Մատչելիության հղումներ

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը կվաճառվի ամերիկյան ընկերությանը


Հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստում, ի թիվս մասնավորեցմանը վերաբերող այլ որոշումների, ընդունվել է ամերիկյան «Կոնսապ» ընկերության առաջարկությունը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը գնելու վերաբերյալ՝ պայմանով, որ հանքարդյունաբերության ոլորտում զգալի փորձ ունեցող այդ կազմակերպությունը այդտեղ ներդրումային ծրագիր իրագործի։ Կատարվելիք գործարքի մանրամասներ չեն հաղորդվում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, ստեղծել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնավորեցման միջգերատեսչական հանձնաժողով՝ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորությամբ, որը, ենթադրաբար, մետալուրգիական այդ հսկան պետք է նախապատրաստի մասնավորեցման։

Կառավարության այլ որոշումներով Երեւանի կենտրոնում գնտվող «Այրարատ» կինոթատրոնի շենքը վաճառվել է այն վարձակալած «Նարեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ
«Դվին» հյուրանոցային համալիրը՝ «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը: Ուշագրավ են գները. եթե «Այրարատ» կինոթատրոնը վաճառվել է 500 հազար դոլարով (ինչը, անշուշտ, նույնպես բավական ցածր գին է այդպիսի վայրում գտնվող այդպիսի շինության համար), ապա Երեւանի երբեմնի լավագույն հյուրանոցային համալիրը վաճառվել է ընդամենը 100 հազար դոլարով (այդ գումարը համարժեք է մայրաքաղաքի կենտրոնում 4 սենյականոց բնակարանի գնին):

Դժվար է հասկանալ խոշոր հյուրանոցային համալիրը նման գնով վաճառելու տրամաբանությունը: Ամեն դեպքում, կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում «Դվին»-ի հնարավոր պարտքերի կամ գնորդի կողմից դրանք փոխհատուցելու վերաբերյալ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG