Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Գառնի գյուղում ընդդիմության երեկվա հանդիպման հետքերով «Հայկական ժամանակ» թերթը խտացնում է. - «Ակնհայտ երեւում էր այն կատաղի ատելությունը, որ կա իշխանությունների նկատմամբ: Այդուհանդերձ, չնայած ժողովուրդը ծափահարում էր ընդդիմության ներկայացուցիչներին, բայց այլեւս չէր ընդունում որպես փրկիչների»: Լրագրողի դիտարկմանը, թե կարելի է արձանագրել, որ ժողովուրդն իր հույսն այլեւս դրել է միայն իր վրա, «Արդարություն» դաշինքի ղեկավարները արձագանքել են. - «Մեր ուզածն էլ հենց դա է: Այն պահին, երբ ժողովուրդը հույսը կդնի միայն իր ուժերի վրա եւ կհասկանա, որ ինքն է երկրի տերը, մեզ համար շատ ավելի հեշտ կլինի երկրում վերականգնել սահմանադրական տապալված կարգը»:

«Տեղին է ընդդիմության հասցեին հնչող ամեն մի քննադատություն», - շեշտում է այսօր «Այբ-Ֆե» թերթը: - «Հայաստանյան ընդդիմությունը չունի գաղափարապաշտ, վճռական, գործարքի չգնացող առաջնորդ»: Միեւնույն ժամանակ, իշխանությունը վերջին շրջանում այնպիսի քայլեր է անում, որով ուղղակիորեն հասարակությանը հանում է Ռոբերտ Քոչարյանի դեմ»՝ ճյուղ առ ճյուղ՝ ուսուցիչներին, թոշակառուներին, տրամվայից օգտվողներին, Երեւանի կենտրոնի բնակիչներին, ուսանողներին: «Կամ ինչ-որ լուրջ կենտրոններից ղեկավարվում է իշխանափոխության արհեստական, արագացված հասունացման գործընթացը, կամ իշխանությունն իսկապես այնքան անուղեղ ու անմեղսունակ է, որ առանց այն էլ իր համար անբարենպաստ այս ժամանակահատվածում բորբոքում է հասարակության կրքերը», - գրում է մեկնաբանը:

«Հեղափոխական հակումներ ունեցող ամենաարմատական տարրը՝ ուսանողությունը, ոտքի է կանգնել, եւ Անդրանիկ Մարգարյանի հորդորները՝ չքաղաքականացնել իրենց հուզող «բանակային» հիմնահարցը, արդեն իսկ ուշացած են», - առանձնացնում է «Իրավունք» թերթի մեկնաբանը՝ նաեւ գնահատելով, թե, ընդհանուր առմամբ, «ունենք բավականին շիկացած գարնանամուտ». - «Իրավիճակն ավելի ու ավելի է նմանվում 1997-ի վերջի, 1998-ի սկզբի դրությանը, երբ իրադարձությունների կտրուկ վայրիվերումները հանգեցրին նախագահափոխության»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, ներկայիս շարժումների վտանգի բուն էությունը հետեւյալն է. - «Քաղաքական ճգնաժամի ներկա փնտրտուքի հեղինակներն ընտրել են արհեստական քայլերի միջոցով երկրի բարձրագույն ղեկավարությանը «քաղաքական մերձամարտի» հրավիրելով՝ ներքաղաքական կացությունը սրելու այնպիսի մարտավարություն, որի հետեւանքով նրանց անգամ ամենախայտառակ պարտությունը, ի վերջո, ճանապարհ է բացում որոշակի ճգնաժամի համար»: «Հայոց աշխարհ»-ում շեշտվում է. - «Ընդդիմության մարտավարությունը գալիք ամիսների ընթացքում իսկապես կարող է որոշ պրոբլեմներ ստեղծել ներքաղաքական կյանքում, եթե իշխանության բուրգի եւ ընդդիմության միջեւ առկա «կոնտակտային դաշտը» չզբաղեցնեն եւ պայքարի իրենց ճակատին տեր կանգնելով՝ այն քաղաքական հարթություն չտեղափոխեն իշխանությանն աջակցող քաղաքական ուժերը՝ ի դեմս կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների»: Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույն թերթում, իր հերթին, ասում է. - «Ընդդիմությունը իրականում կորցնում է իր դիրքերը քաղաքական դաշտում: Որքան իրենք ծայրահեղանում են, այնքան հրատապ է դառնում իսկապես կառուցողական ընդդիմության անհրաժեշտությունը: Կարծում եմ, որ կգտնվեն քաղաքական ուժեր, որոնք աստիճանաբար կլրացնեն այդ դաշտը»:

«Երկիր» թերթի մեկնաբանն այսօր վրդովվում է՝ «Զինապարտության մասին» օրինագիծը, նախաձեռնությունը մնացել է գրեթե անտեր: Հայտնվել են միայն դեմ արտահայտվողները: Տարօրինակ չէր լինի, թերեւս, նման երեւույթը, եթե դրա դեմ չխոսեին նաեւ կոալիցիոն կառավարության մաս կազմող որոշ գործիչներ. - «Վերջին օրերին իշխանական մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների համար էլ ամեն ինչ ամփոփվում էր «ես ամմեղ եմ, ուրիշներն են մեղավոր» բանաձեւումով»:

«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, «Զինապարտության մասին» օրինագծի շուրջ զարգացումներից մի կողմ քաշվելու համար երեկ կառավարությունում ուղիղ կես ժամ իր հասցեին մեղադրանքներ լսելուց հետո, նախարար Սերգո Երիցյանն այդպես էլ չի բարձրացրել գլուխը եւ որեւէ բառ չի արտաբերել: Այդուհանդերձ, «Օրինաց երկիր»-ում իրենց նախարարի պահվածքը գնահատում են խիստ դրական. - «Շատ էլ լավ է արել, որ ծպտուն չի հանել: Մենք չենք մտնի նման օրենքի պատասխանատվության տակ»: Սա զետեղված է «Սերգոն լավ չի ապրում» վերնագրի ներքո: Այս որակումը, սակայն, մամուլում, ինչպես միշտ, միանշանակ չէ. «Այբ-Ֆե» թերթում, օրինակ, այսօր էլ կա ««Սերգո ջան»-ը արդեն լավ է ապրում» վերնագիր՝ հետեւյալ փաթեթավորմամբ. - «Մինչ նախարար դառնալը, Սերգո Երիցյանը դեմ էր կրթական ոլորտում իրականացվող օպտիմալացման ծրագրին: Սակայն, տեղ գրավելով կոալիցիոն կառավարությունում, ջանասիրաբար շարունակեց հազարավոր ուսուցիչների գործազրկման գործընթացը: Այսչափ հեշտությամբ հայաստանյան քաղաքական գործիչները հրաժարվում են իրենց նախընտրական խոստումներից, ինչի արդյունքում ժողովուրդը միշտ էլ տուժում է, իսկ «սերգոները» շահում են»:

«Ընդդիմության խոստացած «թեժ գարունը» փոքր-ինչ սառեցնելու նպատակով կառավարությունը պատրաստվում է ԱԺ ներկայացնել օրինագիծ՝ «Ժողովների, հանրահավաքների, երթերի կարգի» մասին», - անդրադառնում է «Առավոտ» թերթը՝ առանձնացնելով. - «Այստեղ ամենակարեւոր կետերից մեկն այն է, որ հստակեցվում է զանգվածային ակցիաների կազմակերպիչների խնդիրը։ Պարզ է, որ մեծ է ցանկությունը՝ պատժելու զանգվածային միջոցառումները կազմակերպող ընդդիմության առաջնորդներին։ Նրանք պետք է ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր տեղյակ պահեն համայնքի ղեկավարին կազմակերպվող հանրահավաքի մասին՝ նշելով իրենց անուններն ու հասցեները։ Հավանաբար, որպեսզի հեշտ լինի նրանց հայտնաբերել ու ձերբակալել։ Իսկ ձերբակալության առիթ միշտ էլ կգտնվի, քանի որ ակնհայտ է, որ ընդդիմության ոչ մի հանրահավաք արտոնված չի լինի», - նախանշում է «Առավոտ»-ը։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG