Մատչելիության հղումներ

Կառավարությունը հետ է կանչում «Զինապարտության մասին» նոր օրենքի նախագիծը


Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովից հետ է կանչել ուսանողության շրջանում մեծ դժգոհություն առաջացրած «Զինապարտության մասին» նոր օրենքի նախագիծը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, երկրի նախագահի հետ խորհրդակցելուց հետո, համապատասխան գրություն է ուղարկել Ազգային ժողով:

Այսօր կայացած կառավարության նիստում վարչապետը իր դժոգոհություն է հայտնել կառավարության անդամներին հիշյալ օրենքի նախագիծը ժամանակին եւ պատշաճ կարգով հասարակությանը չներկայացնելու, լայն լսումներ եւ քննարկումներ չձեռնարկելու համար: Ըստ վարչապետի, դա հնարավորություն կտար մինչեւ նախագիծը Ազգային ժողով ուղարկելը լսել շահագրգիռ ոլորտների ներկայացուցիչների առաջարկություններն ու մտահոգությունները:

Անհասկանալի եւ անընդունելի է դիտվել հատկապես կրթության եւ գիտության նախարարության ինքնամեկուսացված կեցվածքը , ուսանողության հետ շփումներից խուսափելը իր որորտի քաղաքականությանը վերաբերող հարցի քննարկումների ժամանակ:

Կառավարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ, խնդրի կապակցությամբ քննարկումներ կկազմակերպվեն կրթության նախարարության ներկայացուցիչների, բուհերի ղեկավարների եւ ուսանողների մասնակցությամբ՝ փոխընդունելի լուծում գտնելու նպատակով:

Օրինագծի դեմ բողոքող ուսանողները, ողջունելով հանդերձ վարչապետի այս քայլը, պահանջում են երաշխիքներ, որ օրինագիծը նույն տեսքով չի վերադառնա Ազգային ժողով:

«Մենք ուզում ենք ստանալ վերջնական հավաստիացում, որ կոալիցիոն ուժերը, որոնք այսօր գլխավորում են կառավարությունը, նման նախաձեռնություն այլեւս հանդես չեն բերելու նման տեսքով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից Արամ Անանյանը՝ ավելացնելով, որ երաշխիքը իրենք պահանջելու են երկրի նախագահից:

Անանյանը ասաց նաեւ, որ իրենք, այնուամենայնիվ, վաղը անցկացնելու են ծրագրված հանրահավաքը:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG