Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. - «Տնտեսությունը եւ բանկային համակարգը պետք է զարգանան համահունչ»


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, չորեքշաբթի օրը հանդիպելով երկրի բանկերի ղեկավարների հետ, հորդորել է ավելացնել գործարարներին տրամադրվող վարկերը՝ նշելով, թե դա կարեւոր է բարձր տնտեսական աճը պահպանելու համար:

Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ Քոչարյանը «ցանկություն է հայտնել, որ առեւտրային բանկերն ավելի ակտիվ մասնակցություն ունենան ռեալ տնտեսության մեջ, ինչպես նաեւ աշխարհագրական առումով ընդլայնեն իրենց գործունեությունը` ընդգրկելով ողջ հանրապետությունը»:

«Տնտեսությունը եւ բանկային համակարգը պետք է զարգանան համահունչ», - նախագահի մամլո ծառայության մեջբերմամբ, ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, երկրի երկու տասնյակ առեւտրային բանկերը անցած տարին փակել են բարձր չբաշխված եկամուտներով եւ ընդհանուր ակտիվներով: Վերջին ցուցանիշը աճել է 15 տոկոսով՝ հասնելով 282 միլիարդ դրամի (500 միլիոն դոլար):

Բանկերի մասնակցությունը երկրի տնտեսական գործունեությունը, այդուհանդերձ, դեռեւս ցանկալի մակարդակի վրա չէ, քանի որ բանկերի մեծամասնությունը երաշխիքներ են պահանջում տրամադրվող գրեթե յուրաքանչյուր վարկի դիմաց: Ըստ պաշտոնական տվյալների, 2003 թվականին դրանց ընդհանուր «վարկային ներդրումները» կազմել են 110 միլիարդ դրամ:

Վարկերի մեծամասնությունը մարման են ենթակա երեք տարվա ընթացքում՝ տարեկան 15-20 տոկոս տոկոսադրույքով: Գործարարներից շատերը, հատկապես միջին եւ մանր ձեռնարկատերերը չափազանց բարձր են համարում տոկոսադրույքները: Բանկերը, իրենց հերթին, բողոքում են, թե իրենց հազվադեպ են ներկայացվում վստահելի բիզնես-պլաններ:

Հանդիպման ընթացքում նախագահը ասել էր, թե «ակնկալում է քննարկել, թե ինչ եւ ինչպես պետք է անել, որպեսզի բանկերն իրենց ռիսկերը ճիշտ գնահատելով ավելի ակտիվ երկարատեւ վարկավորմամբ զբաղվեն»:

Հիպոթեկային շուկայի ստեղծումը, ավանդների երաշխավորման մեխանիզմների ձեւավորումը, ինչպես անցած ամիս հայտարարել էր Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, բանկի ուշադրության կենտրոնում են լինելու:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG