Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի մարդասպանի դատավճիռը կկայացնի «անկախ հունգարական դատարանը»


Հայաստանում Հունգարիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆերենց Կոնտրան (նստավայրը՝ Մոսկվա) երեքշաբթի օրը հավաստիացրեց, որ անցած ամիս Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի զինվորականի նկատմամբ դատը տեղի կունենա Հունգարիայում:

Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, այդ երկիրը ձգտում է Հունգարիայի իշխանություններից հետ ստանալ մարդասպանին՝ դատավարությանից առաջ կամ հետո: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում դեսպանը այդ կապակցությամբ ասաց. - «Նման ծանր հանցագործությունների դեպքում, սովորաբար, դատավարությունը տեղի է ունենում մեր երկրում եւ մեղադրվողն էլ դատապարտվում է հունգարական օրենքներով ու պատիժը կրում է Հունգարիայի բանտում»:

Այսօր Հայաստանի նախագահին իր հավատարմագրերը հանձնած Ֆերենց Կոնտրան ասաց նաեւ, որ նախագահ Քոչարյանի ու արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպումների ժամանակ իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին եւ սպանված զինվորականի՝ Գուրգեն Մարգարյանի ընտանիքին եւ ափսոսանք է արտահայտել, որ Հունգարիայի պետությանը չի հաջողվել կանխել այդ հանցագործությունը ու պահպանել երիտասարդ սպայի կյանքը:

«Դա կարող էր տեղի ունենալ ցանկացած վայրում», - ասաց նա՝ ավելացնելով. - «Սակայն դա ցույց տվեց նաեւ, որ Կովկասում ամեն ինչ չէ, որ կարգին է»:

Հարցին, թե ինչ պատիժ է սպասվում մարդասպանին Հունգարիայում եւ հնարավոր է, որ երբեւէ հանցագործը վերադարձվի Ադրբեջանին, դեսպանը պատասխանեց. - «Շատ դժվար է ասել: Եթե մեկը, ասենք, դատապարտվում է ցմահ բանտարակության, ապա դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է լինել 20-25 տարի անց: Կարող եմ ասել միայն, որ դատավճիռը կկայացնի անկախ հունգարական դատարանը»:

Նա ավելացրեց, որ այլեւս միանշանակ է, որ կատարվածը կանխամտածված սպանություն էր: Դեսպանի խոսքերով, դատավարությունը կարող է սկսվել արդեն մոտ ապագայում:

Ադրբեջանական աղբյուրները, մինչդեռ, հաղորդում են, որ Սաֆարովի համար հունգարացի փաստաբան է վարձվել: Հաղորդվում է նաեւ, որ մոտ օրերս Բուդապեշտ է մեկնելու Ադրբեջանի գլխավոր դատախազության պատվիրակությունը:

Հայկական կողմը ակնդետ հետեւում է գործի ընթացին: «Ավստրիայում Հայաստանի դեսպանը, որը հավատարմագրված է նաեւ Հունգարիայում, անընդհատ հետեւում է հետաքննության ընթացքին եւ Հայաստանի իշխանությունների կարծիքը պարբերաբար ներկայացնում է հունգարական իշխանություններին», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի իշխանությունները պահանջում են, որ հանցագործը ստանա «պատժի առավելագույնը»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG