Մատչելիության հղումներ

Հրազդանի վարարման հետեւանքով աղտոտվել է մայրաքաղաք մտնող խմելու ջուրը


Եղանակի կտրուկ տաքացման հետեւանքով անցած շաբաթ վարարած Հրազդան գետի ջրերը ողողել էին մի քանի պոմպակայաններ: Արդյունքում մայրաքաղաքի որոշ համայնքներում խմելու ջուրը աղտոտվել էր: Դեռեւս անցած ուրբաթ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը, դրա ներկայացուցչի փոխանցմամբ, համակարգում արտակարգ իրավիճակ է հայտարարել: Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում Երեւանի բոլոր համայնքներում:

Շենգավիթ համայնքում, օրինակ, պղտոր ջուր է մատակարարվել դեռեւս ուրբաթ օրը, բայց «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունում վստահեցնում են, որ շատ արագ իրականացրել են կանխարգելիչ միջոցառումներ. ջրազրկել են թաղամասը եւ հույս ունեն, որ չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ անցած հոկտեմբերին Արաբկիր համայնքում, երբ վարակված ջուրը հանգեցրեց դիզենտերիայի համաճարակի:

«Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերության լրատվության հարցերով պատասխանատու Մուրադ Սարգսյանի խոսքերով, մի քանի մետր բարձրացած ջուրը Հրազդան գետում ողողել է պոմպակայանի տարածքը:

Նրա փոխանցմամբ, կան «որոշակի տեխնիկական կառույցներ», որոնք նախատեսված են վարարումների դեպքում գետի ջուրը խմելու ջրին խառնվելը կանխելու համար: «Սակայն, քանի որ վարարումը աննախադեպ էր, երկար տարիներ այդպիսի բան Երեւանում չէր եղել, որոշակի քանակություն այդ պղտոր ջրից ներթափանցել է ջրախողովակը, որը ջուր է մատակարարում Շենգավիթի համայնքին», - ավելացրեց Սարգսյանը:

Հարցին, թե կոնկրետ ինչ վարակի վտանգ կա, Մուրադ Սարգսյանը պատասխանեց, թե ինքը «կոմպետենտ» չէ՝ միաժամանակ վստահեցնելով. - «Այն ջուրը, որ մենք տալիս ենք, ընդհանուր առմամբ, մեր պահանջներին բավարարում է»:

Նա ասաց նաեւ, որ ընկերությունը ստիպված է եղել արգելել շուրջ 2000 լիտր ջրի օգտագործումը, ինչը, բնականաբար, չէր կարող չազդել Երեւանի ջրամատակարարման վրա: Նույնիսկ այն թաղամասերը, որոնք անցել էին շուրջօրյա ջրամատակարարման, այս օրերին խմելու ջուր կստանան գրաֆիկով:

«Սրանք ժամանակավոր միջոցառումներ են», - հավաստիացրեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ ներկայումս մատակարարվող ջուրը ապահովության նպատակով 20 տոկոսով ավելի քլորացված է: - «Եթե մենք ջուրը տալիս ենք, կնշանակի ջրի որակը համապատասխանում է ներկայացվող չափանիշներին»:

Նա հավաստիացրեց նաեւ, որ երկուշաբթի երեկոյան ջուր կմատակարարվի մայրաքաղաքի ջրազրկված գրեթե բոլոր թաղամասերին:

Շենգավիթ համայնքի բնակիչներից մեկը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ կիրակի օրը իրենց շենքի բնակարաններ են այցելել Սանէպիդկայանի աշխատակիցները եւ զգուշացրել, թե հարկավոր է խուսափել անգամ եռացրած ջուր օգտագործելուց:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանողի տնօրեն Արա Ասոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մինչեւ երկուշաբթի օրը հիվանդների հոսք չի եղել:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG