Մատչելիության հղումներ

Եվրամիությունը նոր դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին


Առաջիկա երեք տարիներին Եվրամիությունը Հայաստանին 20 միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ կհատկացնի՝ «Ազգային ինդիկատիվ ծրագրի» շրջանակներում։

Հայաստանի ֆինասների եւ Էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի եւ Հայաստանում ու Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թորբեն Հոլցեի երկուշաբթի օրը ստորագրած համաձայնագրով նախատեսվում է այդ գումարից 13,5 միլիոնով աջակցել էներգետիկ ոլորտին, օրենսդրության կատարելագործմանը եւ տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացմանը: 6,5 միլիոն եվրո կհատկացվի միջին մասնագիտական կրթության բնագավառի բարեփոխումների եւ Եվրահանձնաժողովի Պարենային ապահովության ծրագրի շրջանակներում գյուղատնտեսությանը ցուցաբերվող օգնության նպատակներով։

Ըստ Վարդան Խաչատրյանի, Եվրամիության դրամաշնորհի գումարներով պետք է առաջիկայում մշակվի Մեծամորի ԱԷԿ-ի փակման գործողությունների ծրագիրը:

«Մինչեւ 2020 թվականը կստեղծվի էներգետիկ զարգացման ռազմավարական ծրագիր, որը կընդգրկի այն բոլոր միջացառումները, որոնք անհրաժեշտ կլինի կատարել հետագայում ատոմակայանը փակելու համար», - ասաց նախարարը:

Նրա խոսքերով, Հայկական ԱԷԿ-ին համարժեք այլընտրանքային հզորությունների ստեղծման համար անհրաժեշտ կլինի մոտ 1 միլիարդ դոլարի ծրագրեր իրագործել, մինչդեռ Եվրամիությունը պատրաստ է ընդամենը 100 միլիոն եվրո հատկացնել:

Իբրեւ էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր է համարվում Իրան - Հայաստան գազատարի շինարարությունը։ «Հույս ունենք, որ Իրան - Հայաստան գազամուղի շինարարությունը կսկսենք գուցեեւ այս տարի, մեկ-երկու տարվա մեջ կավարտենք, որը շատ կարեւոր է՝ ունենալ ալտերնատիվ գազային ճանապարհ», - ասաց Վարդան Խաչատրյանը:

Հայաստանի Էներգետիկ անվտանգության տեսանկյունից
այս կարեւոր նախագծի ֆինանսավորման մեջ իր մասնակցությունը Եվրամիությունը անմիջականորեն կապում է Մեծամորի ԱԷԿ-ի փակման կոնկրետ վերջնաժամկետի սահմանման եւ համապատասխան համաձայնագրում դրա արտացոլման հետ։

Ինչ վերաբերում է կառուցվելիք Իրան - Հայաստան գազատարով պարսկական գազը դեպի Եվրոպա արտահանելու հնարավորությանը, ապա, ըստ Թորբեն Հոլցեի, եվրոպական կառույցներն առայժմ նման տարբերակ նույնիսկ չեն էլ դիտարկում, իսկ ԱԷԿ-ի փակման եւ գազատարի շինարարության հարցում շահագրգիռ են զուտ անվտանգության նկատառումներով։


«Անշուշտ, Իրան - Հայաստան գազատարի միջոցով գազի արտահանումը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն դա ապագայի խնդիր է, ներկայումս այդ մասին խոսակցություններ չկան», - ասաց Հոլցեն՝ հավելելով, որ այստեղ պետք է տնտեսագիտական հաշվարկներ անել: - «Հարաբերությունների նորմալացման դեպքում դուք կարող եք, ասենք, գազամուղ կառուցել դեպի Թուրքիա եւ ձեր տարածքից գազ արտահանել դեպի այդ երկիր»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG