Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած որոշումներով, դեռեւս այս տարվա հունվարի 1-ից դադարել են օրինական վճարամիջոց լինել 1993 թվականի թողարկման 50 եւ 100 դրամանոց թղթադրամները, մարտի 1-ից ուժը կորցրել են 1994 թվականի թողարկման 1000 դրամ անվանական արժեքի դրամանիշները, իսկ գալիք ապրիլի 1-ից դադարում են օրինական վճարամիջոց լինել նաեւ 1993 թվականի թողարկման 10, 25, եւ 200, ինչպես նաեւ 1998 թվականի թողարկման 50 եւ 100 դրամանոց թղթադրամները։ Բանկի պատասխատուների հավաստմամբ, թղթադրամները 20,50, 100, 200 եւ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամներով փոխարինելը դրամի արժեզրկման դրսեւորում չէ եւ ոչ էլ կարող է հանգեցնել արժեզրկման:

Երեքշաբթի օրը Կենտրոնական բանկի Էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետ Գեւորգ Թումանյանը հավաստիացրեց, թե այդ դրամափոխությունից ոչ ոք ոչ մի լումա չի կորցնի: Նրա խոսքերով, շրջանառությունից դուրս եկած թղթադրամները պահպանում են իրենց արժեքը եւ կփոխանակվեն «առանց որեւէ բարդությունների»:

Մանր թղթադրամների փոխարինումը մետաղադրամներով Կենտրոնական բանկը բացատրում է բացառապես տնտեսական նպատակահարմարությամբ եւ վստահեցնում է, որ այդ քայլը ոչ մի դեպքում չի հանգեցնի դրամի արժեզրկման եւ այդ փոխարինումը դրամի արժեզրկման դրսեւորում չէ։

Ցածր անվանական արժեքի թղթադրամների շրջանառությունը, դրանց տպագրությունից մինչեւ գործածությունից դուրս հանելը անհամեմատ թանկ է նստում, քան մետաղադրամներինը։ Օրինակ, 50 եւ 100 դրամանոց թղթադրամների գործածության ժամկետը 6-10 ամիս է, 500 դրամանոցներինը՝ 18-20 ամիս։ Մետաղադրամների գործածության ժամկետը, մինչդեռ,15-20 տարի է, եւ, Գեւորգ Թումանյանի խոսքերով, ամենացածր անվանական արժեքի մետաղադրամների հատման ծախսերը ավելի ցածր են, քան նույն անվանական արժեքի թղթադրամների տպագրության ծախսերը:

Բացի այդ, մետաղադրամները ավելի քիչ են ենթակա կեղծման ռիսկի։ «Մետաղադրամ կեղծելը շատ թանկ է, եւ այդ գործի մեջ դրամանենգների արած ներդրումները, այսպես ասած, իրենց չեն արդարացնում», - ասաց Գեւորգ Թումանյանը:

Այսպիսով, ապրիլի 1-ից հետո պաշտոնապես շրջանառության մեջ կլինեն միայն 500 դրամանոց եւ ավելի մեծ արժեքի թղթադրամները։ Ընդ որում, 500 դրամանոց թղթադրամները նույնարժեք մետաղադրամներին զուգահեռ կշրջանառվեն մինչեւ 2005 թվականի սեպտեմբեր ու այդ ընթացքում չեն համալրվի նոր թղթադրամներով. շրջանառությունից դուրս եկած 500 դրամանոց թղթադրամները կփոխարինվեն նույնարժեք մետաղադրամներով։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG