Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը զեկույցից հանում է «գրավյալ տարածքների» վերադարձի մասին կետը


Հինգշաբթի օրը Բրյուսելում Եվրախորհրդարանը, լիագումար նիստում ընդունելով շվեդ պատգամավոր Պեր Գարթոնի պատրաստած «Եվրամիության քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ» զեկույցը, դրանից հանեց առաջարկը, ըստ որի «գրավյալ տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման դիմաց Ադրբեջանը կբացեր հաղորդակցության ուղիները՝ վերացնելով Հայաստանի տնտեսական շրջափակումը:

Նշված առաջարկը, որը խիստ քննադատվել էր Հայաստանում, զեկույցի վերջնական տարբերակից հանվել է Եվրախորհրդարանում մեծամասնություն կազմող Եվրոպական ժողովրդական (քրիստոնեա-ժողովրդավարական) եւ Եվրոպական սոցիալիստներ կուսակցությունների աջակցությամբ:

«Իր այդ որոշմամբ Եվրամիությունը եւս մեկ անգամ հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի որոշում ընդունելուց եւ հիմնահարցում ավելորդ բարդություններ ստեղծելուց», - ասված է Հայաստանի արտգործնախարարության այսօր իսկ տարածած հայտարարության մեջ:

Եվրոպական հայկական դաշնության ատենապետուհի Հիլդա Չոբոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ոչ հայանպաստ պարբերությունը զեկույցից հաջողվել է հանել իրենց ակտիվ լոբբինգի արդյունքում: Իրենք ներկայացրել էին 13 առաջարկ, որոնցից 11-ը ընդունվել է:

«Դա համարվում է հաջողություն», - ասաց Չոբոյանը: - «Նախնական վիճակով այս զեկույցը բավական ադրբեջանամետ զեկույց էր: Կարողացանք այն սրբագրել տալ ու զեկույցը շատ ավելի հավասարակշռված դարձնել»:

Եվրախորհրդարանը նաեւ վերահաստատել է Ցեղասպանությունն ընդունելու մասին իր 1987 թվականի որոշումը՝ կոչ անելով Թուրքիայի եւ Հայաստանին «բարիդրացիական հարաբերություններ հաստատել»:

«Կոչ կա Թուրքիային, որ վերացնի Հայաստանի շրջափակումը: Կետ կա նաեւ Ադրբեջանի կողմից շրջափակումը վերացնելու մասին», - ասաց Հիլդա Չոբոյանը:

Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Թուրքիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Աբդուլլա Գյուլը, մինչդեռ, այսօր Մոսկվայում հայտարարել է, որ իր երկիրը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը շարունակում է կապել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշման հետ:

«Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման ճանապարհին Հայաստանի կողմից վճռական քայլերը պայմաններ կստեղծեն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար», - ասել է Գյուլը՝ ավելացնելով, որ իր երկիրը հանդես է գալիս Անդրկովկասի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին:

Թուրքիայի արտգործնախախարը ասել է նաեւ, որ Ռուսաստանն ու Թուրքիան «պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ»:


Հրաչ Մելքումյան, Պրահա եւ Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG