Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստան - Հայաստան գազամուղի Վրաստանով անցող հատվածը «վերանորոգման կարիք ունի»


Ինչպես ուրբաթ օրը խոստովանել են վրաց պաշտոնյաները, Ռուսաստանից Հայաստան բնական գազ մատակարարող խողովակաշարի Վրաստանով անցնող հատվածը վատ վիճակում է եւ անհապաղ վերանորոգման կարիք ունի:

Ռուսաստանյան «Իտառ-Տասս» լրատվական գործակալությունը մեջբերել է Վրաստանի գազ փոխադրող ընկերության տնօրեն Յուրի Շիուկաշվիլու խոսքերը, թե Թբիլիսին չունի 250 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման համար անհրաժեշտ «զգալի» ֆինանսական միջոցներն եւ տեխնիկական հնարավորությունները:

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի «Գազպրոմ»-ը մտահոգություն է հայտնել խողովակաշարի դրության կապակցությամբ: «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը հարցը բարձրացրել է Վրաստանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ: «Մենք տագնապած ենք հանրապետությունում գազի փոխադրման ցանցի վատ վիճակով», - ասել է Միլլերի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը:

Ռուսաստանը ներկայումս Հայաստանի միակ գազամատակարարն է: Այս երկրից տարեկան Հայաստան է մատակարարվում 1,6 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Ներմուծվող գազի մեծ մասը օգտագործում են ջերմային էլեկտրակայանները, որոնք տալիս են Հայաստանում սպառվող էներգիայի 40 տոկոսը:

Հայաստանի պաշտոնյաները դեռեւս չեն արձագանքել: Հայաստանի կառավարությունը տարիներ ի վեր ջանքեր է գործադրում հարեւան Իրանից բնական գազ ներմուծելու համար խողովակաշար կառուցելու ուղղությամբ: 120 միլիոն դոլար արժողությամբ այդ նախագծի իրականացմանը խոչընդոտում է միջոցների պակասը հայկական կողմից:

Ռուսաստանի մայրաքաղաքում լույս տեսնող «Նեզավիսիմայա գազետա» թերթում այսօր հրապարակված հարցազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ասել է, թե երկար սպասված Իրան - Հայաստան գազամուղի շինարարությունը կարող է սկսվել արդեն այս տարի եւ ավարտվել մինչեւ 2006 թվականի վերջը: «Այս նախագծի քննարկումները ներկայումս եզրափակիչ փուլում են», - ասել է Մարգարյանը: - «Իրանական կողմի հետ արդեն համաձայնեցված են բոլոր տեխնիկական հարցերը: Մենք նաեւ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի կառավարության եւ մի շարք ռուսաստանյան մասնավոր ձեռնարկությունների հետ»:

«Խողովակաշարը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար», - ասել է Մարգարյանը՝ ավելացնելով, որ այն «զգալիորեն կբարձրացնի Հայաստանի էներգետիկ ոլորտի անվտանգությունն ու անկախությունը»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG