Մատչելիության հղումներ

Հայաստանի օմբուդսմենը անցավ իր պարտականությունների կատարմանը


Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան նշանակված Լարիսա Ալավերդյանը մարտի 1-ից պաշտոնապես անցավ իր պարտականությունների կատարմանը՝ ասելով, որ սկսելու է երեխաների եւ կալանավայրերում գտնվողների իրավունքների պաշտպանությունից:

«Մենք դեռ չունենք ինստիտուտը [մարդու իրավունքների պաշտպանության], որովհետեւ ինստիտուտի կայացումը ոչ թե գործի սկիզբն է, այլ դրա նպատակներից մեկը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը՝ ավելացնելով, որ առայժմ զբաղվում է հիմնականում կազմակերպական հարցերով: Նրա փոխանցմամբ, իրենք դեռ չունեն նստավայր, չունեն հաստատված աշխատակազմ:

«Շատ մեծ հետաքրքրություն է, թե ինչպես պետք է կայանա մեր տարածաշրջանում (ոչ միայն մեր երկրում) այդպիսի նրբանկատություն եւ միաժամանակ քաղաքացիական խիզախություն պահանջող ինստիտուտը», - ասաց նա՝ ավելացնելով, որ, ի տարբերություն մինչեւ վերջերս գործող նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի (որի անդամներից էր Ալավերդյանը), օմբուդսմենի խնդիրների շրջանակը շատ ավելի լայն է:

«Մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա աշխատակազմի աշխատանքը ամենեւին չի սահմանափակվելու զուտ դիմում-բողոք ներկայացնող անձերի հետ շփվելով», - ասաց նա: - «Դա շատ ավելի լայն գործունեություն է՝ ե'ւ կանխարգելիչ քայլերի ձեռնարկում, այդ թվում օրենսդրական դաշտի բարելավումը, ե'ւ լայն խավերի իրազեկման խնդիրը, ե'ւ ընդհանուր առմամբ իրավունքի կիրառման պրակտիկայի բարելավումը»:

Հարցին, թե ինչից է սկսելու իր աշխատանքը, Ալավերդյանը պատասխանեց. - «Այն վայրերից, որտեղ իրապես մարդիկ հայտնվում են որոշ առումով կամ իրավունքների, կամ ազատության սահմանափակման վիճակում»: Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանեց, որ նկատի ունի մանկատներում գտնվող երեխաներին, կալանավայրերում եւ նախնական կալանքի վայրերում գտնվողներին. - «Ինչպես նաեւ զորամասերը, բանակը, որտեղ երիտասարդները հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ իրավունքներն ու պարտականությունները պետք է լինեն համահունչ, բայց միշտ չէ, որ այդպես է»:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով, որոշակի դժվարություններ կարող են լինել պետական մարմինների հետ աշխատանքում: «Ռիսկերը բոլորս գիտենք: Այսինքն՝ մենք չունենա դեռ վստահություն վայելող դատարաններ», - ասաց նա:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG