Մատչելիության հղումներ

Նորաստեղծ ընկերությունը առաջարկում է ապահովել այընտրանքային բջջային կապ


Հայաստանի կառավարության՝ «ԱրմենՏել» ընկերությանը բջջային հեռախոսակապի բացառիկ մենաշնորհից զրկելու որոշման կատարումը թեեւ հետաձգվել է մինչեւ ամառ, բայց արդեն մի շարք ընկերություններ բացահայտ հետաքրքրություն են դրսեւորում ազատականացվող ոլորտի նկատմամբ:

«Միավորված կապի համակարգեր - աստղ» նորաստեղծ ընկերությունը երեկ դիմել է Հայաստանի նախագահին եւ կառավարությանը՝ առաջարկելով հանրապետության ողջ տարածքում ծավալել բջջային կապի իր ցանցը։

Ընկերության գործադիր տնօրեն Էդուարդ Հակոբյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ընկերությունը հայ-ռուս-ամերիկյան համատեղ ձեռնարկություն է, գրանցված է Երեւանում եւ պատրաստվում է այստեղ 60 միլիոն եվրոյի ներդրումային ծրագիր իրագործել՝ եվրոպական հուսալի բանկերից մեկի եւ շարժական կապի բնագավառում հայտնի ռուսական «Վանռոսինվեստ» ընկերության հետ համատեղ։ Ներդրումային ծրագիրը, ըստ Հակոբյանի, մշակել է իրենց հավանական մատակարար գործընկերը՝ ֆրանսիական հանրահայտ «Ալկաթել» ընկերությունը:

Երեք փուլով իրագործվելիք ծրագիրը կկատարվի 9 ամսվա ընթացքում՝ ապահովելով 1 միլիոն 200 հազար բաժանորդի որակյալ կապը։ Իսկ ծառայության սակագները, ըստ գործադիր տնօրենի, կլինեն անհամեմատ ցածր, քան «ԱրմենՏել»-ի՝ այսօր գործող սակագներն են: Այսպես, ցանցին միանալը, ինչպես նաեւ ներցանցային խոսակցությունները անվճար են լինելու, րոպեավճարը գործելու է միայն միջազգային խոսակցությունների ժամանակ՝ մեկ րոպեն 15 ամերիկյան ցենտին համարժեք դրամ սակագնով, ամսական բաժանորդավճարը սահմանվելու է ընդամենը 10 ամերիկյան դոլարի համարժեքը։

Պարոն Հակոբյանն հավաստիացրեց, թե իրենք արդեն որակյալ մասնագետներ են հավաքագրում եւ աշխատակազմը համալրելուց հետո նրա թվաքանակը կհասնի երեք հազարի։

«Միավորված կապի համակարգեր - աստղ» ընկերությունը, բնականաբար միակ հավակնորդը չէ. արդեն նշվում են ռուսաստանյան «Բիլայն», «Օմեգա» ընկերությունների, Լեռնային Ղարաբաղի բջջային ցանցը շահագործող լիբինանյան ընկերության անունները։

«ԱրմենՏել»-ին մենաշնորհից զրկելու որոշման կատարման հետաձգումը պայմանավորված է նրանով, որ հունական ՕTE ընկերությունը, որը տնօրինում է «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը, Հայաստանի կառավարությանն դեմ հայցով դիմել է Լոնդոնի արբիտրաժային դատարան՝ պնդելով, որ կառավարությունը խախտել է լիցենզիայով եւ վաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Ակնկալվում է, որ դատարանի վճիռը կհրապարակվի մինչեւ ամառ:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG