Մատչելիության հղումներ

logo-print
Ուրբաթ օրը պաշտոնական երկօրյա այցով Հայաստան ժամանած Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարեց, թե Հայաստանը «գերազանց գործընկեր» է Վրաստանի համար: Հայաստանյան իր պաշտոնակցի նկատմամբ հաճոյախոսություններում առավել շռայլ Սահակաշվիլին ասաց, թե Հայաստան է եկել ոչ այնքան պաշտոնական, այլ առաջին հերթին «սրտի այցով»:

Նախագահներ Քոչարյանի եւ Սահակաշվիլու առանձնազրույցի ընթացքում, ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի, ընդգծվել է հայ-վրացական հարաբերությունների «բարձր մակարդակը», երկուստեք հաստատվել է «երկկողմ հարաբերություններն ամրացնելու եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու վճռականությունը»:

Առանձնազորւյցից հետո համատեղ մամուլի ասուլիսում Միխայիլ Սահակաշվիլին ասաց, որ Հայաստանի նախագահն իր վրա «խիստ դրական տպավորություն է թողել»:

«Շատ եռանդուն, շատ ընդունակ ղեկավար է, որը շատ լայն է տեսնում տարածաշրջանի խնդիրներն ու միջազգային հարաբերությունները», - ասաց Վրաստանի նախագահը: - «Հայաստանի բախտը բերել է, որ այդպիսի նախագահ ու այդպիսի կառավարություն ունի»:

Սահակաշվիլու խոսքերով, Վրաստանը պետք է օրինակ վերցնի Հայաստանի «լավ կազմակերպված բանակից ու ճանապարհային ոստիկանությունից»:

Հայաստանի նախագահը իր գոհունակությունը հայտնեց տեսակետերի փոխանակման անկեղծությունից: Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ Վրաստանի նախագահի հետ զարմանալիորեն նման տեսակետեր ունեն վրացահայ համայնքի խնդիրների լուծման հարցում: Այսինքն՝ անհրաժեշտ են համարում Վրաստանի հայ համայնքի խորը ինտեգրացումը Վրաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքին:

Սահակաշվիլին, գոհունակություն հայտնելով, որ Հայաստանի նախագահն ամուր դիրքորոշում ունի վրաստանի տարածքային ամբողջականության հարցում, ավելացրեց, որ, ինչպես Վրաստանի ցանկացած քաղաքացի, վրացահայերն էլ պետք է երկրի իրավահավասար քաղաքացի զգան իրենց՝ բոլոր ոլորտներում:

Սահակաշվիլու խոսքերով, Սամցխե-Ջավախեթիի ինքնավարության կարգավիճակի հարցը բացառապես Վրաստանի ներսում լուծելիք հարց է: Եվ կայունությունը արհեստականորեն պայթեցնելու ցանկացած փորձ դատապարտված է նրանով, որ Հայաստանում նախագահ կա, որը «հրաշալի պատկերացնում է կայունության ու խաղաղության նշանակությունը»:

«Նման փորձը հղի է այնպիսի ողբերգությամբ, որ ոչ մեկին խորհուրդ չէի տա այդ մասին նույնիսկ մտածել», - ավելացրեց Վրաստանի նախագահը: - «Այդ առումով Երեւանում գերազանց գործընկեր ունենք եւ միայն լավագույնն են սպասում»:

Պաշտոնական այցի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ այս կապակցությամբ ասվում է. - «Կողմերը կրկին վերահաստատեցին իրենց հավատարմությունը միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, փոխադարձ հարգանքը ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը»:

Երկու նախագահները քննարկել են երկաթուղիների վերաբացման հարցերը, տարածաշրջանում տնտեսական ինտեգրացիային վերաբերող հարցեր:

Քննարկվել է նաեւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների բարելավման ուղղությամբ Վրաստանի աջակցության հարցը, ինչպես նաեւ Վրաստան -Ռուսաստան հարաբերություններում՝ Հայաստանի աջակցության հարցը: Միխայիլ Սահակաշվիլին ընդգծել է, որ այս վերջին հարցում Հայաստանի՝ որպես Ռուսաստանի սերտ դաշնակցի, աջակցությունը խիստ կարեւոր է:

Վրաստանի նախագահը ավելի ուշ եղավ Հայաստանի Ազգային ժողովում՝ հանդիպելով խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի եւ խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը չէին մասնացում ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգայի միաբանություն» խմբակցությունները:

Միխայիլ Սահակաշվիլին այսօր այցելեց նաեւ Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG