Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Լույս տեսնելով եռօրյա ընդմիջումից հետո՝ «Հայոց աշխարհ» թերթն արձանագրում է. - «Պարզվեց, որ հայրենիքն առանց հսկողության չի կարելի թողնել բառացիորեն եւ ոչ մի օր։ Բազում անըմբռնելի բաներ են կուտակվում»։ Նկատի է առնվում նախ եւ առաջ քաղաքական կողմերի պահվածքը՝ թե' իշխանության եւ թե' ընդդիմության: «Հայոց աշխարհ»-ի խմբագիրը մասնավորապես գրում է. - «Ես չեմ հասկանում մարդկանց, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում կառավարող կոալիցիայում, եւ ինչու են դրա անդամները մշտապես իրար միս ուտում։ Հասկացե'ք, հասկանալ դա անհնար է. դա պետք է մտապահել։ Կոալիցիայի անդամներից ոմանք կողմ են նախագահին, իսկ մյուսները՝ դեմ են նրանց, ովքեր կողմ են նախագահին, բայց ըստ որում՝ իրենք նույնպես լրիվ կողմ են նախագահին։ Մի՞թե այդքան դժվար է մտապահել։ Պարզապես յուրաքանչյուրն իր ուրույն երջանկությունն ունի... Վերջերս կոռուպցիայի դեմ պայքարի ալիքին թառած մեր բարձրաստիճան չինովնիկներից մեկը ասաց, որ անհրաժեշտ է ստեղծել իշխանություններից անկախ հատուկ վերահսկիչ մարմին։ Պատկերացնո՞ւմ եք. ոմն անկախ վերահսկիչ հանկարծ չարաշահումներ է բացահայտում նախագահի շրջապատում։ Նախագահը սառը քրտինքի մեջ, նյութերը գնում են դատարան, շրջապատը՝ առաջին դեմքի հետ միասին, հրաժարական են տալիս։ Երկիրը կոչվում է Շվեյցարիա»։ Ընդդիմությունից էլ այս անդրադարձում բաժին է հասել հատկապես Արտաշես Գեղամյանին. - «Ես չեմ հասկանում, ինչո՞ւ անթառամ Գեղամյանն իրեն խարակիրի չի անում։ Ինչի՞ է սպասում, ինչո՞ւ է հապաղում։ Այսօր արդեն մարտի 10-ն է, իսկ սույն ստախոսը խոստացել էր աշխարհին, թե գարունը կդիմավորենք առանց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի... Հմայակ Հովհաննիսյանն էլ օրերս լքեց «Ազգային միաբանություն»-ը։ «Իսկ գուցե դրա պատճառն իր կողմից ծիծաղելի գնով սեփականաշնորհված հսկայական տարա՞ծքն էր Երեւանի կենտրոնում», - հարցնում է ինձ ներքին ձայնս»։

«Առավոտ» թերթում այսօր բերված է մի հատված օրերս Կոտայքի մարզում Արտաշես Գեղամյանի ելույթից՝ որպես խիստ համահունչ «Օրինաց երկիր» կուսակցության դեմ Հմայակ Հովհաննիսյանի ծավալած քարոզչությանը: Արտաշես Գեղամյանը սահմանում է. - «Միայն ճամարտակություն է այն քննադատությունը, որն ուղղված է իշխանության մեջ հայտնված այս կամ այն քաղաքական գործչին նսեմացնելուն, վարկաբեկելուն՝ թողնելով մայր պատճառը: Իսկ բուն պատճառը Հայաստանում երկու մարդ են՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, եւ ով իրենց շրջանցում է եւ սկսում զանազան մանրապճեղ քաղաքական գործիչների՝ թեկուզ բարձր պաշտոն ունեցող, քննադատել, ուրեմն փորձում է ուշադրություն շեղել մայր հարցից»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հավաստիացրել է. - «Մեկ շաբաթ կամ տասը օր հետո «Արդարություն» դաշինքը կհրապարակի իշխանափոխության գործընթացի սկսման կոնկրետ ժամկետը»: Այս դաշինքից «Առավոտ» թերթում էլ տրամադրություններ են փոխանցվում, որ երեկվա նիստում որոշվել է ավելի ակտիվացնել ժողովրդի հետ հանդիպումները: Կրկին վստահեցվում է, թե իրավիճակի գնահատականներում դաշինքի անդամ բոլոր ուժերը համակարծիք են, ինչպես նաեւ համակարծիք են հետագա քայլերի ուղղությամբ։ «Առավոտ»-ի մեկնաբանն ամփոփել է. - «Մնում է միայն պարզել՝ ժողովուրդը կամ ժողովրդի առավել ակտիվ ու հեղափոխական մասը պատրա՞ստ է կոնկրետ քայլերի, այսինքն՝ հասունացե՞լ է իշխանափոխության հասարակական պահանջը։ Որքան հասցրինք նկատել՝ դաշինքի անդամ կուսակցությունների միջեւ այս հարցում որոշակի տարակարծություն կա՝ մի մասը վստահ է, որ ժողովուրդը պատրաստ է կտրուկ քայլերի, մյուս մասը վստահ է, որ դեռեւս ժամանակը չէ»։

«Ազգ» թերթի ընդգծմամբ, Լեւոն ՏերՊետրոսյանը վերջին շրջանում սկսել է ավելի հաճախ հանդիպել (ընդունել) Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանին, եւ այդ շփումները խրախուսում է բրիտանահայ մեծահարուստ Վաչե Մանուկյանը։ «Ազգի» տեղեկություններով, Մանուկյանը եւ Հայաստանի առաջին նախագահը Քոչարյանին իշխանությունից հեռացնելու եւ նոր նախագահի փնտրտուքներում «խաղագումար» չեն դնում Արամ Սարգսյանի վրա։ Վերջինս իշխանափոխության հարցում կարեւորվում է լոկ որպես հարվածային զինվոր, իսկ նոր նախագահացուի հավանական թեկնածուների անունները ճշգրտվում են։ Ըստ «Ազգ»-ի, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը Հայաստանի ապագա նախագահացուների ցուցակում այնքան էլ լրջորեն չի ընդունվում՝ «իր անվճռականության եւ քաղաքական փորձի պակասի պատճառով»։

«Զուտ տեսականորեն ոչ մի սենսացիոն բան չկա, որ հայրենի կառավարության անդամները գնում են մարզեր եւ հանդիպում այնտեղի բնակիչների հետ: Հակառակը, դա պաշտոնատար անձանց ուղղակի պարտականությունն է՝ գնալ ու հանդիպել ժողովրդի հետ՝ առավել լավ ծանոթանալու նրանց խնդիրներին, որոնց լուծելուն կոչված են ի պաշտոնե: Այլ հարց է, որ նման ավանդույթ մեր կառավարությունը նախկինում չուներ: Եւ ամենեւին էլ տարօրինակ չէ, որ կառավարության անդամների՝ նախընտրական շահախնդրությամբ չպայմանավորված այս աշխուժությունը կարող է որեւէ մեկին շատ կասկածելի թվալ», - բխեցնում է «Առավոտ» թերթը: Այստեղ նաեւ շեշտված է. - «Նախարարները մարզեր ստիպված են այցելել կոալիցիոն ողջ կազմով: Իսկ դա նշանակում է, որ դաշնակցականները չեն կարող մեղքը բարդել հանրապետականների վրա, վերջիններս էլ չեն կարող մարզերի բնակիչներին գոնե աչք-ունքով հասկացնել, որ ամեն ինչի մեղավորն «Օրինաց երկիր»-ն է: Ակնհայտ է, որ նման այցելություններն ամենեւին էլ նրանց սեփական նախաձեռնությամբ չէ, որ կազմակերպվել են: Ինչ-որ մեկը շատ է ցանկացել՝ նրանց նման փորձության ենթարկել: Նման այցելություններն ավելի են ընդգծում այն իրողությունը, որ կոալիցիայի անդամներն ինչպես անհամերաշխ եղել են, այդպես էլ շարունակում են: Այնպես որ, շատ հնարավոր է, որ նախարարներին մարզից մարզ են քշում կառավարական կոալիցիան վերջնականապես վարկաբեկելու եւ այդ կոալիցիայի անդամներին միմյանց հետ թշնամացնելու նպատակով: Որպեսզի», - ենթադրում է «Առավոտ»-ը, - «կոալիցիայի առավել դժգոհ անդամներն իրենց սեփական նախաձեռնությամբ դուրս գան կոալիցիայից: Իսկ դրանից հետո արդեն հեշտ կլինի նոր կաբինետ ձեւավորել բացառապես նախագահին նվիրված, այլ ոչ թե՝ ինչ-որ ներկուսակցական կամ նախընտրական պարտավորություններին հավատարիմ մարդկանցից»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG