Մատչելիության հղումներ

Նոր «Աշխատանքային օրենսգրքի» նախագծի քննարկումները կշարունակվեն հաջորդ շաբաթ


Ազգային ժողովում քննարկվող «Աշխատանքային օրենսգրքի» նախագիծը նորանկախ Հայաստանի պատմության մեջ թվով արդեն չորրորդն է։ Ներկայումս գործում է 30 տարվա վաղեմություն ունեցող ու միայն աննշան փոփոխություններ կրած Խորհրդային Հայաստանի աշխատանքային օրենսգիքը, որի շատ ու շատ հոդվածներ անհուսորեն հնացած են։

Դատելով նախագծից, դրա վրա մեծ է խորհրդարանում ներկայացված եւ չներկայացված գործարարների ազդեցությունը՝ իհարկե իրենց օգտին։ Մինչդեռ, արհմիությունների ազդեցությունը օրենսգրքի այդ նախագծի վրա չնչին է:

Հայաստանում գործող 120 հազար տնտեսավարող սուբյեկտներից միայն 600-ում, այսինքն՝ 0,5 տոկոսում կան արհմիութենական կազմակերպություններ, եւ հայտնի էլ չէ, թե որքանով արդյունավետ են դրանք գործում (եթե, իհարկե, գործում են):

Կառավարության պատասխանատուների հավաստմամբ, առաջարկված նախագծի հիմքում դրվել է միջազգային լավագույն փորձը։ Սահմանվում է 40-ժամյա աշխատանքային շաբաթ (գործող օրենսգրքում շաբաթական նվազագույն աշխատաժամանակ է սահմանված 41 ժամը)։ Գրեթե կրկնապատկվել է ամենամյա պարտադիր արձակուրդի տեւողությունը՝ 14 աշխատանքային օրվա փոխարեն նոր օրենսգրքի նախագծում պարտադիր արձակուրդին 28 օրացուցային օր է հատկացված։

Որոշակիորեն մեծացվել է արհմիությունների դերը աշխատանքային կոլեկտիվ պայմանագրերի կնքման, աշխատանքային վեճերի կարգավորման եւ հատկապես գործադուլների կազմակերպման ու անցկացման հարցում։

Գործադուլերին վերաբերող բաժինը սկզբունքային նորույթ է: Ըստ նախագծի, գործադուլ կարելի է անել միայն կոլեկտիվ պայմանագրի կնքման կամ փոփոխման հետ կապված վեճերի առկայության դեպքում: Ընդ որում՝ պետք է կոլեկտիվի ընդհանուր ժողով անել, որոշում ընդունել մասնակիցների ձայների առնվազն 2/3-ի գերազանցությամբ, ստանալ արհմիության համաձայնությունը, եւ գործադուլն սկսելուց 7 օր առաջ անպայման տեղեկացնել գործատուին։

Օրենսգրքի նախագիծը սահմանել է նաեւ գործադուլի օրինականությունը։ Դատարանի վճռով այն կարող է անօրինական ճանաչվել՝ եթե այն հակասում է Սահմանադրությանը եւ գործող օրենքներին։ Բացի այդ, ըստ նախագծի, այն կարող է անօրինական համարվել, եթե գործադուլավորները անիրատեսական պահանջներ են առաջադրել։ Հստակեցված չէ, սակայն, թե ինչ է նշանակում «անիրատեսական պահանջ»:

Եթե գործադուլը անօրինական է ճանաչվում, հետեւում են պատժամիջոցներ։ «Աշխատանքային օրենսգրքի» նախագիծը կոնկրետ պատժաչափ է սահմանել. գործադուլ հայտատարած արհմիությունը այս դեպքում պարտավոր է գործատուին տուգանք վճարել՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով, ինչպես նաեւ անօրինական գործադուլին մասնակցած աշխատողներից յուրաքանչյուրի հաշվով տուգանք՝ նվազագույն աշխաատվարձի 10-ապատիկի չափով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG