Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 6-ը փետրվարի)

«Չկատարված խոստումների հետքերով», - այսպես է «Առավոտ»-ի թղթակիցը վերնագրել կառավարության անդամների ուրբաթ օրվա շրջագայությունը Արագածոտնի մարզում: «Կազմակերպիչները որոշ հետեւություններ արել էին եւ հանդիպման էին հրավիրել միայն «ջոկած», «կազմակերպված» եւ «պատասխանատու» մարդկանց, որոնց կարելի է պայմանականորեն կոչել «տարեց բազեներ», - երանգավորում է թղթակիցը։ - «Բայց քիչ-քիչ նույնիսկ նրանց նյարդերն էին տեղի տալիս եւ հարցեր էին սրում»: «Եթե հանդիպումները շարունակեն անցնել այնպես, ինչպես անցնում են մինչ այժմ, նախարարները դժվար թե դիմանան», - խտացնում է «Առավոտ»-ը։ - «Այդքան «թուքումուր ուտելով», այդքան հոգս ու խնդիր, այդքան անմխիթար վիճակ տեսնելով, քիչ թե շատ իրեն հարգող նախարար պետք է որ հրաժարական տա։ Կամ էլ կոալիցիան պետք է հայտարարի, որ իր ուժերից վեր է իրավիճակը շտկել»։

«Ոչ ոք չի ժխտում, որ սոցիալական վիճակը բարվոք չէ, եւ մարդիկ հոգնել են: Սակայն այսօրվա իրավիճակի խորքային պատճառները պետք է որոնել անցած ժամանակահատվածի մեջ», - «Հայոց աշխարհ» թերթում ուղղորդում է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը, ում մատուցմամբ՝ թեպետ դանդաղ, բայց նկատելի է առաջընթացը. - «Այլ խնդիր է, որ հենց նույն կառավարության կողմից դա ժողովրդին լիարժեք չի ներկայացվել եւ բացատրվել: Ներկայումս քայլեր են կատարվում նաեւ այդ ուղղությամբ: Ընդդիմությունը շահարկում է անում՝ օգտվելով բնակչության անտեղյակությունից»: Իրավիճակը այսպես է տեսնում եւ «Օրինաց երկիր» խմբակցության նախագահ Սամվել Բալասանյանը՝ օրինակ բերելով, որ ընդդիմությունը շահարկում է հացի թանկացման խնդիրը այն դեպքում, երբ դա միջազգային շուկայում գների բարձրացման հետեւանք է, եւ՝ «երբ մարդկանց բացատրում են, այդ ժամանակ ընդունում են»: «Մարդիկ հասկանում են երկրում ստեղծված կացությունը, իրավիճակի օբյեկտիվ պատճառները», - հավաստիացնում է Բալասանյանը:

Երկու տասնյակ ընդդիմադիր պատգամավորների հեռացումը Ազգային ժողովի դահլիճից՝ անսպասելի դատարկություն ստեղծեց խորհրդարանում, ճգնաժամը ԱԺ-ում ակնհայտ է, եւ այն, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի ուրվագծմամբ, «առաջին հերթին ստեղծվել է իշխանական եւ մերձիշխանական խմբակցությունների բոյկոտի պատճառով»: Ըստ մեկնաբանի, դրա բացատրությունը կարող է լինել մեկը. - «Այն ուղղված է բացառապես Արթուր Բաղդասարյանի դեմ եւ ծառայում է Սերժ Սարգսյանին ԱԺ նախագահ դարձնելու քաղաքական հիմնավորման ձեւավորմանը»: Իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը դառնա ԱԺ նախագահ: Մեկնաբանի մատնանշմամբ՝ եթե խորհրդարանական ճգնաժամը խորանա, եւ ԱԺ-ն իսկապես չկարողանա բնականոն գործել, Ռոբերտ Քոչարյանը երկու ելք ունի. - «Կամ՝ լուծարել խորհրդարանը եւ նշանակել նոր ընտրություններ, ինչը, ի վերջո, իսկապես կվերածվի նախագահի վստահության հանրաքվեի, ինչից այդքան խուսափում է իշխանությունը, եւ երկրորդ տարբերակը՝ Սերժ Սարգսյանին բերել ԱԺ: Ավելի մեծ հաշվով էլ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ներքաղաքական իրավիճակը սրվելու լուրջ պոտենցիալ ունի, եւ որեւէ կերպ չի կարելի բացառել, որ Ռոբերտ Քոչարյանը ստիպված կլինի հրաժարական տալ եւ իշխանության փոխանցման խնդիր լուծել: Այս պարագայում արդեն ոչ մեկի չես բացատրի, որ պետության երկրորդ դեմքը Սերժ Սարգսյանն է. նախագահի հրաժարականի պայմաններում նրա լիազորություններն անցնում են ԱԺ նախագահին, անկախ նրանից, թե նա դե ֆակտո որերորդ դեմքն է պետության մեջ»:

Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի՝ ուրբաթ օրվա արարողություններից «Հայկական ժամանակ» թերթում շեշտադրված է. - «Այսօր բարիկադների տարբեր կողմերում հայտնված ուժերը մեկ էլ 2000-ի մարտի 5-ին են Եռաբլուր այցելել միասին: Անցած չորս տարիներին նրանք ամեն ինչ անում էին, որ ո՛չ մարտի 5-ին եւ ո՛չ էլ հոկտեմբերի 27-ին Եռաբլուրում հանկարծ միմյանց չհանդիպեն: Մինչդեռ երեկ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը հրապարակավ կանգնել էին Արամ Սարգսյանի ու Վաղաշակ Հարությունյանի կողքին: Արարատում՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում տեղի ունեցած միջոցառմանը իշխանության ներկայացուցիչներից մասնակցել են վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վազգեն Սարգսյանենց տանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բաժակ է բարձրացրել եւ խմել կալանքի տակ գտնվող Արմեն Սարգսյանի ազատության կենացը: Կատարվածը ցնցել է ներկաներին», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Այն, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր տարածաշրջանային առաջին այցի համար ընտրեց ոչ թե Երեւանը, այլ Բաքուն, հեռուն տանող եզրահանգումների առիթ է դարձել: Մինչդեռ», - հանգստացնում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը, - «դա ունի շատ ավելի պրագմատիկ, անգամ պրոզայիկ ենթատեքստ: Այդտեղ առկա է ինչպես Բաքվի դիրքորոշումներին ծանոթանալու, այնպես էլ «վարդերի հեղափոխության» հետեւանքով վրաց-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված որոշակի սառնությունը մեղմելու նպատակ»: Ըստ մեկնաբանի, Սահակաշվիլին փորձելու է շահել Վրաստանում բնակվող հարյուր հազարավոր ադրբեջանցիների «խիստ կոտրված» սրտերը՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Երկրորդ՝ փորձելու է հասնել վրաց-ադրբեջանական փոխգործակցության դաշտի ձեւավորմանը՝ ոչ թե Հայաստանի հանդեպ (ինչպես դա ցանկանում է Ադրբեջանը), այլ Ռուսաստանի հնարավոր քայլերի նկատմամբ: «Մի խոսքով, իրականում Վրաստանի նոր ղեկավարությունը Հայաստանի մեկուսացման խորացման հարցում բնավ շահագրգռված չէ», - ընդգծում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը:

«Առավոտ»-ի եւ «Ազգ»-ի թղթակիցները մանրամասներ են փոխանցում մարտի 4-ին Վրաստանի հասարակական կապերի ինստիտուտում վարչապետ Ժվանիայի հանդիպումից, ուր վերջինս մասնավորապես ասել է. - «Մեզ շատ է տխրեցնում այն, ինչ հաճախ հնչում է հայկական մամուլի որոշ միջոցներով: Մասնավորապես, մեզ համար աննկատ չանցան Դաշնակցության սադրիչ հայտարարությունները»: Այսուհանդերձ, Ժվանիան հավաստիացրել է, թե Սահակաշվիլու Երեւան այցի հետաձգումը կապված է ոչ թե դրա, այլ զուտ տեխնիկական խնդիրների հետ:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG