Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ղեկավար անդամներից ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը, համարելով, որ հայաստանյան ընդդիմությունը ներկայումս չունի ընդգծված առաջնորդ, կրկին պաշտպանում է իր կուսակցության առաջարկած ժամանակավոր պետական կառավարման մարմին ստեղծելու գաղափարը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահը նորից շեշտեց, որ ընդդիմության համար առաջնահերթ խնդիրը իշխանափոխությունն է, ինչին ուղղված են «Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունն ու վստահության հանրաքվե անցկացնելու պահանջը, խորհրդարանի օրենսդրական աշխատանքները բոյկոտելը, մարզերում բնակչության հետ հանդիպումներն ու հանրահավաքները:

Այդուհանդերձ, եթե ռազմավարական այս նպատակը միասնական է ընդդիմադիր բոլոր ուժերի համար, ապա մարտավարության հարցերում տարաձայնություններ կան:

«Իշխանությունը պետք է փոխել», - իր միանշանակ համոզմունքը կրկնեց Վազգեն Մանուկյանը՝ այդուհանդերձ, հարց բարձրացնելով, թե ինչ է լինելու դրանից հետո, ինչ փոփոխություններ են տեղի ունենալու:

Նրա համոզմամբ, պետք է ունենալ հստակ ծրագիր գոնե առաջիկա մեկ-երկու տարիների համար, որը պետք է ներկայացվի ժողովրդին եւ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին: Նրա կարծիքով, այդ հարցի շուրջ արժե խոսել նաեւ իշխանական կոալիցիայի կուսակցությունների հետ:

«Ժողովուրդը համաձայն կլինի կանգնել հանուն ինչ-որ գաղափարի, հանուն իշխանափոխության, եթե հստակ ներկայացվի, թե ինչ է արվում», - ասաց նա: - «Եվ եթե հստակություն կա, ապա դիմացի թիմն էլ կնահանջի իշխանական կղզյակից եւ շատ փոքր կղզի կմնա, որի փոփոխությունը արդեն մեծ ցնցումներ չի պահանջի»:

Նրա համոզմամբ, իշխանափոխության նպատակը զուտ անձի փոխարումը չպետք է լինի: Հստակ քաղաքական ծրագիրը պիտի ապահովի ժողովրդի եւ ընդդիմության միասնությունը: Մանուկյանի համոզմամբ, անհրաժեշտ են երաշխիքներ, որ իրական ընտրություններով երկրում կշտկվի ստեղծված իրավիճակը: Իսկ նման երաշխիքներ, նրա համոզմամբ, այսօր չկան:

Վազգեն Մանուկյանի կարծիքով, ներկայիս ընդդիմությունը որպես ամբողջական մարմին հանդես չի գալիս եւ չունի ընդգծված առաջնորդ:

«Իշխանություն փոխելու համար պետք է միասնություն: Դաշինքում տարբեր թեկնածուներ [անցած նախագահական ընտրություններում] ստացել են տարբեր տոկոսներ, բայց լիդեր, ինչպես 88-ին Ղարաբաղ կոմիտեն ամբողջական լիդեր էր, այդպիսի լիդերություն ընդդիմության մեջ չկա», - ասաց նա: - «Արդեն հայտնի են ազգանունները [մարդկանց], ովքեր հավակնություն ունեն նախագահ դառնալու: Բոլորն էլ ինձ համար «սեւ արկղեր» են, նրանք ո'չ քաղաքական պայքարի ճանապարհ են անցել, ո'չ վառ արտահայտված գաղափարներ կրող են»:

Առաջնահերթ քայլը, ըստ Մանուկյանի, ընդդիմությունը ամբողջական ուժ դարձնելն է: Մանուկյանն ու ԱԺՄ-ն առաջարկում են ստեղծել ժամանակավոր պետական կառավարման մարմին: Ըստ այդմ՝ երկրի նախագահը նշանակվում է երկու տարով, այդ ընթացքում ստեղծվում է իրապես աշխատող ազգային անվտանգության խորհուրդ, իրականացվում են սահմանադրական փոփոխություններ, բարեփոխվում է Ընտրական օրենսգիրքը, ինչից հետո անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Իսկ անցկացվելիք նախագահական ընտրություններին նշանակված նախագահը չի դնում իր թեկնածությունը:

«Իմ առաջարկած սցենարով երեւում է թիմ, երեւում են նպատակներ», - ասաց Մանուկյանը: - «Եվ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին էլ հեշտ կլինի համոզվել, որ երկրի շահերը պահանջում են այդ փոփոխությունը կատարել»:

Մինչդեռ, «Արդարություն» դաշինքը այսօր չգումարեց սովորաբար հինգշաբթի օրերը անցկացվող նիստը: Դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի պարզաբանմամբ, «հինգշաբթի օրը դոգմա չէ»:

Դալլաքյանը նաեւ անդրադարձավ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներից Սմբատ Այվազյանի՝ այսօր մամուլում արած հայտարարությանը, թե «Հանրապետություն»-ը դաշիքնի առաջիկա նիստում ներկայացնելու է իշխանափոխության իրենց տարբերակը:

«Եբր կլինի կոնկրետ առաջարկություն՝ ներկայացված գրավոր, սահմանված կանոնակարգով քննարկեն այդ խնդիրը», - ասաց Դալլաքյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սմբատ Այվազյանը, իրենց կողմից առաջարկվող ծրագիրը «հրապարակային գործունեության» ծրագիր է: Սակայն մանրամասնել Այվազյանը չցանկացավ՝ ասելով, որ դա կարող է արվել միայն «Արդարություն» դաշինքում քննարկելուց հետո:


Կարինե Քալանթարյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG