Մատչելիության հղումներ

Ինչպես երեքշաբթի օրը հայտնել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Սահակաշվիլին գալիք ուրբաթ երկօրյա պաշտոնական այցով կժամանի Երեւան: Այցի ընթացքում քննարկվելու է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Ըստ նախագահ Քոչարյանի մամլո ծառայության, Վրաստանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ զարգացման նախարարները, խորհրդարանականներ, Սամցխե-Ջավախքի շրջանում Վրաստանի նախագահի ներկայացուցիչը, պաշտոնական այլ անձինք:

Առաջիկա այցը նախագահ Քոչարյանի եւ «վարդյա հեղափոխության» արդյունքում Վրաստանում տարեսկզբին ընտրված նախագահ Սահակաշվիլու առաջին հանդիպումն է լինելու: Այցի շրջանակներում նախատեսված են վերջինիս հանդիպումները Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ: Վրաստանի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Մեծ Եղեռնի հուշահամալիր:

Պաշտոնական այցի ընթացքում կքննարկվեն նաեւ Ջավախքին վերաբերող հարցեր: Ավելի վաղ Միխայիլ Սահակաշվիլին ասել էր, թե Թբիլիսին ավելի մեծ ուշադրություն է հատկացնելու հայաբնակ այդ շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրներին:


Ազգային ժողովում Դաշնակցության խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իրենք կողմ են, որ Ջավածքը դառնա «հայ-վրացական բարեկամության կենտրոն»: Դա, ըստ Մկրտչյանի նշանակում է անել ամեն ինչ, որպեսզի պաշտպանվեն ջավախքահայության իրավունքները՝ այդ թվում «մշակութային, տնտեսական», եւ նրանք իրենց զգան Վրաստանի լիիրավ քաղաքացիներ:

Մկրտչյանը նաեւ հերքեց միջազգային լրատվամիջոցների տարածած լուրերը, թե Դաշնակցությունը հետամուտ է Ջավախքի անկախացմանը:

«Շատ հստակ է մեր դիրքորոշումը», - ասաց նա: - «Եթե Ջավախքում, Վրաստանի ընդհանուր ֆեդերալիզացիայի պայմաններում, դրվի ինքնավարության կարգավիճակ ունենալու հիմնահարց՝ միանշանակ Վրաստանի կազմում, ապա դա կգտնի նաեւ Դաշնակցության աջակցությունը»:

Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով, Ջավախքի ինքնավարության հարցերը «պիտի քննարկվեն հենց Վրաստանում»:

Անդրադառնալով առաջիկա այցին, Տիգրան Թորոսյանը ասաց, որ Վրաստանը, իր կարծիքով, պիտի փորձի «հավասարակշռված քաղաքականություն» վարել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Օրերս վրաց գործարարների հետ հանդիպման ժամանակ Սահակաշվիլու առաջադրած «Կովկասյան ընդհանուր շուկա՝ Ռուսաստանի մասնակցությամբ» ծրագրի առնչությամբ Տիգրան Թորոսյանը ասաց, թե գաղափարը շատ լավն է. - «Բայց, համոզված եմ, դրա իրականացումը բավականին հեռու ժամանակների համար է»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG