Մատչելիության հղումներ

Օրդուեյը «հիմարություն» է որակում Ղարաբաղյան հակամարտությունը պատերազմով լուծելու ցանկացած փորձ


Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում, անդրադառնալով ադրբեջանական կողմից պարբերաբար լսվող ռազմաշունչ կոչերին, ասաց, թե կողմերից ցանկացածը «հիմարություն արած կլինի», եթե փորձի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պատերազմի միջոցով լուծել:

«Այսօր պատերազմ վերսկսելու հավանականությունը չափազանց փոքր է», - շարունակեց Օրդուեյը: - «Ե'վ մենք, ե'ւ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] եռանախագահողները ամեն ինչ կանենք, որ դա տեղի չունենա, ու հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի»:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում թե' Ադրբեջանը եւ թե' Հայաստանը լրջորեն հայտարարել են, որ պատրաստ են պահպանել զինադադարը, ինչն այս տարիների ընթացքում ամենամեծ նվաճումն է եղել եւ բխում է երկու երկրների շահերից», - ասաց դեսպանը՝ ավելացնելով. - «Մենք էլ մեր հերթին ամեն ինչ կանենք, որպեսզի այն պահպանվի»:

Օրդուեյի խոսքերով, հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացումը, հարցի արդարացի լուծումը արագ գտնելը բխում է կողմերի շահերից:

«Ժամանակը, կարծում եմ, կողմերից ոչ մեկի օգտին չի աշխատում», - ասաց նա՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վճռականորեն են տրամադրված ակտիվացնելու Ադրբեջանում եւ Հայաստանում համապետական ընտրությունների անցկացման կապակցությամբ 2003 թվականին սառեցված բանակցային գործընթացը: Ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները հույս ունեն, որ մոտակա շաբաթների կամ ամիսների ընթացքում բանակցություններն իսկապես կաշխուժանան, եւ բանակցող կողմերի հետ կփորձեն գտնել ճանապարհներ, որոնց շուրջ հնարավոր կլինի համաձայնության գալ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մինչդեռ, այս ամիս ավելի վաղ Մոսկվա կատարած պաշտոնական այցից հետո հայտարարեց, թե խնդրի կարգավորման հարցում չի ուզում շտապել՝ նախընտրելով ավելի հանգիստ պայմաններում անդրադառնալ դրան, իսկ Հայաստանի պաշտպանության նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, թե Հայաստանն այդ հարցում պետք է սատարի «ճիշտ որոշում» կայացրած երիտասարդ նախագահին: Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ գոնե Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել, արդյո՞ք Ալիեւը չի փորձում բանակցային գործընթացները տնտեսական եւ ռազմական մրցակցության ոլորտ տեղափոխել՝ հաշվի առնելով նաեւ, որ Ադրբեջանը շարունակում է հերքել, թե Փարիզում եւ Քի Ուեսթում որոշակի համաձայնություն էր ձեռք բերվել, դեսպանը պատասխանեց, թե դա նշանակում է, որ «անհրաժեշտ է հնարավորինս շուտ լուծում գտնել, որովհետեւ քանի դեռ խնդիրը վերջնականապես չի կարգավորել կողմերը փորձելու են մեկը մյուսի նկատմամբ առավելություն գտնել»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG