Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե բարեկեցիկ կյանք լինի, մնացած բոլոր մեղքերը իշխանություններին կներվեն: Եթե դա չլինի՝ եղիր աշխարհիս ամենամեծ ժողովրդավարը, միեւնույն է՝ քեզ ատելու են: Այդ առումով նախագահ Քոչարյանն իրավացի է՝ պետք է բարձրացնել ժողովրդի կյանքի որակը», - նորագույն կարգախոսին է անդրադառնում «Առավոտ» թերթի խմբագիրը՝ միաժամանակ ընդգծելով. - «Նախագահի սխալը պետք է այլ տեղ փնտրել: Քոչարյանը վստահ է, որ կյանքի որակը հնարավոր է բարելավել՝ հարեւանների հետ թշնամական հարաբերություններ պահպանելով, ընտրությունները կեղծելով, եթերը վերահսկելով, ընդդիմությանը հետապնդելով եւ իրական տնտեսական մրցակցությունը սահմանափակելով»: Այդ ճանապարհով գնալու դեպքում, սակայն, Հայաստանում կյանքի որակը չի բարձրանա. - «Եվ երբ ասվում է, որ մեր ժողովուրդն արդեն իսկ տարեցտարի բարգավաճում է (հավանաբար, ուղիղ 13,9 տոկոսով), դա էլ իշխանության քարոզչությունն է»: «Ցավն այն է, որ այս խնդիրները մեզ մոտ լրջորեն չեն քննարկվում», - ամփոփել է խմբագիրը: - «Իշխանությունը չի խոստովանում, որ խաղաղությունն ու ժողովրդավարությունը նրա առաջնահերթությունները չեն, նա չի փորձում ապացուցել, որ Հայաստանում կոշտ ավտորիտարիզմի պայմաններում հնարավոր է հասնել լուրջ տնտեսական առաջընթացի: Անկեղծության բացակայությունը (որը, հավանաբար, բացատրվում է Արեւմուտքի դոնորների աչքերին թոզ փչելու անհրաժեշտությամբ) դարձնում է Հայաստանի ապագան բավականին մշուշոտ»: «Իսկ ընդդիմությունը խոսում է տուրնիկներից եւ կազինոներից, ինչը մեր ապագան ավելի պարզ չի դարձնում», - համադրվում է «Առավոտ»-ում:

«Հայկական ժամանակ» թերթը սենսացիոն է որակել Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարածը իրենց թղթակցին, թե ծանոթ չէ ԱՄՆ պետքարտուղարության պետական զեկույցին, ուր Հայաստանին առնչվող բազմաթիվ բացասական ձեւակերպումներ կան: «Տպավորությունն այնպիսին է, որ Քոչարյանը հայտնվել է բրեժնեւյան վիճակում: Լեոնիդ Իլյիչին լճացման ամենաթունդ տարիներին միայն լավատեսական լուրեր էին հայտնում», - մեկնաբանում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջող մտավորականների կազմակերպած հավաքների, երեկ կառավարության նիստերի դահլիճում հավաքված իշխանամետ մտավորականության ներկայացուցիչները իրենց ընդունած հայտարարությամբ Հայաստանի Ազգային ժողովից պահանջեցին չեղյալ հայտարարել 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը», - զուգահեռում է այսօր «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Իշխանամետ մտավորականությունը, հասկանալով, որ անիմաստ եւ սեփական հեղինակության համար վտանգավոր է Ռոբերտ Քոչարյանին անմիջականորեն սատարելու քաղաքականությունը, որոշել է դա անել ազգայնամոլական եւ պատերազմական կոչերի միջոցով»: Իսկ «Հայոց աշխարհ» թերթում այսօր մյուս թեւից ուրվագծվում է. - «Մտավորականների ֆորում» կազմակերպությունը վերջերս ստանձնել է իշխանափոխության ավանգարդի առաքելությունը: Մինչդեռ բազմաթիվ ճանաչված մտավորականներ նման «հասարակական պահանջին», մեղմ ասած, համակարծիք չեն»: Սրա շուրջ թղթակիցը զրուցել է ֆորումի ներկայացուցիչներից ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի հետ, եւ վերջինս մասնավորապես ասում է. - «Ես չգիտեմ՝ մտավորականների այդ մեծ զանգվածից ովքե՞ր են դեմ իշխանափոխության այդ տարբերակին եւ որքանով են նրանք անկեղծ: Ցավոք, մտավորական վերնախավը միշտ, չգիտես ինչու, եղել է պասիվ եւ իշխանապաշտ, անկախ նրանից, թե ով է իշխանության գլխին: Մենք համոզված էլ չէինք, որ հենց սկզբից մեզ կմիանային մեր ամբողջ մտավորականության, հատկապես էլիտար մտավորականության ներկայացուցիչները: Մենք ավելի շուտ միջին խավի մտավորականության ակտիվությունն էինք փորձում բարձրացնել»:

«Իրական, ծանրակշիռ ընդդիմության բացակայությունը իշխանության համար անհամեմատ ավելի վտանգավոր է, քան դրա գոյությունը», - հերթական անգամ տագնապել է «Հայոց աշխարհ»-ի տեսաբանը: - «Իշխանությամբ օժտվածներին խիստ անհրաժեշտ է մերթընդմերթ զգալ սեփական մաշկի վրա ընդդիմախոսների խայթոցները։ Այլապես նրանք իսկույն հիվանդանում են հատուկ քաղաքական ախտով. սկսում են ապրել պատրանքների աշխարհում, կորցնում արագ արձագանքելու ունակությունը, նրանց կարողությունները հետզհետե ապաճում են»։ «Այդ իմաստով հայրենի իշխանությունը վտանգված է, քանզի ներկայումս նա ընդդիմություն չունի», - գնահատվում է «Հայոց աշխարհ»-ում՝ հետեւյալ վտանգների նախանշմամբ. - «Եթե իշխանությունը չունի իսկական ընդդիմություն, ապա պայքարն անխուսափելիորեն տեղափոխվում է հենց իշխանության ներսը։ Իսկ ժողովրդավարական ավանդույթների ու խաղի ազնիվ կանոնների բացակայության պայմաններում, նույն թիմում ձեւականորեն ներգրավված քաղաքական գործիչների միջեւ բախումները ձեռք են բերում առանձնակի կարծր, նույնիսկ դաժան բնույթ»։

Հերթական օրինակների հիման վրա «Առավոտ»-ը վերասահմանում է , որ ստիպողաբար, ուժով լավ գործ չի արվում: «Այժմ Վրաստանում զարգացող դեպքերը կարող են նմանատիպ տխուր վախճան ունենալ թեկուզ այն պատճառով, որ հավակնում են կրկնել վաշինգտոնյան սցենարը: Բուշը ցանկանում էր ուժով ազատագրել իրաքցիներին Սադդամից: Սահակաշվիլին ուզում է փրկել աջարներին՝ ֆեոդալ Աբաշիձեից», - զուգադրվում է «Առավոտ»-ում: - «Իսկ նման «խաչակրաց արշավանքները» հղի են միջազգային ու տեղային ահաբեկչության հզորացմամբ ու տարածմամբ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG