Մատչելիության հղումներ

Ի՞նչ են խորհրդանշում ծաղիկները


Այսօր՝ Կանանց միջազգային տոնին, գրեթե ամբողջ աշխարհում կանայք ու աղջիկները ծաղիկներ են ստանում: Յուրաքանչյուր ծաղիկ, մինչդեռ, որոշակի խորհրդանիշ է, եւ ցանկալի է, որ ինչպես ծաղիկ նվիրողը, այնպես էլ ստացողը իմանա դա:

Կանանց ծաղիկ նվիրելու ավանդույթը գալիս է վաղնջական ժամանակներից: Առաջին ծաղիկները նվիրել է իր կողակցին մարդկության նախահայր Ադամը. Դրախտից վտարվելու օրը ձյան փաթիլները ձնաղիկներ դարձան, եւ դրանց փունջը դարձավ առաջին տղամարդու նվերը առաջին կնոջը:

Ծաղկարվեստի խորհրդատու Դոնարա Կոստանդյանի խոսքերով, ծաղիկը, ըստ հնդկական լեգենդի, ստեղծված է սիրելիներին նվիրելու համար: Փնջի տեսքով ծաղիկը նվիրելու սովորությունը գալիս է Ֆրանսիայից, 16-րդ դարից: Մինչ այդ ծաղկեփնջերը սոսկ ինտերիերի ձեւավորման համար էին ծառայում:

Պետք է իմանալ, թե ում ինչպիսի ծաղիկներ է հարկավոր նվիրել: Հանրահայտ է, որ վարդը սիրո խորհրդանիշն է: Ըստ Դոնարա Կոստանդյանի, խոլորձը կանացի խորհրդավորության խորհրդանիշն է: Շուշանը խորհրդանշում է քնքշանք ու նուրբ զգացմունքներ. դրանք սովորաբար նվիրում են երիտասարդ կանանց ու աղջիկների: Դեռահաս աղջնակներին կարելի է նվիրել մանուշակների ու ձնծաղիկների, քրիզանթեմի գլխիկների փնջեր:

Տարիքով կանանց գերադասելի է նվիրել բացված եւ ավելի մուգ երանգների ծաղիկներ:

Քանի որ Մարտի 8-ը գարնանային տոն է, լավագույն նվեր են, անշուշտ, գարնանային ծաղիկները: «Գարնանային ծաղիկները խորհրդանշում են նոր կյանքի սկիզբ», - ասում է տիկին Կոստանդյանը: - «Կակաչը մարդկային երջանկության խորհրդանիշն է: Ըստ լեգենդի, կակաչը, որ ոչ մի կերպ չէր հաջողվում բացել, բացվել է միայն մանկան անհոգ ծիծաղի շնորհիվ: Այդ պատճառով էլ կակաչներ ու վարդակակաչներ կարելի է նվիրել նաեւ երեխաներին»:

Դեղին ծաղիկները, հակառակ տարածված պատկերացման, դավաճանության խորհրդանիշը չեն: Դեղինը ջերմության, արեւի գույնն է եւ հավերժության խորհրդանիշը: Կարմինը կրքոտ սիրո, սեքսի խորհրդանիշ է, վարդագույնը՝ մեղմության ու քնքշանքի, սպիտակը՝ հույսի, հավատի ու սիրո, առաքինության ու մաքրության: Ավելի թախծոտ են «սառը» գույները՝ կապույտը, երկնագույնը, մանուշակագույնը, եւ խորհրդանշում են թեթեւ թախիծ, նաեւ բարեկամություն:

Դոնարա Կոստանդյանը ասաց նաեւ, թե սխալ է մտայնությունը, թե զույգ թվով ծաղիկները սքո արարողությունների համար են, իսկ կենտ թվովը՝ ուրախությունների: «Միայն 4 թվից պետք է խուսափել, քանի որ ճապոներենում «չորս» եւ «մահ» բառերը համահունչ են», - բացատրեց նա: - «Քանի որ ամբողջ աշխարհի ծաղկարվեստը խորապես սնուցվել է ճապոնական արվեստից, դա տարածվել է մյուս զույգ թվերի վրա»:

«Մաքսլիբերտի»-ի ողջ աշխատակազմը շնորհավորում է բոլոր կանանց ու աղջիկներին ու մաղթում, որ գեղեցիկ ծաղիկներ ստանան իրենց սիրելիներից եւ՝ ոչ միայն Մարտի 8-ի կապակցությամբ:


Անուշ Մկրտչյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG