Մատչելիության հղումներ

Բուդապեշտում սպանված հայ սպայի աճյունը բերվել է Երեւան


Հինգշաբթի օրը Երեւան է բերվել անցած շաբաթ Հունգարիայի մայրաքաղաքում արդբեջանցու կողմի դաժանաբար սպանված հայ սպայի՝ լեյտենանտ Գուրգեր Մարգարյանի աճյունը:

«Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցավ պաշտոնական սքո արարողություն՝ Մարգարյանի զինակից ընկերների, ազգականների, պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ: Մարգարյանի հուղարկավորությւոնը տեղի կունենա շաբաթ օրը Եռաբլուրում:

26-ամյա հայ սպան գազանաբար սպանվել էր անցած շաբաթ Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին իր հետ միասին մասնակցող ադրբեջանցի սպայի կողմից: Վերջինս ձերբակալված է եւ կդատվի Հունգարիայում:

Սպանության պատճառները դեռեւս հստակ չեն: Հայաստանը հայտարարել է, թե «հանցագործությունը տրամաբանական հետեւանքն է Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ ի վեր սանձազերծված հակահայկական հիստերիայի եւ վերջին ամիսների ռազմատենչ քարոզչության, որով հետեւողականորեն վարակվում է ադրբեջանական ողջ հասարակությունը»:

Ադրբեջանակն կողմը, հերքելով այդ մեղադրանքները, պնդում է, թե սպանված հայ զինվորականը «պարբերաբար վիրավորել է Սաֆարովի պատիվն ու արժանապատվությունը»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այդ հայտարարությունը հինգշաբթի օրը «վիրավորական» է որակել ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, դեսպան Ջիվան Թաբիբյանը:

«Ո’չ ոստիկանության զեկույցներում, ո’չ էլ վկաների եւ դասընթացին մասնակցող այլ ուսանողների հայտարարություններում, չկա մարդասպանի եւ զոհի միջեւ ենթադրելի որեւէ թշնամական բառափոխանակման կամ բանավեճի որեւէ հիշատակում», - ասել է դեսպանը: - «Մենք հուսահատեցնող ենք գտնում այն, որ այս ստոր գործողությունը կատարած մարդը հենց մեր աչքերի առաջ վերափոխվել է հերոսի, որին վստահում են նման դատապարտելի ձեւով պաշտպանել հիշողությունը եւ ուղղել սխալները»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG