Մատչելիության հղումներ

Բնապահպան կազմակերպությունների դաշինքը լիահույս է, որ կարող է նպաստել մայրաքաղաքի շրջակա միջավայրի բարելավմանը


Անցած փետրվարին ստեղծված Երեւանի էկոլոգիական հասարակական դաշինքը կազմավորել է Երեւանի էկոլոգիական հասարակական խորհուրդ, որի գործունեության հետ վերջինիս անդամները մեծ հույսեր կապում՝ մայրաքաղաքում շրջակա միջավայրի առողջացման առումով:

«Ի տարբերություն Երեւանի քաղաքապետարանին կից գործող էկոլոգիական խորհրդի, նորաստեղծ խորհուրդը ավելի ճկուն է, աշխատունակ եւ որ ամենակարեւորն է՝ անկախ է», - ասաց նորակազմ խորհրդի հակամարգող Սոնա Այվազյանը՝ որպես դրական ներկայացնելով, որ իրենց հրավիրել են մայրաքաղաքի գլխավոր հատակագծի քննարումներին:

Այսօր արդեն 34 հասարակական կազմակերպություններ միավորող դաշինքի ղեկավարները համոզված են, որ հետեւողական եւ համակարգված աշխատանքով իրենք կկարողանան նպաստել մայրաքաղաքում շրջակա միջավայրի բարելավմանը, ամբողջական էկոլոգիական քաղաքականության ձեւավորմանն ու իրականացմանը: Դաշինքը նպատակ ունի նաեւ երաշխավորել բնապահպանական ոլորտում գործող իրավական ակտերի կիրառումը, ինչպես նաեւ նպաստել նոր իրավական ակտերի մշակմանն ու ընդունմանը:

«Մենք արդեն չունենք ոչ անտառ, ոչ էլ անտառ-պուրակ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ իր տագնապը կիսեց խորհրդի անդամ Գոհար Օգանեզովան: - «Մնացել է Երեւանի բուսաբանական այգին, որը սարսափելի վիճակում է եւ գնում է չորացման»:

Նրա խոսքերով, Երեւանի պուրակներում ու զբոսայգիներում աղետալի կերպով նոսրանում են ծառերը: «Ծառերի քանակը, որ գիտականորեն կոչվում է բոնիտետ, պակասում է, ինչը նշանակում է, որ այդ համակարգը քայքայվում է», - ասաց տիկին Օգանեզովան՝ դա պայմանավորելով ծառահատումներով, խնամքի բացակայությամբ եւ իրականացվող սխալ քաղաքաշինական քաղաքականությամբ:

Դաշինքը մայրաքաղաքի քաղաքապետարանին առաջարկել է համագործակցության ծրագիր, որով նպատակ է հետապնդում մասնակցել քաղաքապետարանի կողմից որոշումների ընդունմանը:

Ի պատասխան թերահավատությանը, թե խորհուրդը ունակ է էական ազդեցություն ունենալ ընդունվող որոշումների վրա, Օգանեզովան ասաց, թե նման նախադեպ իրեն հայտնի չէ: Խորհրդի մեկ այլ անդամ՝ Սրբուհի Հարությունյանը, սակայն, պատմեց, թե ինչպես Օղակաձեւ զբոսայգում կանաչապատ տարածքը բետոնապատողները, բնապահպանների եւ լրագրողների ահազանգերից հետո, գոնե առժամանակ դադարեցրել են աշխատանքները:


Արմինե Գեղամյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG