Մատչելիության հղումներ

ԱԺ փոխխոսնակը «անհրաժեշտ» է համարում իշխանական կոալիցիայի համագործակցությունը ընդդիմության հետ


Ազգային ժողովի փոխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով, Հայաստանում քաղաքական կամ խորհրդարանական ճգնաժամ չկա, սակայն կա «անհանդուրժողականության ճգնաժամ», որը հաղթահարելու համար նա «ոչ միայն հնարավոր, այլեւ անհրաժեշտ» է համարում ընդդիմության հետ երկխոսությունը:

Թորոսյանի խոսքով, իրականությունն այն է, որ «Հայաստանի քաղաքական ասպարեզում օրեցօր ակնհայտ է դառնում գաղափարների գրեթե իսպառ բացակայությունը, քաղաքականության ոլորտում կրթվածության մեծ պակասը»:

«Այսօր որեւէ լուրջ բանավեճ Հայաստանում չկա: Սա վկայում է, որ հանդուրժողականության ճգնաժամ իսկապես գոյություն ունի», - շարունակեց ԱԺ փոխխոսնակը՝ ավելացնելով, որ ճգնաժամը տարածվել է հասարակության մեջ եւ աստճանաբար խորանում է: Այդ ճգնաժամը, այդուհանդերձ, իշխանափոխության վտանգ չի պարունակում, թեեւ «չափազանց վտանգավոր է մեր երկրի համար»:

Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահը չմանրամասնեց այդ վտանգներն ու դրանց հնարավոր հետեւանքները: Ասաց սոսկ, որ դա պետք է մտահոգի բոլորին՝ ե'ւ իշխանություններին, ե'ւ ընդդիմությանը:

«Որովհետեւ նման ձեւով ճանապարհ շարունակելը շատ ու շատ դժվար է լինելու եւ նման ձեւով շարունակված ճանապարհը լուրջ վտանգներ է բերելու Հայաստանին», - փաստարկեց նա:

Ստեղծված իրավիճակի շտկման ճանապարհին կոալիցիայի անդամ կուսակցությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը Ազգային ժողովի փոխխոսնակը ոչ միայն հնարավոր, այլեւ անհրաժեշտ է համարում:

Իսկապես անկեղծ երկխոսության դեպքում, նրա համոզմամբ, կարելի է շտկել իրավիճակը: Նրա խոսքերով, սակայն, ընդդիմության որոշ մոտեցումներ «լուրջ չեն»: Օրինակ, Թորոսյանի փոխանցմամբ, ընդդիմադիրները պնդում են, որ եթե կոալիցիան ընդունում է, թե անցած համապետական ընտրություններն ընտրակեղծիքներով են անցել, ապա հարկավոր է հնարավորս շուտ անցկացնել արտահերթ ընտրություններ:

Իսկ, նրա խոսքեորվ, անկախ նրանից, թե ով կանցկացնի ընտրությունները եւ ինչ իշխանության օրոք, դրանք այսօր անցկացնելու դեպքում կլինեն «նույն որակի»:

Ընդդդիմության եւ իշխանության երկխոսության ճանապարհին ամենալուրջ խոչընդոտը, Տիգրան Թորոսյանի կարծիքով, «փոխադարձ անհանդուրժողականությունն» է:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG