Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Սումգայիթյան ոճրագործության դրվագներ ու գնահատականներ է ներկայացնում «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ ամբողջացնելով, որ ամեն ինչ կատարվեց 1915 թվականի ցեղասպանության սցենարով, եւ այսուհետ էլ, ինչպես Բուդապեշտում, կացին կհայտնվի ադրբեջանցու ձեռքում, եթե աշխարհը այն չբռնի: Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայոց աշխարհ» թերթի թղթակցին ասել է. - ««Մեկ անգամ եւս ապացուցվեց, որ Հայաստանին ու Ադրբեջանին նույն հարթության վրա դնելու, մեկին մյուսով հավասարակշռելու միջազգային կազմակերպությունների ջանքերը ոչ միայն դատապարտված են ձախողման, այլեւ խիստ վտանգավոր են: Նման արհեստական, չկշռադատված քայլերը ոգեւորում են Ադրբեջանին: Նրանք բոլորի աչքի առաջ հետզհետե ավելի ռազմատենչ ու հայատյաց են դառնում... Հայ սպայի նկատմամբ իրագործված վայրենի սպանությունը եւս մեկ անգամ վկայում է, որ գործ ունենք բոլորովին այլ խառնվածք ունեցող եւ միանգամայն օտար արժեքներ դավանող ժողովրդի եւ պետության հետ», - գնահատում է Տիգրան Թորոսյանը:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանն այսօր համադրում է. - «Մինչ հայրենի մտավորականությունը բողոքի զանգվածային ակցիա է նախաձեռնել՝ ի լուր աշխարհի դատապարտելու 16 տարի առաջ Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը եւ բացառելու Ղարաբաղը որեւէ կարգավիճակով Ադրբեջանին վերաենթարկեցնելու անհեթեթ հեռանկարը, արմատականները, որքան էլ անըմբռնելի է, «ավտոնոմ» հանրահավաք են հրավիրել Գարեգին Նժդեհի հրապարակում՝ ի ցույց դնելով, որ հայրենի ընդդիմության եւ Ադրբեջանի ջուրը, ինչպես սովորաբար, նույն առվով է հոսում»: Մեկնաբանը նախանշում է նաեւ, թե այսօր Արամ Սարգսյանը, վստահաբար, հերթական վերջին անգամ «օկուպանտ ռեժիմին» վերջնագիր կներկայացնի՝ ավետելով, թե վերջին կոչի ժամանակը եկել է, եւ հաջորդ հանրահավաքը լինելու է գործողությունների հանրահավաք:

«Մենք ուզում ենք ապացուցել, որ անհատների ձերբակալությամբ անհնարին է կանգնեցնել ժողովրդական ցասման ալիքը եւ ապօրինի բռնություններով անհնարին է լեգիտիմ դառնալ», - «Առավոտ»-ի թղթակցին ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այսօրվա իրենց հանրահավաքի առիթը իշխանությունների վերջին քայլերն են։ - «Եթե մեզ բռնելու խնդիր ունեն, թող գան-բռնեն»։

«Հայկական ժամանակ» թերթն այսօր հրապարակել է 167 մարդ ընդգրկող մի ցուցակ՝ նշելով, թե այն տրամադրել են ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներ. - «Դա ոստիկանության մի քանի բաժինների աշխատանքային փատաթուղթ է, եւ այնտեղ ներառված են անձինք, ովքեր, ըստ ցուցակը կազմողների, առավել մեծ վտանգ են ներկայացնում իշխանությունների համար»: Ըստ թերթի, ներկայումս ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները «դոսյեներ» են կազմում այս անձանց վերաբերյալ եւ փորձում դրանում ներառել հնարավորինս լայն ինֆորմացիա ցուցակում ընդգրկվածների, նրանց ազգականների, մտերիմների վերաբերյալ. - «Դրանց հիման վրա կատարվում են վերլուծություններ, որոնց նպատակը ցուցակում ընդգրկված անձանց առավել կառավարելի դարձնելու մեխանիզմների մշակումն է»: Նշվում է նաեւ, թե սա իշխանության համար վտանգ ներկայացնող անձանց առաջին ցուցակն է, կան եւ երկրորդ, երրորդ ցուցակներ, որոնք առաջիկայում կներկայացվեն:

Արտաշես Գեղամյանի հայտարարության կապակցությամբ, թե իր հեռախոսն ապօրինի գաղտնալսվել է ու դա արվել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, «Հայոց աշխարհ» թերթը առայժմ փոխանցում է գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Գուրգեն Ամբարյանի արձագանքը, թե «Արտաշես Գեղամյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությունների հիման վրա գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հանձնարարությամբ նյութեր են նախապատրաստվում գործի ընթացքը լուծելու համար»։ Իսկ Արտաշես Գեղամյանը, շարունակելով արտահայտվել այդ թեմայով, «Առավոտ»-ի թղթակցին մասնավորապես ասել է, թե «Ինտերտելեկոմ» ընկերությունը, որի հեռախոսահամարները իրենք գրանցել են որպես գաղտնալսող, ղեկավարում է ԼՂՀ անվտանգության ծառայության նախկին ղեկավար Աշոտ Խաչատրյանը, որին հետո էլ Սերժ Սարգսյանը աշխատանքի է հրավիրել Հայաստանի ազգային անվտանգության համակարգ:

Անդրադառնալով Մատենադարանի մոտ ուսանողների երեկվա հանրահավաքին, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը հեգնում է. - «Երիտասարդները հանրահավաքային բանախոս լինելու հաճույքը լիուլի վայելեցին: Մեկ ժամից ավելի նույն միտքը բարձրախոսով հնչեցրին տասնյակ ուսանողներ: Իհարկե, լավ է, որ մեր ուսանողները կազմակերպական բարձր հատկանիշեր ու բավարար համարձակություն ցուցաբերեցին բանակ չգնալու իրենց ցանկությունը արտահայտելու եւ փաստարկելու համար: Այլ հարց է, թե որքանով են այդ փաստարկները անժխտելի»: Նույն թերթում ձեւակերպվում է նաեւ, թե «հանպատրաստից միտինգային ու հրապարակային այլ գործողությունների մեջ ներքաշված երիտասարդները կարծես ծայրահեղությամ մեջ էին արդեն ընկնում, եւ դրա պատճառներից մեկն այն է, որ իշխանությունների դեմ հակաքարոզչության թեմա որոնող որոշ ընդդիմադիրներ ստվերային կամ բացահայտ մասնակցում էին երիտասարդության բողոքի ակցիաներին»:

«Իր քաղաքացիների ձայնը լսելու՝ իշխանությունների կարողությունն ամենեւին հավատ չի ներշնչում», - նշում է այսօր «Առավոտ» թերթը: - «Մտահոգություն կա, որ ուսանողների տարած հաղթանակը շատ շուտով կարող է պյուռոսյան դառնալ»: Շատ հավանական է համարվում, որ օրենքի սույն նախագիծը լույս աշխարհ է եկել այն նպատակով, որ դրա փոխարեն, մի փոքր ավելի ուշ, ընդունվի, ասենք, նախագիծ, որով նախատեսվում է զորակոչել 18 տարին լրացած բոլոր երիտասարդներին: «Եկեք սպասենք օրինագծի «լրամշակված» տարբերակին ու այն ժամանակ կտեսնեք, որ այն կընդունվի, եթե անգամ դուր չգա ոչ մեկին՝ բացառությամբ դրա հեղինակների: Ինչպես այսօր գործող բազմաթիվ օրենքներ», - կանխատեսում է «Առավոտ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG