Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Պրահայում


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ մարտի 29-ին Չեխիայի մայրաքաղաքում տեղի կունենա իր եւ Արդբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի հանդիպումը, որին կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Օսկանյանը ասաց, թե այդ հանդիպման ընթացքում կհստակեցվի, թե որ կետից է Ադրբեջանը պատրաստ շարունակել բանակցությունները:

Արտգործնախարարի խոսքերով, եթե բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի էին ունենում երկկողմ ֆորմատով, ուրեմն հարցերի բովանդակությունն ու դրվածքն էր այդպես պահանջում: Իսկ եթե Ադրբեջանը պնդում է, որ բանակցությունները պետք է վերսկսվեն «զրոյական կետից», ապա կարող է «բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ»:

Այս հայտարարությունը Վարդան Օսկանյանը արեց ԵԱՀԿ գործող նախագահող, Բուլղարիայի արտգործնախարար Սոլոմոն Պասսիի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում: Բուլղարիայի արտգործնախարարը Հայաստանում հանդիպումներ է ունեցել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

«Ես չեմ գտնում, որ այդ ֆորմատով հնարավոր է առաջ տանել Ղարաբաղի խնդիրը», - Պասսիի հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արկադի Ղուկասյանը: - «Որովհետեւ կա ռեալ ֆորմատ. դա Լեռնային Ղարաբաղ, Հայաստան եւ Ադրբեջան ֆորմատն է»:

Այդուհանդերձ, Ղուկասյանը գտնում է, որ «ամեն մի կոնտակտ կարեւոր է»: «Ես այն կարծիքին չեմ, որ անիմաստ է հանդիպումը Պրահայում, բայց, նորից եմ կրկնում՝ առանց Լեռնային Ղարաբաղի դժվար թե այդ հարցը լուծում ստանա», - ասաց նա:

Արկադի Ղուկասյանն ասաց, թե այնքան էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում բանակցությունները «զրոկայական կետից սկսելը»:

«Ես գտնում եմ, որ այսօր, հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը, նախապայմաններ չկան [հակամարտության լուծումը գտնելու համար]», - ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահը: - «Շատ դեստրուկտիվ է Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը եւ նման պայմաններում, իմ կարծիքով, արագ լուծում սպասելը հնարավոր չէ»:

Արկադի Ղուկասյանը համոզված է, որ ժամանակը հակամարտող կողմերից որեւէ մեկի օգտին չի աշխատում: «Ես գտնում եմ, որ ինչքան արագ գտնենք այս պրոբլեմի լուծումը, այնքան լավ կլինի տարածաշրջանի համար նույնպես», - ասաց նա:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG