Մատչելիության հղումներ

Ռամիլ Սաֆարովը խոստովանել է, որ կանխամտածված սպանություն է կատարել


Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցչի փոխանցմամբ, Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներում հայ զինվորականի սպանության մեղադրանքով ձերբակալված ադրբեջանական զինված ուժերի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը խոստովանել է, որ մտադիր էր սպանել ոչ միայն Գուրգեն Մարգարյանին, այլեւ դասընթացներին մասնակցող երկրորդ հայ զինվորականին:

Հունգարահայ համայքի փոխնախագահ Ադամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ ըստ վկաների եւ մեղադրյալի ցուցմունքների, տեղի ունեցածը նախապես ծրագրված հանցագործություն էր:

«Ինքը խոստովանել է, որ վրեժ է լուծել 1993 թվականի փետրվարի 26-ին իրենց գյուղում սպանված հայրենակիցների համար», - ասաց Ադամ Սարգսյանը՝ շարունակելով. - «Ըստ Ռամիլ Սաֆարովի ցուցմունքների, նա որոշել էր սպանությունը կատարել հենց փետրվարի 26-ին, բայց մեկ շաբաթ առաջ հայ սպան ինչ-որ կասկածելի ձեւով ժպտացել է իրեն, եւ ինքը որոշել է սպանությունը կատարել այդ օրը` փետրվարի 19-ին»:

Ադամ Սարգսյանի խոսքերով, որպես գործով վկա ցուցմունք են տվել ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող սպաներից տարբեր երկրների 6 ներկայացուցիչներ, որոնք ապրել են նույն հանրակացարանում, ուր կատարվել էր այդ վայրենի սպանությունը:

Սարգսյանի կարծիքով, գործը այս ամսվա ընթացքում ոստիկանությունից կուղարկվի դատարան: Նա համոզված է, որ Ռամիլ Սաֆարովը կդատվի եւ պատիժը կկրի Հունգարիայում, քանի որ Հունգարիան Ադրբեջանի հետ չունի համապատասխան համաձայնագիր՝ հանցագործություն կատարած անձանց հետ ուղարկելու մասին:

«Նրան հետ տանելը անհնար է», - ասաց Սարգսյանը՝ ավելացնելով. - «Այստեղի օրենքով պետք է դատվի եւ իրեն պատիժը այստեղ ստանա: Մեր օրենքով ամենամեծ պատիժը, որ նա կարող է ստանալ՝ ցմահ ազատազրկումն է»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG