Մատչելիության հղումներ

Ալբերտ Բազեյան. «Հայաստանի ապագան ժողովրդավարությունն է, որը պետք է սկսվի ազատ եւ արդար ընտրություններով»


Շաբաթ օրը «Արդարություն» դաշինքի խորհրդի նիստում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները վերահաստատել են իշխանափոխություն իրականացնելու իրենց վճռականությունը, սակայն ձեռնպահ են մնացել մանրամասներ ու ժամկետներ նշելուց:

Նիստում, հստակեցնելով հետագա անելիքները, համաձայնության են եկել, որ հարկավոր է շարունակել ժողովրդի հետ հանդիպումները: «Մեր բոլոր հանդիպումների ընթացքում ժողովուրդը «Արդարություն» դաշինքի առջեւ դնում է արմատական խնդիրներ եւ պահանջում օր առաջ ազատվել Քոչարյանի ռեժիմից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Դաշինքում մենք քննարկվում ենք նաեւ ժամկետները: Դրա վերաբերյալ մենք ժողովրդին եւ զանգվածային լրատվության միջոցներին տեղյակ կպահենք... Մենք հետեւողական ենք ժողովրդի ներկայացրած պահանջը իրականացնելու հարցում»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը նույնպես ձեռնպահ մնաց ժամկետների մասին խոսելուց: Ասաց սոսկ, որ «ժամկետը պետք է լինի ամենաիրատեսականը», իսկ դրանից առաջ «անհրաժեշտ է գնատահել երկրի ներքաղաքական իրավիճակը, հասարակության պատրաստվածության աստիճանը»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը անցած շաբաթ Շենգավիթի համայնքում հայտարարել էր, թե վճռական կոչով ժողովրդին դիմելու են արդեն մարտ ամսին: Վիկտոր Դալլաքյանի փոխանցմամբ, դաշինքի նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «նախքան հրապարակային առաջարկ ներկայացնելը դաշինքի անդամ կուսակցություններն ու գործիչները առաջարկությունները ներկայացնեն հենց դաշիքնի քննարկմանը»:

Դաշինքի խորհրդի նիստում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է իշխանափոխությունից հետո գործողությունների՝ իրենց մշակած սցենարը. ժամանակավոր նախագահի ընտրություն, որը երկու տարի անց հրաժարական տալու պարտավորություն կստանձնի: Առաջարկը, ըստ էության, չի ընդունվել:

«Սա մի քիչ իրատեսական մոտեցում չէ», - ասաց Ալբերտ Բազեյանը: - «Մենք ունենք Սահմանադրություն, որտեղ արձանագրված է, որ երկրի նախագահը ընտրվում է հինգ տարի ժամկետով»:

Վիկտոր Դալլաքյանը, անդրադառնալով Վազգեն Մանուկյանի մտահոգությունը, իշխանափոխությունից հետո երկրում իրավիճակի վերաբերյալ, ասաց. - «Մենք մշակել ենք գործուն մեխանիզմներ, որպեսզի իշխանությունը լինի վերահսկելի եւ գործի Սահմանադրության շրջանակներում: Վազգեն Մանուկյանը համաձայնեց մեր դիրքորոշման հետ, որ հիմնական խնդիրը այս պահին իշխանափոխության խնդիրն է: Հետագա հարցերին մենք կանդրադառնանք մյուս քննարկումների ընթացքում»:

Այդ մեխանիզմները պետք է ապահովեն, որպեսզի նոր նախագահի լիազորությունները անսահմանափակ չլինեն: Ալբերտ Բազեյանի խոսքերով, հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նոր նախագահը չկարողանա շեղվել հանրությանը տված խոստումներից:

«Նոր նախագահը, ասենք, կարող է ստանձնել պարտավորություն հասարակության առջեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ դնել նաեւ իր վստահության հանրաքվեն», - ասաց Բազեյանը:

Նրա կարծիքով, առաջնահերթ խնդիրը օրինական կարգով եւ ժողովրդի կամքով ստեղծված իշխանություն հաստատելն է. - «Հայաստանի ապագան ժողովրդավարությունն է, որը պետք է սկսվի ազատ եւ արդար ընտրություններով»:

Մինչեւ խորհրդի նիստը դաշինքը հերթական հանրահավաքն էր անցկացրել Էջմիածնում: Մի քանի հարյուր հավաքվածներին դիմելով, հռետորներից մեկը ասաց, թե իշխանությունները խոչընդոտներ են հարուցում, որպեսզի մարդիկ չմասնակցեն իրենց հանրահավաքներին: Իսկ հանրահավաքի ժամանակ մի խումբ դպրոցահասակ երիտասարդներ սուլոցներով եւ այլ միջոցներով փորձում էին խանգարել հանրահավաքը: Այդ գործողությունները, այդուհանդերձ, որեւէ լուրջ հետեւանք չունեցան:

Էջմիածնում ելույթ ունեցավ նաեւ «Արդարություն» դաշինքի առաջնորդ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Վստահության հանրաքվեն լավ շանս է տալիս այս իշխանությանը քաղաքակիրթ, հնարավորինս անցնցում ճանապարհով լուծելու իշխանության լեգիտիմության հարցը», - ասաց նա: - «Եթե չգօտագործեն՝ միեւնույն է հեռանալու են, միեւնույն է հեռացնելու ենք»:


Կարինե Քալանթարյան, Երեւան եւ Արմեն Զաքարյան, Էջմիածին

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG