Մատչելիության հղումներ

«Շատ եւ բավականին լուրջ» թերություններ են վերհանվել Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացում


Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով Գյումրիում կառուցված շենքերի հազարավոր բնակարանների բաշխման գործընթացը, ինչպես հինգշաբթի ուշ երեկոյան անցկացրած խորհրդակցության ժամանակ ասել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ուղեցկվել է«շատ եւ բավականին լուրջ» թերություններով:

Խորհրդակցության ժամանակ, ըստ նախագահի մամուլի ծառայության, քննարկվել է Գյումրիում բնակելի շենքերի բնակարանների բաշխման գործընթացին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի՝ եռամսյա աշխատանքի հաշվետվությունը:

«Տեղական իշխանությունների աշխատանքը գնահատելով անբավարար, նախագահ Ռոբերտ Քոչարյանը միջգերատեսչական հանձնաժողովին հանձնարարել է շարունակել գործունեությունը եւ մինչեւ ապրիլի 20-ը վերջնականացնել անօթեւան ընտանիքների հաշվառումն ու հերթացուցակը», - նշում է հաղորդագրությունը՝ ավելացնելով, որ նախագահը հանձնարարել է իրավապահ մարմիններին փոխանցել ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ նյութերը:

Միջգերատեսչական հանձնաժողովը գլխավորող՝ նախագահի վերահսկողության ծառայության նախագահ Վահրամ Բարսեղյանը նշել է, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ՝ կապված բնակարանների բաշխման գործընթացի, անօթեւան ընտանիքների հաշվառման կարգի, ինչպես նաեւ նորակառույց շեմքերի կոմունալ սպասարկման խնդիրների հետ:

Աղետի գոտում բնակարանաշինությանը «Լինսի» հիմնադրամի հատկացրած շուրջ 45 մլն դոլարով Լոռիում եւ Շիրակում կառուցվել է ավելի քան 3700 բնակարան: Դրանց մեծամասնությունը կառուցվել է Գյումրիում: Ընդհանուր առմամբ, «Լինսի» հիմնադրամի ծրագրի երեք ուղղություններով՝ ճանապարհաշինություն, մայրաքաղաքի մշակութային հաստատությունների վերանորոգում եւ բնակարանաշինություն աղետի գոտում, ծախսվել է 150 միլն դոլար:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG