Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը ճգնաժամային չի համարում իրավիճակը


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, չորեքշաբթի օրը Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով իր նախագահության օրոք երկրի ձեռքբերումները, հայտարարեց, որ Հայաստանում որեւէ ճգնաժամ չկա:

«Քաղաքական ճգնաժամ կոչել մի իրավիճակ երկրում, որտեղ 13,9 տոկոս տնտեսական աճ կա, որտեղ բոլոր ցուցիշներով ակնհայտ են բավական հետաքրքիր զարգացումներ, առնվազն նշանակում է լավ չպատկերացնել, թե ինչ է նշանակում ճգնաժամ», - ուսանողներից մեկի հարցին ի պատասխան ասաց նախագահը:

Մինչեւ ուսանողների հարցերին պատասխանելը Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել էր անցած տարի իր վերընտրությունից հետո կատարած աշխատանքը եւ առաջիկա տարիների անելիքները՝ երկրի նորագույն պատմության մեջ «աննախադեպ» որակելով ձեռք բերված ցուցանիշները:

«Դրանք աննախադեպ ցուցանիշներ են մեր նորագույն պատմության մեջ՝ անկախություն ձեռք բերելուց հետո եւ լավագույն ցուցանիշներն են ԱՊՀ երկրների մեջ»:

Նախագահի խոսքերով, առաջին տարվա համար նախատեսված միջոցառումները կատարվել են 100 տոկոսով, իսկ հետագա 4 տարիներին գլխավոր խնդիրը լինելու է «կյանքի որակի բարելավումը»՝ շուրջօրյա ջրամատակարարում, գազամատակարարում (իր ձեւակերպմամբ՝ «ավելի կոմֆորտային վառելիք օգտագործելը»), որակյալ փողոցներ ու ճանապարհներ, քաղաքների լուսավորություն:

Սուր հարցադրումներ նույնպես եղան: Ուսանողներից մեկը, հղում անելով Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի վերջին զեկույցին, որն անդրադարձել է անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումներին, հարցրեց, թե լեգիտիմության աստիճանը խանգարու՞մ թե՞ օգնում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում:

«Լեգիտիմության աստիճանը ինձ օգնում թե՞խանգարում է: Օգնում է: Հանգստացա՞ք», - պատասխանեց նախագահը:

Բազմաթիվ հարցեր հնչեցին ուսանողների բողոքի արդյունքում կառավարության կողմից հետ կանչված «Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագահը ասաց, որ ինքը նույնպես ժամանակավրեպ է համարում այդ օրինագիծը: Նրա խոսքերով, պետք չէր Ազգային ժողով ներկայացնել օրինագիծը, քանի դեռ կարգավորված չէ բուհական համակարգի օրենսդրական դաշտը:

Այդուհանդերձ, երկրի նախագահը ասաց, որ համաձայն է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ, որ 18 տարին լրանալուն պես բոլոր երիտասարդները զորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG