Մատչելիության հղումներ

Հունաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են անդրադառնալ «ԱրմենՏել»-ի վրա


Անցած կիրակի Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթել է ընդդիմադիր «Նոր ժողովրդավարներ» կուսակցությունը, որի ղեկավարները նախընտրական շրջանում բազմիցս հայտարարել են, թե իշխանության գալու դեպքում անպայման վաճառքի են հանելու հիմնական մասով պետական OTE ընկերությանը պատկանող «ԱրմենՏել»-ի 90 տոկոսանոց բաժնեմասը։

OTE ընկերության տնօրենների խորհրդի անդամների գերակշիռ մասը՝ այդ թվում նաեւ «ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գեորգիուս Վասիլակիսը, խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած Համահունական սոցիալիստական շարժման՝ «Պասոկ»-ի անդամներ են: Այժմ, սակայն, չի բացառվում, որ շատ մոտ ապագայում Աթենքից «ԱրմենՏել»-ի նոր գլխավոր գործադիր տնօրեն գործուղվի արդեն «Նոր ժողովրդավարներ»-ից:

Ներկայիս տնօրեն Վասիլակիսը, ում աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսին, թերեւս ավարտին կհասցնի «ԱրմենՏել»-ի հետ կապված դատական գործերը Լոնդոնի արբիտրաժային դատարանում:

Միջազգային այդ դատարանի վարույթում երկու հայց կա ընդդեմ Հայաստանի կառավարության. առաջինը «ԱրմենՏել»-ի գլխավոր բաժնետեր OTE ընկերության հայցը, որով հունական այդ ընկերությունը 300 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում Հայաստանի կառավարությունից, եւ երկրորդը՝ բուն «ԱրմենՏել»-ի հայցը, որով վիճարկվում են կատարված ներդրումների ծավալի եւ ստացիոնար հեռախոսակապի րոպեավճարի խնդիրները:

Ամեն դեպքում, Հայաստանի կառավարության որոշմամբ «ԱրմենՏել»-ը զրկվել է բջջային կապի եւ տեղեկությունների փոխանցման միջազգային ելքի բացառիկ իրավունքից (թեեւ որոշման կատարումը հետաձգվել է մինչեւ ամառ): Ազատականացվելիք ոլորտում աշխատել հավակնող ընկերություններից մեկը՝ «Միավորված կապի համակարգեր - Զվեզդա» ընկերությունը չորեքշաբթի օրը երեւանյան իր գրասենյակում ներկայացրեց բիզնես-ծրագիրը:

Երեւանում գրանցված հայ-ռուս-ամերիկյան այդ ընկերության գործադիր տնօրեն Էդուարդ Հակոբյանը հետեւյալ կերպ ձեւակերպեց իրենց նպատակը. - «Առողջ, շահավետ եւ քաղաքական շահերից շատ հեռու բիզնես»:

Նրա փոխանցմամբ, առաջիկա օրերին ընկերությունը կվերակազմավորվի 100 տոկոսով արտասահմանյան կապիտալով ընկերության, որի բաժնետոմսերը կբաշխվեն ռուսական, բրիտանական եւ հունական ընկերությունների միջեւ։ Հակոբյանը խուսափեց նշել, թե կոնկրետ որ ընկերությունների մասին է խոսքը, սակայն ասաց, թե դրանք «հզոր եւ լուրջ դիրքեր ունեցող» ընկերություններ են:

Հայաստանի տարածքի 95 տոկոսը ծածկող ցանցը կառուցելու համար ըկերությունը պատրաստ է 60 միլիոն եվրո արժողությամբ ներդրումներ անել ու ստեղծել շարժական GMS կապի ամենաարդիական՝ երրորդ սերնդի տեխնիկայի վրա հիմնված կապի համակարգ, որը ի վիճակի կլինի սպասարկել 1 միլիոն 200 հազար բաժանորդի: Իսկ բիզնես ծրագիրը հաշվարկված է 500 հազար բաժանորդի հաշվով, ինչը նշանակում է, թե առնվազն այդքան բաժանորդի դեպքում ցանցը շահութաբեր կլինի։

Ընկերության առաջարկած սակագները մի քանի անգամ ավելի ցածր են, քան «ԱրմենՏել»-ի՝ այսօր գործող սակագները. անվճար միացում ցանցին, անվճար ու անսահմանափակ ներցանցային խոսակցություններ: Րոպեավճարը գործելու է միայն միջազգային խոսակցությունների ժամանակ՝ մեկ րոպեն 15 ամերիկյան ցենտին համարժեք դրամ սակագնով, ամսական բաժանորդավճարը սահմանվելու է ընդամենը 10 դոլարի համարժեքը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG