը փոխադրել»:

Սամվել Ալեքսանյանի կարծիքով, եթե հաջողվի այն նորից բեռնել եւ տեղափոխել Փոթի, ապա այդ նավահանգստում եւս ստիպված են լինելու վճարում կատարել, ինչը կարող է ազդել ապրանքի գնի վրա: Ներկա պահին, այդուհանդերձ, Ալեքսանյանը վստահեցրեց, որ գների հետ կապված խնդիրներ չկան, քանի որ մինչեւ այս դեպքերը բավականին մեծ քանակով շաքարավազ ներկրվել է:

«Ապավեն» բեռափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նախապես Բաթումի նավահանգիստ տարվող բեռները այժմ տարվում են Փոթի:

Հարցին, թե կարո՞ղ է դա արդյոք անդրադառնալ այդ ապրանքների գների վրա արդեն Հայաստանում, Աղաջանյանը պատասխանեց. - «Տվյալ դեպքում ոչ մի փոփոխություն չի սպասվում»:

Գագիկ Աղաջանյանի խոսքերով, լուրջ պրոբլեմ է այն, որ Փոթիի նավահանգստի ծանրաբեռնվածության հետեւանքով բեռները ավելի ուշ կհասնեն Հայաստան: Բացի այդ, քանի որ Փոթիում կա ընդամենը 12 նավամատույց (համեմատության համար նշենք, որ Ռոտտերդամի նավահանգստում, օրինակ, նավամատույցների թիվը անցնում է տասը հազարից), ապա այստեղ անխուսափելիորեն կգոյանան հերթեր, դա կարող է անդրադառնալ ապրանքների գների վրա, քանի որ բեռների տերերը ստիպված կլինեն վճարել նավերի հարկադիր պարապուրդի համար:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG