Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեր ազգը միասնական է գնահատականներում, որ բուդապեշտյան զարհուրելի հանցագործությունն արդյունք է Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած հակահայկական հիստերիայի», - ի մի է բերում «Առավոտ» թերթի խմբագիրը: - «Մյուս կողմից, հիմա Հայաստանում էլ կարծես թե եկել է ազգայնական ուժերի եւ կիսամոռացված մտավորականների աստեղային ժամը: Այսօր նրանք լիակատար հնարավորություն ունեն հնչեցնելու գաղափարներ, որոնցով 21-րդ դարում ապրելը շատ դժվար է»: «Ամենահիմար բանը, որն այսօր կարելի է անել՝ այնտեղի հակահայկական հիստերիային այստեղի հակաադրբեջանական հիստերիան հակադրելն է: Եթե մեր իշխանությունների համար իսկապես կաեւոր են խաղաղությունն ու կայունությունը, ապա նրանք չպիտի նպաստեն ատելության էսկալացիային, չպիտի տուրք տան նման տրամադրությունների: Դրանք ոչ թե ուժեղացնում են, այլ թուլացնում են ազգային ոգին», - գնահատում է խմբագիրը:

«Բաքվում սխալ հասկացան Երեւանի ու Ստեփանակերտի խաղաղասիրական մտադրությունները, դրանք գնահատեցին թուլության նշան եւ որոշել են բոլոր ճակատներով հարձակման անցնել». - այս ելակետից «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն այսօր շեշտադրում է. - «Մենք դրանից լավ դաս պիտի քաղենք, որ ցանկացած հարցի բանական լուծման համար Երեւանն ու Ստեփանակերտը Անկարայի ու Բաքվի հետ խոսեն միմիայն ուժի դիրքերից. այլ լեզու նրանք չեն հասկանում»: Ըստ այս մեկնաբանի, ներկայիս իրավիճակում պաշտոնական Երեւանը պիտի հայտարարի, մասնավորապես, որ Ադրբեջանը՝ որպես ռազմական հանցագործ երկիր, պատիժ պիտի կրի ու չի կարող ակնկալել որեւէ տարածքի վերադարձ: Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր Հայաստանին էլ այլ բան չի մնում, քան ճանաչել ԼՂՀ անկախությունը եղած սահմաններում:

«Ինչո՞ւ է ամեն ինչ սրվում ե'ւ ներքին, ե'ւ արտաքին ճակատներում» վերնագրի տակ «Իրավունք» թերթի մեկնաբանը մատնանշում է. - «Հայկական հեռուստատեսությամբ հեռարձակվող նյութերին ու պետական այրերի ելույթներին հետեւող կողմնակի դիտորդին կարող է թվալ, որ երկիրը պատրաստվում է պատերազմի: Բավականին նպատակամղված ձեւով արտաքին քաղաքական խնդիրների սրության տպավորություն է ստեղծվում, եւ ինչ-որ տեղ արհեստականորեն սրվում են այդ խնդիրները: Այս ամենը», - նշում է մեկնաբանը, - «դժվար թե կարելի է պայմանավորել զուտ ընդդիմության գործունեությամբ եւ արտաքին հանգամանքներով: Պետք է ենթադրել, որ իշխանական բուրգին լրջորեն մտահոգում է Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդի խնդիրը, եւ իշխանության տարբեր թեւեր տարբեր տեսակետ ունեն, թե ինչքանով շուտ պետք է իրականացվի իշխանության փոխանցումը եւ կոնկրետ ում»: «Ըստ երեւույթին, ստեղծված իրավիճակում ժամանակն աշխատում է այդ թեւերից առնվազն մեկին ի վնաս: Եվ այն թեւը, որ ժամանակի ընթացքում աստիճանաբար ռեսուրսներ է կորցնում, օբյեկտիվորեն շահագրգռված է, որ ներքաղաքական իրավիճակը սրվի», - ենթադրում է «Իրավունք»-ի մեկնաբանը:

«Եռօրյայից-եռօրյա դժվարանում է անգամ օրինաստեղծ աշխատանքի իմիտացիայի ստեղծումը», - ամրագրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ «Նախագծի սով՝ ԱԺ-ում» վերնագրի տակ ի մի բերելով, որ ընդդիմության, մասնավորապես, «Արդարություն» դաշինքի բոյկոտը բավական լուրջ պրոբլեմների առաջ է կանգնեցրել խորհրդարանին»: «Հայկական ժամանակ»-ում նաեւ դիտարկում կա, որ ԱԺ նիստերը տեղի են ունենում բացառապես «Օրինաց երկիր» խմբակցության անդամների շնորհիվ: Վերջիններս մտահոգված են նիստերը երկարաձգելով, որպեսզի առաջ չգա իրենց ղեկավար Բաղդասարյանին պաշտոնից հանելու հարց:

«Արտաքին ու ներքին մի շարք գործոնների ազդեցության ներքո հասարակության քաղաքական գիտակցության մեջ ներկայումս տեղի է ունենում նպատակների ու արժեքների հստակեցման բարդ ու հակասական մի գործընթաց։ Այն իր զարգացման ինչ-որ հանգրվանում անխուսափելի է դարձնելու 1988-ին սկզբնավորված Ղարաբաղյան շարժման նոր ալիքի բարձրացումը՝ որպես Հայաստանին սպառնացող արտաքին լուրջ մարտահրավերների դեմառդեմ՝ ներքին համախմբվածության որակապես նոր մակարդակի ձեւավորման անհրաժեշտություն», - պատկերում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: Անցյալ շաբաթավերջի երկու հանրահավաքների հետքերով, «Հայոց աշխարհ»-ում առաջադրվում է այսպիսի երկընտրանք. - «Ունկնդրել համազգային ընդարմացումից սթափվելու եւ համախմբվելու կոչին, թե շարունակել սոցիալապես անապահով խավերին գրգռել արտաքին լուրջ վտանգների առջեւ կանգնած երկրի իշխանությունների դեմ»:

Անդրադառնալով Հայաստանի մասով ԱՄՆ պետդեպարտամենտի 2003 թվականի մարդու իրավունքների զեկույցին, «Առավոտ» թերթը մատնանշում է, որ այնտեղ հիմնականում կրկնվել է ընդդիմության ասածը: «Շատ հավանական է, որ իշխանամետ գործիչները շուտով վերլուծություններ անեն, թե Ամերիկան փորձում է պղտորել ջուրը՝ ճնշելու համար իշխանություններին: Բայց», - ամփոփել է «Առավոտ»-ը, - «կարելի է ընդունել, որ պարզապես, բոլոր կողմերն էլ արձանագրել են տխուր իրականությունը: Թե' Հայաստանում, թե' Եվրոպայում, թե' Ամերիկայում ամեն ինչ տեսնում են»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG