Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Էլի մեկ նահանջ» խորագրով է «Հայկական ժամանակ» թերթը ընդգծում, թե ակնհայտ է, որ ոռոգման ջրի սակագնի բարձրացումը կառավարության պահուստային ֆոնդից առայժմ փոխհատուցելու որոշումը կայացվել է կառավարության անդամների Կոտայքի մարզ կատարած այցից հետո. - «Այդ այցի արդյունքում կառավարության անդամները հասկացել են, որ իշխանության նկատմամբ համաժողովրդական ատելության մասին պնդումները ոչ թե իշխանամետ մամուլի հնարած տրյուկ են, այլ սովորական ճշմարտություն: Ու հիմա իշխանությունը որոշել է այս եւ նման քայլերով մեղմել ժողովրդական զայրույթը: Պատահական չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են խոսել նաեւ ուսուցիչների օպտիմալացման գործընթացը կասեցնելու մասին»: Այս առումով «Հայկական ժամանակ»-ում շեշտադրվում է նաեւ վարչապետ Մարգարյանի վրդովմունքը, որ այս անգամ էլ՝ «դեռ հիմնական որոշումը չկայացրած, «Օրինաց երկիր» կուսակցությունը, տեղյակ լինելով այդ քննարկումների մասին, շտապում է դրա մասին հայտարարել», իրեն նորից առաջ է գցում:

Օրերս «Հայկական ժամանակ»-ը անդրադարձել էր «Օրինաց երկիր» կուսակցությունից քաղաքաշինության նախարար Արա Արամյանի նոր թարկարժեք ավտոմեքենային: Այսօր ներկայացվում է այդ նախարարության լրատվական ծառայության պարզաբանումը, թե դրա գումարը (ընդամենը շուրջ 40 հազար դոլար) կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է «Հիդրոտեխնիկական կառուցներ» պետական հիմնարկին, վերջինս էլ ավտոմեքենան շահագործման է հանձնել քաղաքաշինության նախարարությանը: Անկախ մեքենայի գինը պակաս ցույց տվող ու պատկանելությունը խճողող կոմբինացիաներից, «Հայկական ժամանակ»-ը մնում է տարակուսած՝ «Մի՞թե օրինաց երկիր կառուցելու ճանապարհը կարելի է հաղթահարել միայն պետական միջոցներով գնված ջիփերով»:

Անդրադառնալով իր խոստմանը, թե գարունը դիմավորելու ենք առանց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը երեկ ասել է. - «Այսօր մարտի 3-ն է եւ Սերժ Սարգսյանը կա: Հա՛, ֆիզիկապես կա: Բայց ի՞նչ հեղինակություն ունի պաշտպանության այն նախարարը, որի մասին թերթերը գրում են, թե նա ղումարբազ է, կաշառակեր... Կա՞, թե՞ չկա որպես պետական գործիչ նախագահը, եթե իր մերձավորներին ուղարկում է գյուղերը եւ սուլոցներով են ընդունում նրանց: Իհարկե՝ չկա»:

«Առավոտ» թերթի փոխանցմամբ՝ ի տարբերություն կառավարության անդամների, որոնց հասցեին «նախորդ օրը Գառնիում ուղղակի լուտանքներ էին թափել՝ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանին ե՛ւ այդ գյուղում, ե՛ւ Կոտայքի մարզի այլ բնակավայրերում երեկ ընդունում էին ջերմությամբ»: Իսկ վերջինս մասնավորապես հայտարարել է. - «Ընդդիմություն միասնական է իշխանափոխության հասնելու ճանապարհին... Մենք իշխանությանն այնքան չենք ատում, ինչքան իրանք իրար»: Արտաշես Գեղամյանը խոստովանել է, թե «կդժվարանան իշխանափոխություն իրականացնել առանց միջազգային կազմակերպությունների աջակցության», սակայն նրանց կշտամբում էր «ոչ սկզբունքային դիրքորոշման» եւ «անհետեւողական քաղաքականության» համար: Ըստ նրա՝ եթե դա չլիներ, Հայաստանում վաղուց կլիներ այն, ինչ իրականություն է Վրաստանում: Ինչպեսեւ «Արդարություն» դաշինքի գործիչները՝ «Ազգային միաբանության» ղեկավարն էլ էր բոլոր բնակավայրերում նույն կոչը հնչեցնում. «Մոտենում է այն ժամն ու օրը, երբ ոտքի կելնի ողջ հայ ժողովուրդը: Նշված օրը, նշված ժամին կգաք Երեւան: Մնացածներդ այստեղ կհավաքվեք եւ «ոչ» կասեք այս իշխանություններին: Ինչպես նկարագրում է «Առավոտ»-ի թղթակիցը, երեկ, գյուղացիների համառ հորդորներից հետո, Գեղամյանը փոքր-ինչ որոշակիացրել է. - «Ապրիլի վերջին կամ մայիսի առաջին կեսին համազգային հանրահավաք ենք անելու»:

«Դեսպան Օրդուեյի հանդիպումը հայ լրագրողների հետ հարցականներ է առաջացնում» վերնագրի տակ «Ազգ» թերթում մեղադրանք է ձեւակերպված, թե «ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում Թուրքիայի նկատմամբ բարեհաճ մթնոլորտ է ձեւավորում, իսկ ընդդիմությունն առաջնորդվում է դեսպանությանը հաճոյանալու առաջադրանքով»: Ինչ վերաբերում է նախագահ Բուշի «վարդյա» հեղափոխությունն աշխարհի այլ անկյուններում տարածելու հնարավորության մասին խոսքերին, դեսպանն ընդգծել էր. - «Նախագահի ասածը վերաբերում է ընդհանուր ակնկալիքներին եւ ոչ թե կոնկրետ երկրների»։ «Միամտություն կլինի մտածել, որ ԱՄՆ նախագահը Վրաստանի նախագահի հետ հենց Վրաստանում իրականացված հեղափոխության տարբերակը Տոգոյում կամ Էկվադորում կիրառելու համար է քննարկել», - կցվում է «Ազգ»-ում։

«Հայոց աշխարհ» թերթի խմբագիրն այսօր պատկերագծում է. - «Դատելով ամենից, ներքաղաքական իրավիճակը երկրում մոտ ժամանակներս կարող է կտրուկ փոխվել։ Լոնդոնից տեղեկություններ են ստացվում, որ հայ մեծահարուստ Վաչե Մանուկյանը պաշտոնապես հաստատել է մեր երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար 100 միլիոն դոլար հատկացնելու իր պատրաստակամությունը... Նրա ներկայացուցչի՝ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հեռախոսը հազար կտոր է լինում համագործակցության առաջարկներից»։ Մասնավորապես սոցիոլոգներ Լյուդմիլա Հարությունյանից, Ահարոն Ադիբեկյանից եւ Գեւորգ Պողոսյանից լոնդոնյան շտաբն արդեն ստացել է գործող նախագահի նոր վարկանիշների նմուշները։ Սոցիոլոգները խոստանում են կանխավճարն ստանալուն պես իջեցնել Քոչարյանի վարկանիշը մինչեւ 5 տոկոսի, իսկ վերջնահաշիվը փակելիս՝ մինչեւ 1 տոկոսի... Քննարկվում է գլխավոր դատախազության առաջարկը, որը պատրաստ է սկսել 1997 թվականին, Ռոբերտ Քոչարյանի վարչապետության օրոք կորած 3 միլիոն դոլարի որոնումները։ Դրա դիմաց դատախազությունն ուզում է 30 միլիոն: Բոլոր այսօրինակ հեռախոսազանգերը, բնականաբար, արձանագրվում են հայրենի հատուկ ծառայությունների ու ԴՕՍԱԱՖի կողմից, սակայն 500 հազար դոլարի դիմաց վերջիններս համաձայն են դադարեցնել գաղտնալսումը: Կոլեկտիվ հայտեր են ստացվել կառավարող կոալիցիայից։ Դրա անդամները պատրաստ են պայքարել Քոչարյանի վարչախմբի դեմ՝ կանխավճարի պայմանով»։ «Այս ամենը ֆանտաստիկայի ոլորտից է», - ամփոփել է խմբագիրը։ - «Թեեւ, ո՞վ կարող է ներկայումս ասել, թե որտեղ է ավարտվում իրականությունն ու սկսվում ֆանտաստիկան։ Սահմանները ջնջված են, դրանք պարզապես գոյություն չունեն։ Այնպես որ գուցեեւ կգտնվի մեկը, որը պատրաստ է հեքիաթի հերոսի պես ներդնել այսօր մեծ գումարներ վաղը հազարապատիկ ավելին ստանալու համար»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG