Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Կրկին», «Սկսվեց հետապնդումների նոր ալիք Հայաստանում» վերնագրերի տակ «Հայկական ժամանակ» թերթը ուրվագծում է. - «Ուղիղ մեկ տարի առաջ նախագահական ընտրությունների կապակցությամբ կազմակերպված խաղաղ երթերի եւ հանրահավաքների հարյուրավոր մասնակիցների իշխանությունները տեղավորել էին մեկուսարաններում: Երեկ էլ հանրապետության ողջ տարածքում ոստիկանության բաժիններ են հրավիրվել ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստներ, որոնց հետ ոստիկանության աշխատակիցները բացատրական աշխատանքներ են տարել, իսկ «Հանրապետություն» կուսակցության մի քանի անդամներ ձերբակալվել են: ՀՀ ոստիկանությունն իր գործողությունները փորձում է ներկայացնել որպես հանցավորության դեմ պայքարի դրոշի ներքո իրականացվող գործողություն: Խնդրի նման ձեւակերպումը, սակայն, հավատ չի ներշնչում: Ոստիկանությունում մեզ չկարողացան բացատրել, թե ինչու են ընդդիմության` զենք ունենալու մեջ չկասկածվող գործիչները հրավիրվում ոստիկանություն», - ընդգծում է «Հայկական ժամանակ»-ը:

«Պատերազմ» խորագրով եւ «Մարտահրավերն ընդունված է. վերանայվում է հեղափոխության ժամանակացույցը» խտացնող վերնագրով է «Հայոց աշխարհ» թերթը հեգնական մատուցում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների մեկնաբանությունները երեկվա ձերբակալությունների կապակցությամբ: Իսկ թե ինչ է տեղի ունենում իրականում՝ «Հայոց աշխարհ»-ը միանշանակ մատնացույց է անում ոստիկանության տարածած հաղորդագրությունը:

«Ինչո՞ւ են իրավապահներին որպես «զրուցակիցներ» հարմար գալիս հենց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները», - իր այս հարցադրմանը «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը կցել է. - «Արդեն մի քանի ամիս է՝ արմատական «Հանրապետություն»-ը անոնս է տալիս իր ծավալելիք ինչ-որ սուր, կտրուկ գործողությունների մասին: Քանի որ հենց ընդդիմադիրների տարբերակմամբ, ճանապարհները երկուսն են՝ կամ սահմանադրական, կամ հեղափոխական, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ գործողությունների է պատրաստվում «Հանրապետություն»-ը»: «Այլ եզրահանգում, քան այն, որ արմատականները բռնի իշխանափոխության են պատրաստվում, պարզապես չի մնում», - բխեցնում է մեկնաբանը: - «Երկրապահներին իշխանափոխության «գործողությունների» մեջ որպես գործիք ներառելու մտադրությունից էլ, ինչպես երեւում է, նրանք չեն հրաժարվել»:

«Պաշտպանության նախարարը՝ «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը քննարկելու համար հրավիրում է հատուկ ընտրված երիտասարդներին՝ իշխանամետ «բազեներին», ՀՀԿ «կոմսոմոլներին»: Բայց չի հանդիպում դասադուլ անող ԵՊՀ ուսանողների հետ, որոնք նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ մեր երեխաները: Դա հակառակ կարծիքը արհամարհելու դասական օրինակ է», - անդրադառնում է այսօր «Առավոտ» թերթի խմբագիրը: - «Բոլոր ժամանակների իշխանավորները, որպես կանոն, ցանկանում են լսել միայն այնպիսի մարդկանց, որոնք պատեհ-անպատեհ առիթով բացականչում են. «Ո՜վ, մեծն արքա, ո՜վ, քաջարի սպարապետ, որքա՜ն հանճարեղ է քո մտահղացումը»: Այդպես ղեկավարելն ավելի հեշտ է թվում: Թե որքանով է դա արդյունավետ՝ այլ հարց է: Եթե մարդը քո նման չի մտածում, ապա պարտադիր չէ, որ նա լինի թշնամի, հիմար կամ ծախված՝ նրա մտահոգությունը կարող է նույնքան անկեղծ լինել, որքան քոնը»: «Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, «Զինապարտության մասին» օրինագծի շուրջ խորհրդարանում տրամադրությունները, անգամ կոալիցիայի ներսում, բավականին հակասական են. - «Պատգամավորներից շատերն էլ զարմանում են, թե ինչու այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը համառորեն չի հայտնում կրթության եւ գիտության նախարարը, որը պարտավոր էր հանդիպել դասադուլ հայտարարած ուսանողների հետ։ Երբ կառավարության նիստում քննարկվել է «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը, Սերգո Երիցյանը, որպես գիտության եւ կրթության նախարար, հայտարարել է, թե ինքը որեւէ դիտողություն եւ առաջարկություն չունի»։ «Օրինաց երկիր»-ի պատգամավորներից մեկն ասել է. - «Մեզ ուսուցիչների օպտիմալացումն էլ, որ կոտրեցին «Օրինաց երկրի» վրա՝ հերիք է։ Մենք որեւէ ցանկություն չունենք հիմա էլ մեր դեմ հանելու ուսանողներին։ Ով ներկայացրել է նախագիծը, նա էլ թող կրի պատասխանատվությունը՝ դրա ողջ հետեւանքներով»։«Խորհրդարանի դաշնակցական եւ հանրապետական ներկայացուցիչներն այն կարծիքին են, որ եթե, միեւնույն է, ուսանողների բարձրացրած աղմուկից խուսափել հնարավոր չէ, ճիշտ կլինի օրենքում համապատասխան փոփոխություն կատարել եւ բանակ զորակոչել 18 տարին լրացածներին: «Միեւնույն է, աղմուկի եւ բողոքի չափը դրանից առանձնապես չի փոխվելու», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Շատ ավելի նախընտրելի է հետաձգել, ուշացնել անհատի մտավոր զարգացման ընթացքը, քան այն ընդհատել», - «Հայոց աշխարհ» թերթում ասում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի
փոխնախագահ Ռուբեն Հովսեփյանը: - «Ամենաճիշտը 18 տարեկանում բոլորին զորակոչելն է»: Ըստ Հովսեփյանի, ներկայիս օրինագծի թերություններից գլխավորը այն է, որ այս ընդհատումից բանակը ոչինչ չի շահելու, իսկ երկիրը կարող է էական վնաս կրել: «Եթե ընդունելու լինենք այս օրինագծի հիմքում կառավարության դրած մոտեցումը, որը կարելի է բանաձեւել՝ «ամեն ինչ բանակի համար» արտահայտությամբ, ապա իրոք ամեն ինչ անթերի է արված: Բայց», - ընդգծում է Ռուբեն Հովսեփյանը, - «բարեբախտաբար մեր երկիրը այդ օրերը չի ապրում հիմա, որքան էլ որ մեր հարեւանը հանդես է գալիս ռազմատենչ կեցվածքով: Ուրեմն «Զինապարտության մասին» օրենքի հիմքում պետք է այլ կոնցեպցիա, այլ մոտեցումներ լինեն: Բանակը պետության թեեւ շատ կարեւոր, բայց այնուամենայնիվ, մեկ հատվածն է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG