Մատչելիության հղումներ

Քննարկվեցին մարզերում երիտասարդության հիմնախնդիրների լուծման ուղիները


Անցած շաբաթավերջին Ծաղկաձորում ավարտվեց Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացված եռօրյա համաժողովը՝ նվիրված մարզերում երիտասարդության հիմնախնդիրներին:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լիլիթ Ասատրյանի հավաստմամբ, նման համաժողովները, որոնց մասնակցելու են մարզպետարանների համապատասխան պաշտոնյաներ եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շարունակական են լինելու:

«Մենք արդեն ունենք 2004 թվականի մեր տարեկան ծրագիրը, որում հատկապես մեծ տեղ ենք հատկացնում սահմանամերձ, Աղետի գոտու եւ գյուղաբնակ երիտասարդների խնդիրներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փոխնախարարը: - «Տարբեր քննարկումներ ենք ծավալելու մարզերում ձեռներեցության խթանման, սահմանամերձ վայրերում երիտասարդության տարբեր խնդիրները լուծելու ուղղությամբ»:

Բոլոր խնդիրները, որ հուզում են մայրաքաղաքի երիտասարդությանը, ավելի սուր են դրսեւորվում մարզերում. ավելի մեծ է գործազրկությունը, ավելի խղճուկ՝ ժամանցը, ինչի արդյունքում երիտասարդները մեկնում են ծննդավայրից՝ լավագույն դեպքում մայրաքաղաք:

Երիտասարդական քաղաքականություն իրականացնողները մտադիր են բացել մարզային երիտասարդական կենտրոններ եւ մարզպետարաններում ստեղծել երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետների հաստիքներ (սա, ի դեպ, Հայաստանի վարչապետի՝ 1997 թվականի որոշման պահանջն է):

Պետական բյուջեով այս տարի երիտասարդության հարցերի լուծմանը հատկացվելու է 183 միլիոն դրամ: Այդ գումարից 15 միլիոնը ուղղվելու է երեք մարզային երիտասարդական կենտրոնների բացմանը, եւս 15 միլիոնը՝ երիտասարդական միջոցառումները կազմակերպմանը:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի փոխանցմամբ, նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում երիտասարդական կենտրոնի մասնաճյուղեր բացել երկրի բոլոր մարզերում:

Հարկ է նշել, այդուհանդերձ, որ համաժողովի մասնակիցների մեծամասնությունը «բազեականներ էին», իսկ մարզպետարանների ներկայացուցիչների մեծամասնությունը՝ իշխանական կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ:

Համաժողովը ընդունեց բանաձեւ՝ մարզպետարաններում եւ համայնքապետարաններում երիտասարդության հարցերով մասնագետի հաստիքներ բացելու եւ մարզպետարաններին կից երիտասարդության հարցերով խորհուրդներ ստեղծելու վերաբերյալ:


Սոնա Հակոբջանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG