Մատչելիության հղումներ

«Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողները այսօր Մատենադարանի մոտ տոնում էին իրենց հաղթանակը. երեկ կառավարությունը Ազգային ժողովից հետ էր կանչել օրինագիծը, որով մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողները զրկվում էին տարկետման իրավունքից: Ուսանողները նաեւ պահանջեցին կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հրաժարականը:

«Սա ձեր՝ ուսանողների հաղթանակն է, որի համար շնորհավորում եմ», - հարթակից դիմելով շուրջ երկու հազար հավաքվածներին, ասաց ուսանողներից մեկը: - «Այսօր այստեղ հավաքվելով, մենք ապացուցեցինք, որ ուսանողությունը ռեալ ուժ է, որ ուսանողությանը չի կարելի անտեսել, ինչպես փորձում էին անել մինչեւ հիմա»:

Այստեղ կրկին հնչեց երկրի նախագահից երաշխիքների պահանջը, որ նման օրինագիծ երբեւէ չի մտնի Ազգային ժողով: Նախագահի աշխատակազմից դեռեւս արձագանք չի ստացվել: Ուսանողները կասկածներ ունեն, որ որոշ ժամանակ անց օրինագիծը նորից խորհրդարան կբերվի, եւ զգոնության ու պայքարը մինչեւ վերջ հասցնելու կոչ արեցին: Հայտարարվեց, որ երկուշաբթի օրը այս նպատակով շարժվելու են դեպի Ազգային ժողով:

Հարթակից ելույթ ունեցող ուսանողները խնդրեցին չհրապարակել իրենց անունները: «Ցանկացած ուսանող այս կամ այն չափով կախված է բուհի ղեկավարությունից եւ բուհի ղեկավարությունը կարող է այս կամ այն ձեւով ճնշել, ազդել ուսանողի վրա նրա ուսումնական պրոցեսի ընթացքում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մեկը:

Ուսանողները պահանջեցին կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հրաժարականը՝ դժգոհելով օրինագծի կապակցությամբ վերջինիս կրավորական կեցվածքից:

«Նա [Երիցյանը] մեր չկայացած կրթության եւ գիտության նախարարն է», - ասաց ելույթ ունեցող ուսանողներից մեկը:

Ավելի ուշ Ազգային ժողովի եւ «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանեց իր կուսակցին: «Իսկ ինչո՞ւ այլ մարդկանց հրաժարականներ չեն պահանջում», - ասաց նա: - «Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:

Հարցին, թե ինչո՞ւ է Երիցյանը օրինագծի առնչությամբ լռություն պահպանում, Բաղդասարյանը պատասխանեց. - «Նախագիծը ներկայացրել է ոչ թե կրթության եւ գիտության նախարարությունը, այլ կառավարությունը՝ ի դեմս պաշտպանության նախարարության»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG