Մատչելիության հղումներ

Կառավարությունը փոխհատուցելու է գարնանային ջրհեղեղներից տուժած բնակչության վնասները


Կառավարությունն այսօր որոշեց գարնանային ջրհեղեղների եւ ուժեղ քամիների հետեւանքով տուժած բնակավայրերի բնակչության կրած վնասների փոխհատուցման նպատակով պահուստային ֆոնդից հատկացնել 507 միլիոն դրամ: Պաշտոնյաների հավաստմամբ, հատկացումը միայն նախնական է. առաջիկա օրերին վնասի ողջ ծավալը գնահատելուց հետո, կառավարությունը նոր որոշում կընդունի:

Նիստից հետո տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց, որ հատկացված գումարը կուղղվի մարդկանց կրած վնասների փոխհատուցման հետ կապված սոսկ անհետաձգելի խնդիրների լուծմանը։ Նրա փոխանցմամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօրվա նիստում համապատասխան նախարարներին հանձնարարել է առաջիկա տասը օրում հիմնավոր ու ամբողջական հաշվարկներ անել եւ դրա հիման վրա կառավարության նոր որոշման նախագիծ նախապատրաստել։ Միաժամանակ արտգործնախարարությանը հանձնարարվել է տարերքի պատճառած վնասների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել հավանական արտաքին դոնորներին, եւ առաջին հերթին՝ Համաշխարհային բանկին։

Հատկացված գումարից մոտ 130 միլիոն դրամ հատկացվել է Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Արարատի մարզերի անօթեւան մնացած 50 ընտանիքների բնակարանների ձեռքբերման նպատակով։ Գումարներ են հատկացվել նաեւ տուժած բնակավայրերի դպրոցների վերականգնմանը:

200 միլիոն դրամ կհատկացվի գյուղատնտեսության նախարարությանը՝ 90 միլիոնը սերմացուի ձեռքբերման եւ 110 միլիոնը 7 հեղաղատարների մաքրման նպատակով։ Հովիկ Աբրահամյանի փոխանցմամբ, առնվազն 2500 հեկտար գարնանացան ցորենի մշակված հողատարածություններ են քշվել-լվացվել ջրհեղեղների հետեւանքով: 60 միլիոն դրամ կառավարությունը տրամադրել է, որպեսզի տուժած գյուղացիները կարողանան շուկայականից էժան՝ պարկը 3700 դրամով պարարտանյութ գնել:

Տարածքային կառավարման նախարարի խոսքերով, հավելումն տարերային աղետների պատճառած վնասների փոխհատուցման, կառավարության անդամների մարզեր կատարած այցերի արդյունքների հիման վրա վարչապետը հանձնարարել է հողագործ գյուղացիներին օժանդակել տեխնիկայով, ինչպես նաեւ անվճար հատկացնել 22 տոննա թունաքիմիկատ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG